Մատչելիության հղումներ

Աղքատության դեմ պայքարում Հայաստանը ակնկալում է միջազգային դոնորների օգնությունը


Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ուրբաթ օրը լրագրողներին ներկայացրեց կառավարության մշակած՝ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը պետք է իրականացվի 15 տարվա ընթացքում:

Միջազգային ֆինանսական դոնորները պնդում են, որ Հայաստանում գրանցվող բարձր տնտեսական աճը ոչ մի կերպ չի բարելավում բնակչության աղքատ խավերի կենսակերպը, ու աղքատությունը չի նվազում: Վարդան Խաչատրյանը եւ երկրի պաշտոնական վիճակագրությունը ճիշտ հակառակն են պնդում:

«Մինչեւ 1999 թվականի ցուցանիշներով 55 տոկոս էր կազմում Հայաստանում աղքատների քանակը: 2001 թվականին այդ ցուցանիշը դարձել է 51 տոկոս, ինչը մենք պայմանավորում ենք իսկապես տնտեսական աճով, պայմանավորում ենք ծախսային նպատակային ծրագրերով», - ասաց նա:

Ըստ Վարդան Խաչատրյանի, վերջին երկու տարվա ընթացքում երկրում հատկապես նվազել է ծայրաստիճան աղքատների կամ չքավորների թիվը՝ շուրջ 30 տոկոսով՝ բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ 23 տոկոսից իջնելով 16 տոկոսի։

Աղքատության հաղթահարմանն ուղղված հատուկ ռազմավարական ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորում են հետեւյալ գործոնները. նախ, դոնորներն, ամենայն հավանականությամբ, չեն հավատում աղքատության նվազեցման վերաբերյալ առկա թվերին, քանի որ գործազրկությունն ու մուրացկանությունն ամեն քայլափոխի աչք են ծակում։ Բացի այդ, դոնորներն հրաժարվում են առանց նման ծրագրի ու ռեալ քայլերի առկայության տրամադրել նույնիսկ խոստացված օգնությունը։

Դոնորներին մշակված փաստաթուղթ ներկայացնելով, հավելյալ պարտք ստանալու հավանականությունը մեծանում է:

«Հույս ունեմ, որ կավելա», - անկեղծորեն ասաց նախարարը: - «Հույս ունեմ, հաստատելուց հետո դոնոր-կոնֆերանս անել եւ պահանջել, որ լրացուցիչ միջամտություն ցուցաբերեն»:

Այդուհանդերձ, Խաչատրյանն այսօր որեւէ կոնկրետ թիվ չկարողացավ ասել, թե որքա՞ն կլինեն բնակչության սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները, աշխատավարձերը, կենսաթոշակները կամ նպաստները, ասենք, երկու, հինգ կամ տասնհինգ տարի անց։ Ըստ երեւույթին, նման կոնկրետություն կլինի, եթե դոնորների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվի ավելացնել արտաքին վարկավորումը։

Ծրագրում, ճիշտ է, կոնկրետ թվեր են նշված առաջիկա երեք տարիների համար. այդ ընթացքում Համախառն ներքին արդյունքի միջին տարեկան աճը լինելու է 6 տոկոս, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտը ներկայիս 558 դոլարից հասնելու է 944 դոլարի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG