Մատչելիության հղումներ

Նախագահը վավերացրել է Նոր ընտրական օրենսգիրքը


Նախագահ Քոչարյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի կողմից հուլիսի 3-ին բուռն քննարկումներից հետո ընդունված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի պաշտոնապես ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ օրը պետք է լուծարվի գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու ձեւավորվի նորը:

Նոր օրենսգրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանի ներկա կազմի պայմաններում կունենա 9 անդամ, որոնցից 3-ին կնշանակի հանրապետության նախագահը, եւ մեկական անդամ կունենան ԱԺ-ում խմբակցություն ունեցող 6 կուսակցությունները:

Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺՄ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները կմնան անփոփոխ: Ամենայն հավանականությամբ չի փոխվի նաեւ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը, իսկ «Միասնություն» դաշինքը ներկայացնող Աշոտ Սարգսյանը, որին ժամանակին ՀԺԿ-ն էր առաջարկել, կփոխարինվի Հանրապետական կուսակցության ներկայացուցչով:

Առայժմ հայտնի չէ, թե ԿՀԸ-ում հանրապետության նախագահի կողմից նշանակած անդամաներն ովքեր են լինելու: Սակայն կարծիքներ կան, որ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը ու նրա տեղակալ Վահան Ասլանյանը կմնան անփոփոխ:

Խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի մեկնաբանությամբ, Ընտրական օրենսգիրքն, իհարկե, դրական փոփոխությունների ենթարկվել է, որոշ սկզբունքային հարցերում, սակայն, որոշակի նահանջ այնուամենայնիվ եղել է:

Քաղաքական կուսակցությունների մի մասի համար անընդունելի է այն հանգամանքը, որ խախտվել է համամասնական եւ մեծամասնական ձայների հարցում դեռ 2000 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի 2003 թվականի հունվարի 1-ից պիտի ուժի մեջ մտներ պատգամավորական տեղերի 94 համասնական եւ 37 մեծամասնական հարաբերակցությունը: Սակայն Հանրապետական կուսակցությունը մեծամասնականով անցած պատգամավորների հետ համաձայնության գալով, անցկացրեց 75 համամասնական եւ 56 մեծամասնական հարաբերակցության տարբերակը:

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանի մեկնաբանությամբ, ձեռք բերված համաձայնությունը խախտվեց երկու պատճառով: Նախ՝ մեծամասնականով ընտրված պատգամավորները նույն ընտրակարգով ընտրվելու մեծ ցանկություն ունեին: Եվ երկրորդ, Հանրապետական կուսակցությունը, չնայած իշխանությունում ունեցած որոշակի լծակների, այնուամենայնիվ համապատասխան վարկանիշ չունի, որպեսզի վստահ լինի, թե առաջիկա ընտրություններին ցանկալիին համապատասխան ձայներ կհավաքի:

«Կարծում եմ, տրամաբանությունը հետեւյալն էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղվան Վարդանյանը. - «որքան մեծամասնական տեղերը շատ լինեն, այնքան մեծամասնականների հաշվին նաեւ Հանրապետական կուսակցությունը կկարողանա համամասնականով ձայներ ապահովել»:

Թեեւ ներկայիս 75 համամասնական եւ 56 մեծամասնական հարաբերակցությունը փոքր, բայց առաջընթաց է, այդուհանդերձ Աղվան Վարդանյանը այստեղ եւս վտանգներ տեսնում է. - «56 տեղ փաստորեն մնում է մեծամասնական ընտրակարգով, իսկ մենք գիտենք, թե մեծամասնական ընտրակարգով այսօր Հայաստանում ինչպես են ընտրվում: Այստեղ վիթխարի նշանակություն ունեն դրամը, լծակները, թաղային հեղինակությունները»:

Աղվան Վարդանյանը դրական քայլ է համարում ընտրական հանձնաժողովների երկաստիճան համակարգը եռաստիճանով փոխարինելը. նոր օրենսգրքով կլինեն կենտրոնական, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Դրական է նաեւ, որ ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորականներն այլեւս չեն մասնակցելու մեծամասնական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Այդուհանդերձ, Աղվան Վարդանյանի կարծիքով, պետք է ուժերը լարել, որպեսզի հաջորդ խորհրդարանում քաղաքական ուժերը որակական մեծամասնություն կազմեն: Նրա կարծիքով, պետք է նաեւ օրենսդրորեն ամրագրվի, որպեսզի «որեւէ գումարման ազգային ժողով կարողանա ընտրական օրենսգրքին ձեռք տալ միայն իր առաջին երկու տարիների գործունեության ընթացքում»: «Այլապես, որքան մոտենում են ընտրությունները, այնքան կոնյուկտուրային շահերը, իրավիճակները թելադրում են այլ մոտեցումներ եւ սկզբունքային համաձայնությունները խախտվում են», - ասաց նա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG