Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի առնչությամբ դատական գործընթացները շարունակվում են


Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվում է մայիսի 29-ին մի խումբ մարդկանց ներկայացրած հայցը, որով նրանք բողոքում են, թե «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների փակումով ոտնահարվել են իրենց՝ տեղեկատվության սպառողների, իրավունքները: Դատարանում դիմումատուների շահերը ներկայացնում են նախկին գիտության եւ կրթության նախախար, «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած դատական երրորդ նիստում Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահը բավարարել է դիմումատուների բացարկը ընդդեմ դատական վարույթն իրականացնող դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանի: Վերջինս, դատարանում հրապարակելով բացարկի բավարարման մասին որոշումը, հավելեց, թե դրա հիմքում դրված են «ոչ օրինական հիմնավորումներ»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աշոտ Բլեյանը, բացարկի հիմքում դատավորի թույլ տված դատական վարույթի բազմաթիվ խախտումներն են. չի ապահովվել պատասխանող կողմի մասնակցությունը, անհիմն կերպով մերժվել են հայցվոր կողմի միջնորդությունները:

Պատասխանող կողմը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է, որի ընդունած որոշումներով են զբաղեցրած կապուղիներից զրկվել «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները: Վերջինս հանձնաժողովի՝ ապրիլի 2-ին անցկացրած մրցույթի արդյունքները անվավեր ճանաչելու հարցով դիմել էր դատարան, սակայն առաջին ատյանի դատարանը մերժեց հայցը, իսկ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները անփոփոխ թողեցին առաջին ատյանի դատարանի վճիռը: «Ա1+»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ա1+» հեռուստաընկերության փակումը քննադատող հայտարարություններով հանդես են եկել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Ըստ Աշոտ Բլեյանի, բավարարելով իրենց բացարկը, դատարանը կարող է կանգնել իրավական նոր թնջուկի առջեւ: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի, դատարանը պետք է վճիռ կայացնի հայցն ընդունելուց հետո երկու ամսվա ընթացքում: Մինչդեռ դատական առաջին նիստը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ այդ ժամկետը լրանալուց ընդամենը 10 օր առաջ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG