Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԼՂՀ-ում ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդում Լեռնային Ղարաբաղի դիրքերը Ադրբեջանի հետ մեր հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ բարձրացնում են Արցախի հեղինակությունը միջազգային ասպարեզում», - «Հայոց Աշխարհ»-ում հայտնում է ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը՝ հանգելով հետեւյալ կարծիքին. - «ԼՂՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները կասկածի ենթարկելու ցանկացած փորձ ըմբռնում չի գտնի հայ հասարակայնության շրջանում»: Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների նկատմամբ Հայաստանում ցուցաբերվող հետաքրքրությունը Արկադի Ղուկասյանը լիովին բացատրելի է համարում. «Կարելի է հասկանալ Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի մտադրությունները, որոնք փորձում են ամրապնդել իրենց դիրքերը հասարակայնության մեջ՝ այդ թվում ԼՂՀ առաջիկա ընտրությունների համատեքստում: Ինչ վերաբերում է բուն Լեռնային Ղարաբաղին, ապա ընտրություններն այստեղ գնահատվում են նախ եւ առաջ որպես կարեւոր քաղաքական առաջընթաց քայլ իրավական, ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին», - ընդգծում է Ղուկասյանը:

«Լեռնային Ղարաբաղում որդեգրած տնտեսական քաղաքականության շարունակման դեպքում 12 տարի հետո հնարավոր է կտրուկ փոխել տնտեսական եւ սոցիալական կացությունը», - «Ազգ»-ում գնահատում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Լեւոն Պողոսյանը՝ Ղարաբաղի տնտեսության զարգացումը շաղկապելով հակամարտության կարգավորման հետ. - «Դա լուրջ փաստարկներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, որովհետեւ խիստ անտրամաբանական կդիտվի տնտեսապես զարգացած երկիրն ընդգրկել անկայուն եւ տնտեսապես զարգացման ավելի ցածր աստիճանի վրա գտնվող Ադրբեջանի կազմում»։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էլ մեջբերում է Ղարաբաղում ներդրում կատարած սփյուռքահայ գործարար Արթուր Շիշմանյանին. «Սփյուռքահայ իմ գործընկերներին պիտի հասկացնեմ, որ բիզնեսի համար Ղարաբաղը հուսալի, գտած երկիր է, մանավանդ՝ պարենամթերքի արտադրության առումով: Ու ես նրանց անպայման կհամոզեմ»:

Եթե ՀՀՇ-ն ձեր թեկնածությունը պաշտպանելու հայտ ներկայացնի, կհամաձայնե՞ք օգտվել նրանց ծառայություններից՝ «Հայոց Աշխարհ»-ի հարցին ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը խուսափողական պատասխան է տվել. - «Ես հայտարարել եմ. քաղաքական դաշտում կան բազմաթիվ մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնց հետ համագործակցությունը մեզ համար պրոբլեմ չէ: Ինչ վերաբերում է նախընտրական դաշինքներին, այդպիսի միտումներ հիմա չկան, եւ շուտ է խոսել այդ մասին»: Թերթի հարցազրույցում Վազգեն Մանուկյանը արհեստական է համարում այն կարծիքը, թե առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է «նախկինների» ու «ներկաների», նույնիսկ, ըստ որոշ կանխատեսումների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ. «Շատ արհեստական բան եք ասում, որովհետեւ ներկա իշխանությունների այլընտրանքը նախկինները չեն: Ես կասեի՝ հակառակը. մեկը մյուսի օրգանական շարունակությունն է: Ուղղակի, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը (որը վերջինիս պարտադրեց հեռանալ) չի փոխվել, ոմանց ձեռնտու է խնդիրը այդպես ներկայացնել. բնական ընտրական տեխնոլոգիա է, մի' խաբվեք»:

Նույն թերթում նախկին ԱԺՄ-ական, ներկայումս Հայաստանի ժողովրդավարական-ազատական միության վարչության նախագահ Սեյրան Ավագյանը ձեւակերպում է. - «Այսօր թերեւս միայն ՀՀՇ-ն է սկսել իրական վերամիավորման գործընթաց՝ նախընտրական տրամաբանությամբ կառույցները ուժեղացնելու ճանապարհով: Այս իմաստով նրանք մյուս ուժերից առաջ են ընկել»:

«Օրրան»-ի հայացքով, Հայաստանում կրկին իրավիճակ է փոխվել. «Եթե մեկ կամ ավելի տարի առաջ փողն ու լծակը իսկապես առաջնային նշանակություն ունեին եւ կարող էին որոշել ամեն, կամ էլ գրեթե ամեն ինչ, ապա այսօր դրանք խիստ կարեւոր եւ անհրաժեշտ մնալով հանդերձ՝ աստիճանաբար կորցնում են վճռորոշ եւ ամենակարող էությունը... Աստիճանաբար հասարակության օրավուր ընդլայնվող շերտերի մեջ սկիզբ են առել խորքային ինչ-որ գործընթացներ, որոնք անպայմանորեն վաղ թե ուշ հանգեցնելու են արժեքների գնահատման նոր համակարգի, սկզբունքների նոր սանդղակի, իրերի եւ երեւույթների ընկալման նոր չափանիշների»: Թերթի ձեւակերպմամբ, առաջիկա ընտրությունները միայն համայնքապետերի, ավագանու անդամների, հանրապետության նախագահի կամ էլ Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ չեն: «Դրանք, առաջին հերթին, մարդու կողմնորոշումների ու դիրքորոշումների ընտրություն են լինելու: Յուրաքանչյուրը, քվեատուփին մոտենալով, իր նմանի ընտրությունն է կատարելու», - գրում է «Օրրան»-ը:

Նույն թերթում նույն ոգով գրող Աղասի Այվազյանը շեշտադրում է. - «Նախագահը մենք են: Երկիրը մե'ր դեմքն է. դրա համար խոսակցությունները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վատն էր, հիմա էլ էս նախագահն է վատը, ավելորդ են: Երրորդն էլ, չորրորդն էլ վատն են լինելու, եթե ժողովուրդը դեռ չի հասկանում, որ էդ նախագահը ինքն է.. Մեր տառապանքին արժանի նախագահ ունենալու համար նախ ինքներս պետք է լավանանք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG