Մատչելիության հղումներ

logo-print

Արկադի Ղուկասյան. «Միջազգային հանրությունը պետք է ողջունի ընտրությունները»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, որը օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի, գտնում է, որ միջազգային հանրությունը պետք շահագրգռված լինի ԼՂՀ-ում արդար ընտրությունների անցկացմամբ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ միջազգային հանրության հնարավոր բացասական արձագանքը առաջիկա ընտրություններին, Արկադի Ղուկասյանը ասաց. - «Միջազգային հանրությունը պետք է ողջունի այս ընտրությունները, որովհետեւ ընտրությունների այլընտրանքը բռնապետությունն է»:

«Բնական է, լինելու են դեմարշներ Ադրբեջանի ղեկավարության կողմից», - շարունակեց ԼՂՀ նախագահը: - «Որոշ երկրներ գուցե արձագանքեն այդ դեմարշներին, բայց վստահ եմ, որ բոլորը հասկանում են, որ ընտրությունները անհրաժեշտ են, եւ ձեւական դեմարշները որեւէ նշանակություն չեն ունենալու: Եթե իրենք ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի կողմ է, Լեռնային Ղարաբաղը չճանաչված՝ բայց պետություն է, եւ ԼՂ ղեկավարության հետ անպայման պետք է գործ ունենան, ապա կարեւոր է, որ այդ ղեկավարությունը ունենա ժողովրդի մանդատը»:

Արկադի Ղուկասյանը ընդգծեց, որ հարկավոր է ապացուցել միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղը ի վիճակի է աշխատել քաղաքակիրթ դաշտում:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ օրը գրանցել է հերթական նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած չորս թեկնածուներից երեքին՝ գործող նախագահ Արկադի Ղուկասյանին, Արթուր Թովմասյանին եւ Գրիգոր Աֆանասյանին: Չորրորդ թեկնածուն՝ Ալբերտ Ղազարյանը, չէր ներկայացել ԿԸՀ-ի նիստին: Ղազարյանը կարող է գրանցվել որպես թեկնածու մինչեւ հուլիսի 22-ը՝ թեկնածուների գրանցման վերջին ժամկետը:

Անդրադառնալով ընտրարշավի ընթացքին, Արկադի Ղուկասյանը գոհունակություն հայտնեց, որ «չկա ավելորդ աժիոտաժ»:

«Ամենակարեւորն այն է, որ այս ընտրությունները լինեն արդար, պարզ, եւ հաղթողը անպայման հաղթի արդար ձեւով», - շեշտեց ԼՂՀ նախագահը:

ԼՂՀ գործող նախագահը վստահություն հայտնեց, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, «Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ որեւէ մոտեցում չի կարող փոխվել», քանի որ այդ մոտեցումները մշակված են ժողովրդի կողմից:

«Մենք հստակ ունենք մեր գիծը՝ դա անկախությունն է: Մենք բացառում ենք Լեռնային Ղարաբաղի ենթակայությունը Սդրբեջանին», - ասաց Արկադի Ղուկասյանը: - «Եվ նույնը կպատասխանեն ձեզ մնացած երկու թեկնածուները»:

Նախագահի մյուս թեկնածուն՝ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Արցախի պետական համալսարանի դոցենտ Արթուր Թովմասյանը նույնպես գոհ է ընտրարշավի ընթացքից: «Եթե այսօր Լեռնային Ղարաբաղում երրորդ անգամ տեղի են ունենում նախագահական ընտրություններ, նշանակում է այս աշխարհատարածքը՝ որպես անկախ պետություն կայացել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թովմասյանը:

«Գտնում եմ, որ լավ է, որ կա մրցակցություն: Հուսով եմ, որ մենք ի վիճակի ենք քաղաքակիրթ ձեւով մրցակցել, պայքարել եւ ապացուցել դրանով աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է», - ասաց Ղուկասյանը, որի վերընտրվելու հնարավորությունները, ըստ դիտորդների, ամենամեծն են:

Լեռնային Ղարաբաղում գրեթե չկա անկախ մամուլ, եւ գրանցված մյուս թեկնածուները ընտրարշավի ընթացքում հազիվ թե գործող նախագահին հավասար հնարավորություններ ունենան տեղի հեռուստատեսությամբ ու ռադիոյով:

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Ստեփանակերտի մամուլի ակումբի՝ անցած մայիսին անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով, հարցվածների 49 տոկոսի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում չկա ժողովրդավարություն: Հարցվածների միայն 30 տոկոսն է դրական գնահատել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գործունեությունը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG