Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին իշխանական կուսակցությունը ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին





Նախկին իշխանական կուսակցության՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ղեկավարները անցած շաբաթ օրը հավաքվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում՝ քննարկելու, ըստ որոշ մեկնաբանների, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հնարավոր առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում: Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դա զուտ ընկերական հանդիպում էր:

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Արմավիրի նախկին փոխմարզպետներից մեկի տանը, մասնակցել է մոտ 2 տասնյակ նախկին իշխանավոր, այդ թվում՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, վերջինիս տեղակալ Արա Սահակյանը, նախկին արտգործնախարար, ներկայումս ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հանդիպել են Արմավիրում՝ «խուսափելով Երեւանի տապից»:

Այդուհանդերձ, նախկին քաղաքական վերնախավի նման հավաքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, կասկած չի թողնում, որ ՀՀՇ-ի ղեկավարությունն ու նրանց կողմնակիցները լուրջ հարցեր են քննարկել:

«Հայոց համազգային շարժման ներսում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Կազմակերպությունը նախանշում է իր գործունեությունը առաջիկա երեք ընտրությունների շրջանում», - ասաց Արա Սահակյանը՝ հաստատելով, որ ՀՀՇ-ն մասնակցելու է եւ' տեղական ինքնակառավարման մարմինների, եւ' խորհրդարանական, եւ' նախագահական ընտրություններին:

Նրա խոսքերով, 20-րդ դարի հայ քաղաքական պատմության մեջ տոն են տվել քաղաքական գաղափարախոսության հետեւյալ 3 հոսանքները՝ դաշնակացական, կոմունիստական եւ հհշական : «Այժմ Կոմկուսն ու Դաշնակցությունը մոտ 10 տոկոս ձայներով ներկա են խորհրդարանում», -ասաց Սահակյանը: - «ՀՀՇ-ն նույնպես ունի այս վիճակում իր գրեթե տասը տոկոս ձայները, եւ մենք պետք ամեն ինչ անենք, որ մեզ պատկանող ձայներին համապատասխան ներկայացված լինենք խորհրդարանում»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, իրենք ունեն 59 տարածքային կազմակերպություն՝ 5500 անդամերով: ՀՀՇ-ն արդեն սկսել է նախապատրաստվել ընտրություններին: Արա Սահակյանի փոխանցմամբ, դա արվում է, որովհետեւ կուսակցությունը «պետք է Հայաստանի քաղաքական դաշտում ներկայանա իր ունեցած ձայներին ու ազդեցությանը համապատասխան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կամ առանց նրա»:

Սահակյանը, այդուհաներձ, համոզմունք հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականություն կվերադառնա, որովհետեւ նա խորապես ապրում է Հայաստանում տեղ գտնող իրողություններով՝ «անհանգստություններ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձախողման, բանակցությունների խափանման առումով»:

Առաջին նախագահը, նախկին փոխխոսնակի փոխանցմամբ, այսօր էլ համոզված է, որ «1997 թվականի աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցված լուծման տարբերակը, որ առաջարկվեց կողմերին, լավագույնն էր այս հինգ տարիների ընթացքում: Եվ Հայաստանը առավելագույնը կարող է ստանալ փոխզիջումներից, եթե հաջողվի վերադառնալ այդ տարբերակին»:

Վստահություն ներշնչող աղբյուրները վկայում են, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցի քննարկումն արդեն հասցրել է բավականին խորանալ: Շուրջ մեկ ամիս առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին ճաշի են հրավիրել Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանները: Բարձրաստիճան դիվանագետների հետաքրքրությունների առանցքում եղել է երկու հարց. նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման հավանականությունն ու Ղարաբաղյան կարգավորումը: Վերջին հարցի առնչությումբ, նախկին նախագահն ասել է, թե, ինչպես 1998-ին, այնպես էլ հիմա համոզված է, որ իրեն հաջորդած իշխանությունը Ղարաբաղի հարցը չի լուծելու: Իսկ իր թեկնածության առաջադրմանը վերաբերող հարցին պատասխանելուց Լեւոն Տեր-Պետրոսյանը խուսափել է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG