Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը սպառնում է վերանայել «ԱրմենՏել»-ի մենաշնորհի հարցը





Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում հեռախոսակապի մենատեր՝ հունական ՕԹԵ ընկերության մասնաճյուղը հանդիսացող «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվել է զգալիորեն ընդլայնել բջջային հեռախոսակապի ծածկույթը, որը ներկայումս ընդգրկում է հանրապետության տարածքի միայն 45 տոկոսը: «ԱրմենՏել»-ը պարտավորվել է մինչեւ այս տարվա վերջը Հայաստանի տարածքի 85 տոկոսի ծածկույթը ապահովել բջջային կապով», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Անդրանիկ Մանուկյանը, ավելացնելով, որ եթե «ԱրմենՏել»-ը չկատարի խոստումը, ապա դրվելու է ընկերությանը մենաշնորհից զրկելու հարցը:

1998 թվականից ի վեր, երբ կառավարությունը հունական ՕԹԵ-ին վաճառեց Հայաստանի հեռախոսացանցը՝ նրան տալով հեռահաղորդակցման շուկայում բացառիկ իրավունքներ, «ԱրմենՏել»-ը խիստ քննադատության թիրախ է դարձել: Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները ոլորտի մասնավորեցման գործարքը՝ որպես հակասահմանադրական, չեղյալ համարելու անհաջող փորձ ձեռնարկեցին: «ԱրմենՏել»-ը 15 տարով մենաշնորհ է ստացել հայաստանյան հեռահաղորդակցման շուկայում, ներառյալ բջջային հեռախոսակապը:

«ԱրմենՏել»-ը քննադատվել է նաեւ կառավարության կողմից՝ ներդրումային պարտավորությունների կատարման մեջ թերանալու համար: Ներկայումս Երեւանում լարային հեռախոսների միայն 47 տոկոսն է թվայնացված: Ըստ Մանուկյանի, դրա պատճառը «ԱրմենՏել»-ի կողմից պարտավորված ներդրումները ժամանակին չիրակացնելն է: Ընկերությունը, ըստ նախարարի, խոստացել է արագացնել նաեւ լարային ցանցի արդիականացումը:

«ԱրմենՏել»-ի վերջին նորամուծությունը՝ բջջային հեռախոսակապի քարտերի (Easy Card) պահանջարկը շոշափելիորեն գերացանցում է առաջարկը, ինչի հետեւանքով սեւ շուկա է ձեւավորվել: Անդրանիկ Մանուկյանը փոխանցեց «ԱրմենՏել»-ի խոստումը, թե արդեն օգոստոսին կիրականացվի այդ քարտերի ազատ վաճառք: Նախարարը հավելեց, որ ներդրումային պարտավորությունների պատճաշ կատարման դեպքում այսօր «ԱրմենՏել»-ը կունենան ոչ թե 50 հազար բջջային կապի բաժանորդ, այլ մի քանի անգամ ավելի:


Արմեն Զաքարյան եւ Հրայր Թամրազյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG