Մատչելիության հղումներ

Գարեգին Բ կաթողիկոսը նամակ է հղել Իսրայելի վարչապետին





Իսրայելի կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքարանին պատկանող «Պարոն Տեր» կալվածքի զավթման կապակցությամբ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին նամակ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Եկեղեցապատկան հողերի զավթման առիթով հայտարարությամբ արդեն հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ պահանջելով, որ իսրայելական բանակը «ետ քաշվի Երուսաղեմի հայ Պատրիարքությանը պատկանող կալվածքներից ու սրբավայրից»:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդարությունը նշում է, որ «Վեհափառ Հայրապետը հատուկ նամակ է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին, կոչ ուղղելով Իսրայելի կառավարությանը ընդառաջ Պատրիարքարանի հայցին ընդունելի լուծում գտնել միջազգային հնչեղություն ստացած «Պարոն տեր» կալվածքի շուրջ ծագած խնդրին՝ չխաթարելով 400 տարուց ի վեր Հայոց Պատրիարքարանին պատկանող կալվածքի հոգեւոր-մշակութային արժեքը»:

Հաղորդվում է նաեւ, որ Գարեգին Բ կաթողիկոսը մշտապես կապի մեջ է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Կալվածքը «Պարոն Տեր» անունը ստացել է Հայոց Գրիգոր Պարոն Տեր Պատրիարքից հետո՝ 17-րդ դարում: Սա նրա ճգնակեցության առանձնավայրն էր: Հնարժեք հող է՝ քարանձավներով եւ հնագույն գերեզմաններով, մի քանի հարյուրամյա 1600 ձիթենիներով: Կալվածքի վանքը Բեթղեհեմի Սբ. Ծննդյան եկեղեցու սպասավորների բնակավայրն է:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը չի հաշտվել Իսրայելի եւ Պաղեստինի տարածքների միջեւ կառուցվելիք անվտանգության պատի մի հատվածը «Պարոն Տեր» կալվածքով անցկացնելու մասին Իսրայելի կառավարության որոշման հետ, եւ հայցով դիմել է Իսրայելի Գերագույն դատարան:

Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոակայանին ասել էր, որ Իսրայելի կառավարությունը խոստացել է պաշտոնական Երեւանին, որ «Պարոն Տեր» կալվածքում անվտանգության պատի շինարարությունը կհետաձգի մինչեւ օգոստոսի 12-ը, երբ Իսրայելի կառավարությունն ու Գերագույն դատարանը կընդունեն վերջնական որոշումը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG