Մատչելիության հղումներ

Նոր մրցույթի պայմաններն ավելի մեղմ են, քան նախորդներինը


Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման թվով արդեն երրորդ մրցույթի պայմանները շատ ավելի մեղմ են, քան նախորդ՝ ծախողված մրցույթներինը: Հավակնորդ ընկերությունները պետք է վերջին 2 տարիների ընթացքում ունենան 100 մլն դոլար սեփական կապիտալ եւ նույնքան էլ վաճառքի ծավալներ, մինչդեռ նախկինում պահանջվում էր առնվազն 250 մլն դոլար: Բացի այդ, եթե նախկինում որակավորման համար պահանջվում էր մասնագիտացված ընկերության մասնակցությունը, ապա այժմ այդ պահանջը հանված է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովի անդամ Հարություն Փամբուկյանը, սեփականատերը կարող է ցանցերը ինքը կառավարել կամ տալ կառավարման որեւէ մասնագիտացված ընկերության:

Էներգետիկ ոլորտի մասնավորեցումը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն է: Համաշխարհային բանկը, որի՝ կառուցվածքային բարեփոխումների աջակցությանն ուղղված ՍԱՔ վարկերով փակվում է Հայաստանի բյուջեի դեֆիցիտի մոտ 40 տոկոսը, էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման պետական ձեռնակությունների մասնավորեցմամբ է պայմանավորել ապագա վարկերի տրամադրումը: Մասնավորեցումը շոշափելիորեն կկրճատի բյուջետային հատկացումները ոլորտին ու կնվազեցնի դեֆիցիտը:

Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի փոխանցմամբ, ուժի մեջ են նախորդ մրցույթի որակավորման արդյուքները: Ամերիկյան, իսպանական եւ ռուսական այդ 5 ընկերությունները պաշտոնապես կտեղեկացվեն, որ ցանկության դեպքում կարող են մասնակցել մրցույթի երկրորդ փուլին: Հարկ է նշել, որ ցանցերն այսօր ավելի գրավիչ չեն, քան նախկինում. անցած տարվա ընթացքում վնաս չափը բաշխիչ ցանցերում կազմել է 64 մլն դոլար:

Որոշ տեղեկություններով, Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերը գնելու ցանկություն է հայտնել ռուս-ուկրաինական խառը կապիտալով մի անհայտ ընկերություն, որը գրանցված է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում, իսկ Հայաստան մտնելու հարցում էլ վայելում է որոշ կառավարամերձ շրջանակների աջակցությունը։

Նախաորակաորման մրցութային հայտեր, Արեգ Գալստյանի տեղեկացմամբ, հանձնաժողովը առայժմ չի ստացել: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 7-ն:


Շաքե Ավոյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG