Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը ընդդիմադիր ուժերի համախմբում է կանխատեսում





Հայաստանը, ըստ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանի, վերջնականապես վերածվում է հսկա գյուղի՝ իր քյոխվայով, որին հակացուցված է պետություն ղեկավարել:

«Մեծ փլուզում ապրեց քաղաքական դաշտը վերջին մի քանի տարում, հիմա էլ սկսվում է բանակի փլուզումը», - չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Վազգեն Մանուկյանը: - «Այդ հարցը, որ գեներալներով իրար դեմ են խոսում, իրար հետ վիճում են, թե ով քանի փամփուշտ բերեց եւ պատերազմի ժամանակ ով էր ռազմաճակատում եւ ով էր ռեստորանում, այդ իրար դեմ հանելը զինվորականներին ես համարում եմ հանցագործություն»:

Մասնավորապես Վաղարշակ Հարությունյանի աստիճանազրկման վերաբերյալ Մանուկյանը ասաց, որ դա ոչ թե պաշտպանության նախկին նախարարի պրոբլեմն է, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Մանուկյանը բարձր է գնահատում Վաղարշակ Հարությունյանի մասնագիտական ունակությունները, որի հետ աշխատել է 1993 թվականին, երբ ղեկավարում էր պաշտպանության նախարարությունը:

«Այդ մեծամտությունը, որ ես գեներալի կոչում կարող եմ տալ, եւ գեներալից կարող եմ հանել, լավ բան չի ասում մարդու մասին», - ասաց ԱԺՄ նախագահը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը այդ իրավունքը չուներ, քանզի նման ծայրահեղ քայլի գնում են պետական կամ ազգային դավաճանության դեպքում:

Ընտրությունների նախաշեմին Քոչարյանի հասցեին քննադատության ակտիվացման վերաբերող հարցին ԱԺՄ առաջնորդը պատասխանեց, թե կուսակցությունը միշտ էլ ընդդիմադիր է եղել Քոչարյանին՝ բացառությամբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ընկած մի կարճ ժամանակահատվածի, երբ «թելն ու ասեղը ձեռքին կարկատում էր ներքաղաքական կայունությունը»:

Վազգեն Մանուկյանը ուղղակի պատասխան չտվեց նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը վերաբերող հարցին: «Բազմաթիվ հոդվածներով, հարցազրույցներով, հանրահավաքների ելույթներով ես ներկայացրել եմ, թե ինչպիսին եմ պատկերացնում Հայաստանի ապագան, ինչպիսին եմ պատկերացնում պետության կառուցվածքը: Եթե մեր ժողովուրդը, մեր հասարակությունը ընդունում է դա, ես իմ վրա կվերցնեմ ցանկացած բեռ: Եթե չի ընդունում՝ իմաստ էլ չունի պայքարել նախագահ դառնալու համար», - ասաց Մանուկյանը:

Քաղաքական այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորությանն անդրադառնալով, Մանուկյանն ասաց, որ համագործակցելու են գաղափարակից ուժերի հետ: «Ոչ մի կուսակցության հետ մենք պրոբլեմ չունենք», - այդուհանդերձ ավելացրեց նա՝ չբացառելով Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումը: Նրա խոսքերով, տարբեր քաղաքական հայացքներ ու կարծիքներ ունեցող ուժերի համախմբումը հնարավոր է, երբ խնդիր կա ամեն գնով ազատվել ներկա իշխանությունից: Իսկ այդպիսի խնդիր, ըստ նրա, այժմ կա:

Վազգեն Մանուկյանը ասաց նաեւ, որ, ըստ իրենց անցկացրած հետազոտության, ԱԺՄ-ն շարունակում է պահպանել իր վարկանիշը, թեեւ տվյալներ չհրապարակեց: «Թվերը չեմ ուզում հիմա հրապարակել, քանի որ Հայաստանում մի նոր խաղ է սկսվել՝ թվերով իրար խաբել»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG