Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դիմել է Իսրայելի Գերագույն դատարան


Ըստ Երուսաղեմից այսօր ստացված տեղեկությունների, Իսրայելի պաշտպանության նախարարությունն ու Հորդանանի Արեւմտյան ափի ռազմական հրամանատարությունը հաստատակամ են, որ կառուցվելիք անվտանգության պատը պիտի անցնի Հայոց պատրիարքության սեփականած «Պարոն Տեր» տարածքի միջով:

Պատրիարքության բանակցությունները նրանց ներկայացուցիչների հետ, բողոքի՝ հիմնականում անպատասխան մնացած նամակագրությունը, Հայաստանի եւ Իսրայելի արտգործնախարարությունների նոտաների փոխանակումը, թերեւս, ետեւում են մնացել, իսկ, ինչպես ձեւակերված է Պատրիարքության հաղորդագրության մեջ՝ «Հայոց Պատրիարքությունն այլընտրանք չունի, քան մի կողմից տեղական ու միջազգային մամուլի օգնությանը, մյուս կողմից՝ Արդարադատության Բաձրագույն Ատյանին դիմելը»:

Պատրիարքությունից՝ իր անունն առայժմ հրապարակել չկամեցած անձը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ Իսրայելի կառավարությունը, չնայած սպասումներին, երեկվա նիստում բուն «Պարոն Տեր» կալվածքի հարցը չի քննարկել, եւ որ պատրիարքությանն արդեն պաշտոնապես տեղեկացրել են որոշման անշրջելիության մասին: Այսինքն, Իսրայելի անվտանգության պատը՝ 27մ լայնությամբ եւ 300մ երկարությամբ, անցնելու է կալվածքի միջով: Իսկ քանի որ անվտանգության պատը սահման է դառնալու Իսրայելի եւ Պաղեստինի տարածքների միջեւ, «Պարոն Տեր» կալվածքի բաժանված երկու հատվածներն անօգտագործելի են դառնում, այսինքն՝ չեզոք գոտի: Ըստ նույն աղբյուրի, պատրիարքությունը չի հաշտվել այդ մտքի հետ, եւ հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան:

Միաժամանակ, կա դեռեւս չհաստատված տեսակետ, որ նման պայմաններում, երբ կալվածքի կիսված տարածքն անօգտագործելի է դառնում, պատրիարքությունը պետք է որ հակված լինի ամբողջ կալվածքը վաճառելու գաղափարին: Այս տեսակետը հաստատող կամ հերքող տեղեկություն պատրիարքությունից այսօր ստանալ չհաջողվեց:

Ըստ Հայոց պատրիարքության անշարժ գույքի գրասենյակի հաղորդագրության, կալվածքը «Պարոն Տեր» անունը ստացել է Հայոց Գրիգոր Պարոն Տեր Պատրիարքից հետո՝ 17-րդ դարում: Սա նրա ճգնակեցության առանձնավայրն էր: Հնարժեք հող է՝ քարանձավներով եւ հնագույն գերեզմաններով, մի քանի հարյուրամյա 1600 ձիթենիներով: Կալվածքի վանքը Բեթղեհեմի Սբ. Ծննդյան եկեղեցու սպասավորների բնակավայրն է, պարբերաբար այստեղ են հավաքվում նաեւ Երուսաղեմի հայ վանականները:

Անցյալ տարվա մայիսին Իսրայելի զինված ուժերը, առանց տեղեկացնելու Հայոց պատրիարքարանին եւ անվտանգության խնդիրներ վկայակոչելով, ներխուժեցին այս կալվածք: Պատրիարքության բողոքներին ի պատասխան, Իսրայելի պաշտպանության նախարարությունը կալվածքը վեց ամսով բռնագրավելու կարգադրություն արձակեց:

Ըստ հաղորդագրության, Իսրայելի զինված ուժերը հարգալից չեն վերաբերել պատրիարքության ունեցվածքի հանդեպ, տանկերը խորտակել են կալվածքի պատն ու հնագույն ձիթենիներ տապալել. 2001-ի սեպտեմբերին պատրիարքությունը վնասը գնահատել է 77 հազար դոլար: Այս տարվա ապրիլին Իսրայելի զինված ուժերը ռազմական ճանապարհ են բացել այստեղով՝ կալվածքը բաժանելով երկու հատվածների: Ըստ պատրիարքության հաղորդագրության, ճանապարհը բացելիս, գերեզմաններ են ավերել, ձիթենիներ տապալել:

Չնայած համաձայնություն է եղել նոր պատ կառուցելու փոխարեն օգտագործել կալվածքի սահմանների՝ գոյություն ունեցող պատը, պատրիարքությունն էլ պատի տապալված մասի վերականգնման ծախսը գնահատել է ավելի քան 300 հազար դոլար, բայց հունիսին Իսրայելի զինված ուժերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շմուել Համբուրգերը պատրիարքությանը հանձնել է «Պարոն Տեր» կալվածքը վերցնելու մասին ռազմական կարգադրությունը: Միակ համաձայնությունը Իսրայելի ուժերի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչների եւ Հայոց պատրիարքության միջեւ անվտանգության պատի 50 կմ լայնությունը 27 կմ-ի հասցնելն է եղել:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG