Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձագանքելով Եվրամիության անդամ պետությունների հայտարարությանը, ուր ասված է, թե Եվրամիությունը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «Ազգ»-ը գրում է. - «Առաջին անգամը չէ, որ Եվրամիությունը ԼՂՀ հարցում հանդես է բերում երկակի մոտեցումներ։ Ըստ երեւույթին Արեւմուտքում ժողովրդավարությունը մի քանի տեսակ է լինում, եւ բոլոր տեսակներն էլ պետք է լինեն իրենց կամքին ու քիմքին համաձայն։ Այս ամբողջը ապացուցում է, որ շատ ճիշտ է ԼՂՀ իշխանությունների ընտրած ուղին՝ միայն ժողովրդավական ընտրություններով կա Ղարաբաղի անկախություն»:

«Կարեւորն այն է, որ օգոստոսի 11-ին ԼՂՀ -ում կայանալիք նախագահական ընտրությունները լինեն ազատ, արդար եւ անխոցելի՝ անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի նախագահ», - «Երկիր» շաբաթաթերթում ընդգծում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Գոլոս Արմենիի»-ին փոխանցում է ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքը, որն այս օրերին գտնվում էր Ղարաբաղում. - «Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումներում առաջիկայում զուր է սպասել արմատական փոփոխությունների, քանի որ կողմերի դիրքորոշումները բավականին հստակ են», - ասել է Զատուլինը: - «Բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների ներկայիս հիմնական խնդիրը պետք է լինի ստատուս քվոյի պահպանումը: Այսինքն՝ պետք է խաղաղությունը պահպանվի, եւ բոլոր առաջարկները պետք է քննարկվեն բանակցային սեղանի շուրջ»: Թերթի մատուցմամբ, Կոնստանտին Զատուլինը դա առանձնապես ընդգծել է՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները: «Մենք դա կտրականապես դատապարտում ենք եւ գտնում, որ հակամարտությունը նման ձեւով լուծելու փորձերի եւ անգամ այդ մասին խոսակցությունների դեմ Ռուսաստանը պարտավոր է հանդես գալ», - «Գոլոս Արմենիի»-ում շեշտադրում է Կոնստանտին Զատուլինը:

Նույն թերթում բերված են նաեւ ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մեկնաբանությունները: «Ստատուս քվոն պահպանվել է, որովհետեւ մեծ եւ լուրջ ուժ տարածաշրջան չի մտել», - ասել է Անդրանիկ Միհրանյանը՝ նշելով հանդերձ. - «Տարածաշրջան մուտք գործելու շատ լուրջ փորձ է կատարում այսօր ԱՄՆ-ը: Ադրբեջանի եւ Վրաստանի փոփոխությունները, ամերիկացիների ակտիվությունը հետխորհրդային տարածքում սպառնում են մեր տարածաշրջանում փոփոխել ուժերի հավասարակշռությունը... Հավանականություն կա, որ խնդրի լուծումը զգալի չափով Մոսկվայից կարող է տեղափոխվել Վաշինգտոն, եւ այդ դեպքում մենք չենք կարող համոզված ասել, թե Վաշինգտոնը ո՞ւմ շահերին համապատասխան բանաձեւ կպարտադրի»: Միհրանյանը չի բացառում, որ Ղարս - Գյումրի երկաթգիծը բացելու ԱՄՆ-ի ջանքերը նաեւ տարածաշրջան մուտք գործելու եւ Իրանի նկատմամբ լուրջ դիրքորոշում ստանալու նպատակ է հետապնդում: Թերթը ընդգծված մեջբերում է Միհրանյանի խոսքերը. - «Հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի, Ռուսաստանի եւ Իրանի ավանդական հարաբերությունները, դա տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի: Դրա համար ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ը կարող է իրեն գերուժ զգալ եւ խնդիրը կարգավորելու համար միակողմանի ինչ-որ սխեմա կազմել, որը ոչ միայն պարզապես կառաջարկվի, այլեւ կպարտադրվի»:

«Երկիր» շաբաթաթերթի ձեւակերպմամբ, «Armenia Week» ինտերնետային շաբաթաթերթն այսօր պառակտված է։ «Այն կազմակերպությունը, որը հրատարակում էր «Armenia Week» ինտերնետային շաբաթաթերթը, նախատեսել էր գլխավոր խմբագրի պաշտոն, որը պետք է ստանձներ Սալբի Ղազարյանը, որը նաեւ աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում», - գրում է «Երկիր»-ը՝ մեջբերելով մի հատված նորաբաց «Armenia Now» ինտերնետային շաբաթաթերթից. - «Համարելով, որ խմբագիրը կարող է ազդել մեր հրապարակումների օբյեկտիվության վրա, մեզ համար աննպատակահարմար չէ միասին շարունակել աշխատանքը», - ասված է շաբաթաթերթի առաջին խմբագրականում, որի հեղինակներն են Թոնի Հալփինը եւ Ջոն Հյուգզը։ Սալբի Ղազարյանը այս իրադարձության կապակցությամբ «Երկիր»-ում ասում է, որ հարցը քաղաքականացնելու եւ ոչ ճիշտ մեկնաբանելու դիրքորոշումն իր համար թերեւս տարօրինակ է, քանզի խոսքը վերաբերում է ոչ թե վերահսկելուն, գրաքննություն սահմանելուն. պարզապես, հայաստանյան իրադարձություններին ավելի տեղեկացված լինելը կարող էր նպաստել հրապարակումների բազմակողմանի անդրադարձին: «Իմ հրապարակումներին քիչ թե շատ ծանոթ մարդը չէր մտածի, որ ես կարող եմ մտադիր լինել ներկայացնել իշխանության տեսակետը, քանզի դրանցում միշտ առկա է օբյեկտիվ քննադատություն», - նշում է Սալբի Ղազարյանը՝ չմեկնաբանելով, թե այս տարանջատումը քաղաքակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, մասնագիտական դիրքորոշման արդյունք է։

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասելով, որ բաշխիչ ցանցերի ձեռքբերման հարցում որոշ ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշում է. - «Ընդ որում՝ դրանք եւ' նախկինում մասնավորեցման փորձին մասնակցած ընկերություններն են, որոնք նախորդ անգամ որակավորման փուլն անցել էին, եւ' նոր ընկերություններ»: Նրա խոսքերով, բոլոր հիմնական փաստաթղթերն արդեն պատրաստ են եւ դրանք ընդամենը մեկ անգամ եւս սրբագրելու խնդիր կա, որն արագ լուծելի է. «Նախատեսում ենք, որ օգոստոսի վերջին բաշխիչ ցանցերի մասնավորեցման մրցույթի արդյունքները պետք է արդեն հայտնի լինեն»: Հստակեցնելով մասնավորեցման ժամկետները, էներգետիկայի նախարարը ակնկալվող ներդրումների մասին ասում է. - «Ճիշտ չէր լինի ներդրման կոնկրետ թիվ սահմանել: Առաջադրված են հստակ պահանջներ: Դրանց ապահովումն է կարեւորվում, իսկ թե գնորդն ինչ ծավալի ներդրումներով դա կկարողանա կատարել, արդեն ինքը պետք է որոշի»: Նկատելով, որ ԲԷՑ-երի գրավչության մեծացման ուղղությամբ բավական անսպասելի քայլեր են ձեռնարկվել հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում, «Երկիր»-ը եզրահանգում է. - «Կարելի է ենթադրել, որ կառավարությունն արդեն գտել է ԲԷՑ-երի պոտենցիալ գնորդին»։

ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույցի շնորհանդեսին ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը անդրադարձել է նաեւ Հայաստանի հրատապ խնդիրներին: Ըստ «Ազգ» օրաթերթի, ԵԱՀԿ ներկայացուցիչն առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցների ազատության եւ անկախության հարցը։ «Սա մեզ համար ամենաէական խնդիրներից մեկն է այստեղ՝ հատկապես նկատի ունենալով, որ երկիրը երեք ընտրությունների եւ սահմանադրական բարեփոխումների շեմին է։ Այնպես որ մենք միջազգային մի շարք գործընկերների հետ աշխատում ենք ԶԼՄ-ների մասին նոր օրենքի մշակման ուղղությամբ։ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործող օրենքն էլ բարեփոխումների կարիք ունի», - ասել է դեսպանը: «Ազգ»-ի մատուցմամբ, մյուս ամենակարեւոր հիմնահարցը, որին անդրադարձել է Ռոյ Ռիվը, բանակի թափանցիկ լինելու խնդիրն է. «Բանակային համակարգը պիտի ավելի բաց լինի։ Մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG