Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Մամուլն այսօր է'լ ավելի լայնորեն է անդրադառնում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի աստիճանազրկմանը: «Օրրան»-ում բերված են մի շարք քաղաքական գործիչների գնահատականներ ու մեկնաբանություններ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը «Օրրան»-ի թղթակցին ասել է. - «Ռոբերտ Քոչարյանին համարում ենք ապօրինի նախագահ՝ իր բոլոր որոշումներով ու հրամանագրերով հանդերձ»: «Արմատ» կազմակերպության ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը կատարվածը համարում է «ուղղակի խայտառակություն»: «Էդ նախագահ կոչեցյալը ազատ անկման մեջ է, եւ նրա ամեն մի նոր քայլը նախորդից սահմռկեցուցիչ է», - ասել է Ռուբինյանը: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը փոխանցում է. - «Վաղարշակ Հարությունյանին վերաբերող հրամանագիրը մենք ոչ ողջունում ենք եւ ոչ էլ դատապարտում»: «Ուրիշ ժամանակ ասում եք, թե գեներալները շատ են», - «Օրրան»-ի հարցին արձագանքել է ՀՅԴ-ից պատգամավոր Աղվան Վարդանյանը: Թերթի փոխանցմամբ, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը շատ հանգիստ է վերաբերում նախագահի հրամանագրին: «Կատարվածը օրենքի սահմաններում է», - նշել է նա: Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նախ ասում է. - «Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել, որովհետեւ նա անմիջականորեն զբաղվում էր քաղաքականությամբ»: Լրագրողի տպավորությամբ, փոքր-ինչ անկեղծանալով, Տիգրան Թորոսյանը շարունակել է, թե եթե ինքը հանրապետության նախագահի տեղը լիներ, կպատժեր նաեւ շատ ուրիշ գեներալների, որոնք եւս իրենց ճիշտ չեն պահում: «Այդ ժամանակ Վաղարշակ Հարությունյանի հետ կատարվածը այսքան արտառոց չէր թվա», - «Օրրան»-ին ասել է ԱԺ փոխխոսնակը:

«Եթե Վաղարշակ Հարությունյանը զբաղվել է քաղաքականությամբ միայնակ, ուրեմն նրան, ընդհակառակը, պետք էր կոչում տալ, որովհետեւ ինքը բանակը զերծ է պահել քաղաքականությամբ զբաղվելուց», - «Առավոտ»-ում արձագանքում է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Նույն թերթի խմբագրականը թարմ օրինակներ է հիշեցնում՝ Աշոտ Բլեյան, Արկադի Վարդանյան, Մուշեղ Սաղաթելյան։ «Բայց բոլոր վերոնշյալ գործիչները տուժեցին ո՛չ գործած մեղքերի համար, որոնք, գուցեեւ, քիչ չէին։ Մեղքերի վրա աչք էր փակվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չփորձեցին հրապարակավ ընդդիմանալ Քոչարյանին։ Ինչի համար եւ թանկ վճարեցին, որը՝ ավելի, որը՝ պակաս։ Հիմա էլ Վաղարշակ Հարությունյանի հերթն է», - շաղկապում է «Առավոտ»-ը։

Զարմանալի եւ տարակուսելի համարելով մեր արտգործնախարարության եւ Սբ. Էջմիածնի կեցվածքը, «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանը չի կարող դիտորդի դերում լինել Հայաստանյայց եկեղեցու եւ ողջ հայ ժողովրդի համար հսկայական նշանակություն ունեցող Երուսաղեմի պատրիարքարանի իրավունքների պաշտպանության հարցում: Նա պարտավոր է օգտագործել միջազգային բոլոր ատյանները՝ այդ խնդիրն արծարծելու այն նույն ուժգնությամբ ու հետեւողականությամբ, ինչպես Իսրայելն է պաշտպանում աշխարհի ցանկացած կետում ապրող հրեաների իրավունքները»:

«Ազգ»-ում ներկայացված է Երուսաղեմի հայոց պատրիարքությունից ստացված բացատրագիրը. «Հայոց պատրիարքությունը ուրիշ տարբերակ չունի, քան, մեկ կողմից դիմելու տեղական եւ միջազգային մամուլին, եւ, մյուս կողմից, հայց ներկայացնելու արդարադատության գերագույն ատյանին»: Թերթի գնահատմամբ, Իսրայելի կառավարությունը շարունակում է անտեսել հայոց պատրիարքության պահանջները:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արդեն նախկին տնօրեն Օուեյս Սաադաթի հրաժեշտի ասուլիսից մի քանի դրվագ առանձնացրել է «Օրրան» թերթը: «Մենք այլեւս կառավարության հետ տանգո չենք պարում՝ երկուսով: Հիմա մենք ժողովրդի համար շատ ենք աշխատում, եւ բոլորս միասին հայկական քոչարի ենք պարում, որտեղ բոլորը հավասար են... Ես իմ կենսագրության մեջ կգրեմ, որ Հայաստանում աշխատելով 4 տարի, ես աշխատել եմ 4 վարչապետի, 4 ֆիննախարարի, 4 գյուղնախարարի, 5 բնապահպանության նախարարի, 3 կրթության նախարարի եւ 3 էներգետիկայի նախարարների հետ: Միգուցե ես միակ միջազգային լիազորն եմ այդ փորձով: Ես կարող եմ համարվել մարդ, որ շատ արագ համակերպվում է, եւ կարծում եմ՝ հարկ եղած դեպքում իմ թեկնածությունն առաջիններից մեկը կլինի նման դժվար տեղեր ուղարկելիս», - քառամյա պաշտոնավարությունից հետո Հայաստանին հրաժեշտ տալով ասել է Սաադաթը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG