Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ի տարբերություն նախորդ համարների, «Օրրան»-ի խմբագրականի ոճը փոխված է, իսկ ասելիքը աչքի է ընկնում խիստ շեշտադրումներով: «Այն, որ Ռոբերտ Քոչարյանն օկուպացրել է մեր այս հանրապետությունը, կարծես թե՝ այդպես է: Այստեղ նա իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես ֆաշիստ պոլիցայը ռուսական Սմոլենսկ քաղաքում՝ 1942 թվականին: Այսօր Հայաստանում ընդդիմությունը թույլատրվում է այնքան, ինչքան պարտիզանությունն էր թույլատրվում Ռուսաստանում ֆաշիստական օկուպացիայի տարիներին»», - գրում է թերթը: - «Դա մեր ներսի 5-րդ շարասյունն է, որին զինվորագրվել են պատեհապաշտները, անարի, նեղճակատ ուժերը, հացկատակները, ստվերային ուժերը, չինովնիկական աշխարհն ամբողջությամբ՝ բոլոր նրանք, ովքեր հայացքը տիրոջ սապոգից վեր բարձրացնելու քաջություն չունեն: Նույնիսկ կուսակցությունները, խմբեր ու խմբակցություններ դարձել են այդ շարասյուն վաշտեր ու գումակներ՝ դադարելով կուսակցություն, խումբ ու խմբակցություն լինելուց»:

Առաջիկա ընտրություններում նախագահի հենարանի մասին «Առավոտ»-ին պարզաբանումներ է տվել Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը. «Կան կուսակցություններ, ում հետ նախագահը համագործակցում է արդեն մի քանի տարի: Այդ համագործակցությունն էլ է նպաստել երկրում կայունության պահպանմանը եւ տնտեսական աճին: Գործընկերների շրջանակը հիմնականում կպահպանվի: Անակնկալներ չեն սպասվում»: Ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին դրսի՝ մասնավորապես Մոսկվայի աջակցությանը վերաբերող «Առավոտ»-ի հարցին Վահե Գաբրիելյանը պատասխանել է. - «Ռոբերտ Քոչարյանը «տղա բերելու» սովորություն չունի»:

«Գոլոս Արմենիի» թերթը, վերլուծելով 13 ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության վերջին զարգացումները, եզրահանգում է. - «Դատելով մեռյալ սեզոնում ցուցաբերած քաղաքական ակտիվությունից, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) առաջնորդը հույս ունի 13-ի կողմից առաջադրվել որպես միասնական թեկնածու»: Մեկնաբանի հայացքով, ամառային մեռյալ սեզոնը այդպես էլ 13-ին չի վերաբերում, «այդ կուսակցությունները շարունակում են բաժակի մեջ փոթորիկ բարձրացնել», ընդ որում, որքան դա երկար է տեւում, այնքան անիմաստ է դառնում: «Ոչ պաշտոնական դաշինքը տապալվեց՝ չհասցնելով անգամ թափ հավաքել, իսկ 13 կուսակցությունների առաջնորդները հերթականությամբ ձեւացնում են, թե դա չեն նկատում» - գնահատում է «Գոլոս Արմենիի» թերթը:

«Իմ համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը՝ շատ լավ հասկանալով պարտության հեռանկարը, իսկ ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում) առհասարակ գալիք ընտրություններում կաշխատի քողարկվել որեւէ ուժի թիկունքում, քան ասպարեզ գալ սեփական դրոշով», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նորացված կոմկուսի ղեկավարներից Հրանտ Ոսկանյանը: - «Գիտեմ, որ նրանք վերջին շրջանում ակտիվություն են ցուցաբերում, հայտարարություններ անում: Բայց դրանք ավելի շուտ հասարակության վերաբերմունքն իրենց նկատմամբ ստուգելու համար ասպարեզ նետված փորձաքարեր են, քան իրական վերադարձի լուրջ մտադրություն»: «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանի հայացքով, իշխանության գալով բացառապես ազգային գաղափարների ալիքի շնորհիվ, ՀՀՇ-ի ներկայացուցիչները հիմա փորձում են ամեն գնով իշխանության հասնել հակազգային դիրքերից:

«Մեր երկիրն օրեցօր հիշեցնում է ոչ թե հանրապետություն, այլ «մայլա», որտեղ խոսքը փաստորեն ոչ թե մեր պետականության ամրապնդման ու զարգացման մասին է, այլ «ով ում կողմից է» խնդրի շուրջ», - «Հայոց Աշխարհ»-ում իր մտքերն է կիսում արվեստաբան Հենրիկ Իգիթյանը՝ նշելով, թե բազմաթիվ կուսակցությունները քայքայում են այս փոքրիկ երկիրը: - «Այս կուսակցությունները ստեղծվում են մի քանի պատճառով, որոնք բոլորն էլ հանգում են աթոռակռվի: Այդ մարդիկ ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց անձնական շահով են հետաքրքրված: Եվ փաստը մնում է փաստ, որ ինչպես ոչ զարգացած շատ երկրներում, մեզանում էլ ուժն ու փողն են որոշիչ գործոնները»:

«Ազգ»-ի մեկնաբանը, վերլուծելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2002 թվականի զեկուցագիրը, ըստ որի Հայաստանը դասակարգվում է միջին, իսկ Թուրքիան՝ ցածր զարգացածության խմբին, եզրակացնում է. «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի պայմանավորումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ անհեթեթություն է»։ Թերթի մատուցմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի շահագրգռություններին ավելի քան տուրք են տալիս հհշական ուժերը։ «Դա հհշական ուժերի համար դառնում է քաղաքական ասպարեզում մնալու թերեւս միակ միջոցը», - ամփոփում է «Ազգ»-ը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Օրրան» թերթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: «Վերջին երկու տարում հայ-ռուսական հարաբերությունները շարունակաբար վատթարանում են, դառնում անգամ ոչ բարեկամական», - գնահատում է նա: - «Մեր հանրապետությունը հայտնվել է քաղաքական իրադարձությունների ճամփեզրին, ու ոչ մի հերթապահ միջոցառում չի կարող բարելավել իրավիճակը, եթե արմատապես չփոխվեն Հայաստանի արտաքին քաղաքականության կողմորոշիչները: Կարեւոր է, որպեսզի եւ' Քոչարյանը, եւ' արտգործնախարարությունը, եւ' Ազգային ժողովը իրենց պաշտպանության տակ վերցնեն Ռուսաստանում ապրող բոլոր հայերին: Սակայն հայտնի է, որ Հայաստանի ներկա իշխանություններն ունեն ցածր միջազգային վարկ: Քոչարյանը հայտնի է Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, Անդրանիկ Մարգարյանի եւ Արմեն Խաչատրյանի անունները ոչինչ չեն նշանակում Մոսկվայում եւ եվրոպական մյուս մայրաքաղաքներում: Իսկ բարձրաստիճամ մյուս պաշտոնյաների քաղաքական, իրավական գիտելիքներն ու փորձառությունն այնքան չնչին են, որ նրանք պարզապես ի վիճակի չեն ադեկվատ արձագանքել դեպքերին»:

«Կրթական բարեփոխումների շեմին» վերնագրով «Առավոտ»-ը շարունակում է ներկայացնել դղյակաշինության շարքը՝ այսօրվա համարում պատկերված դղյակի մասին գրելով հետեւյալը. - «Այս դղյակը «Գլաձոր» կառավարման համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանինն է, որը Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հորեղբայրն է։ Ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման արդյունքում է հավանաբար «Գլաձորի» ռեկտորը կառուցել այս դղյակը», - հեգնում է «Առավոտ»-ը՝ հավելելով. - «Թերեւս նույն պարտաճանաչությամբ էլ նա վճարել է պետության հարկերը»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG