Մատչելիության հղումներ

Հայաստանը մտահոգություն է արտահայտում Եվրամիության հայտարարության կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է արտահայտել Եվրամիության անդամ երկրների՝ ուրբաթ օրը տարածած հայտարարության կապակցությամբ, որով այդ կառույցը անօրինական է համարել Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ այն «անհարիր» համարելով «ժողովրդավարության հաստատման եվրոպական արժեքների ջատագով կազմակերպության համար»:

Եվրամիության հայտարարության մեջ նաեւ նշված էր, որ այդ կառույցը «վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը՝ այդ կապակցությամբ արած հայտարարության մեջ, նշելով, որ ԼՂՀ բոլոր մակարդակների ընտրությունների վերաբերյալ նման արձագանքներ եղել են եւ դրանք, ըստ էության, անակնկալ չեն Հայաստանի համար, այդուհանդերձ մտահոգիչ է համարում հանգամանքը, որ նման «հայտարարություններն արվում են առանց բանակցային գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելու, ինչով իսկ ավելորդ կերպով բարդացնում են բազմամյա հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը»:

Դրական է գնահատվում, որ Եվրամիության հայտարարության մեջ շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի կողմերի համաձայնությամբ, եւ որ «այդ ընտրությունները չեն կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ խաղաղ գործընթացի վրա»:

«Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այլընտրանք ընտրություններին՝ որպես հասարակական կյանքի կազմակերպման միակ ժողովրդավարական ձեւի, չկա’, եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լիովին իրավասու է, առանց որեւէ արտաքին կողմի դրական կամ բացասական գնահատականի, կատարելու իր լիարժեք կենսագործունեության եւ, ի վերջո, բանակցային գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար կենսական այս քայլը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարության մեջ: - «Հայաստանի Հանրապետությունը, անկախ միայն քաղաքական դրդապատճառներից բխող այս եւ նման հայտարություններից, ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրություններ անցկացնելու եւ դրանով ժողովրդավարական հասարակություն ստեղծելու անհողդողդ կամքը»:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG