Մատչելիության հղումներ

logo-print

Գույքով Ռուսաստանի պարտքի մարումը հակասական արձագանքներ է առաջացրել


«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ոչ միանշանակ է ընդունվում թե' հասարակության մեջ, թե' քաղաքական գործիչների եւ թե' փորձագետների շրջանում։ Արձագանքների հակասականությունը ինչ-որ տեղ բնական է, քանզի միջպետական պարտքի դիմաց գույքով կամ գործող պետական բիզնեսով հատուցելը հազվադեպ երեւույթ է միջազգային պրակտիկայում։

Անցած չորեքշաբթի, մեկ տարուց ավելի տեւած բանակցություններից հետո, Երեւանում ստորագրվեց «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանի 98 միլիոն դոլար միջպետական պարտքի դիմաց այդ երկրին փոխանցեց հայաստանյան չորս ձեռնակություն՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը եւ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի մաս կազմած երկու գիտահետազոտական ինստիտուտներ:

Գործարքի վերաբերյալ առկա են իրարամերժ, հաճախ ծայրահեղության հասնող տեսակետներ։ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Մանուկյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե գործարքը «մեծ ոգեւորությամբ» չի ընդունել: «Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները շատ կարեւոր են, բայց էս ձեւերը չեն, որ պետք է դա լավացնեն», - նշեց նա: - «Քաղաքական միտման մեջ ավելի շատ կա իշխանության ձգտումը համապատասխան հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ՝ ցույց տալու համար, որ իրենց իշխանությունը Ռուսաստանի համար լավ է»:

Ծայրահեղ բացասական կարծիք հայտնեց գործարքի մասին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺԴ (Ազգային ժողովրդավարների դաշինք) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: «Սա իշխանազանցություն է երկու կողմից էլ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սադոյանը: - «Նման գործարք կնքելը համարում եմ ամբողջությամբ անթույլատրելի եւ խիստ վտանգավոր Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հետագա բարելավման տեսակետից»:

Նրա համոզմամբ, Հայաստանի կողմից Ռուսաստանին փոխանցված գույքի՝ Հրազդանի ՋԷԿ-ի եւ էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկությունների ընդհանուր արժեքը առնվազն 500 միլիոն դոլար է, մինչդեռ, այն հանձնվում է ընդամենը 100 միլիոն դոլար պարտքի դիմաց:

Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր, ՀԺԱՄ (Հայաստանի ժողովրդավարան ազգային միություն) նախագահ Սեյրան Ավագյանի գնահատկանները կնքված գործարքի վերաբերյալ, թերեւս, դրական ու ավելի չափավոր էին: Նրա կարծիքով, կնքվել է միանգամայն նորմալ գործարք: Քանի որ փոխանցվող ձեռնարկությունները ընդգրկված են մասնավորեցման ծրագրում, ուստի կառավարությունն իրավունք ուներ դրանց բաժնետոմսերով գործարքներ կատարել, այդ թվում՝ պարտքի դիմաց ուղղակիորեն վաճառել։

Ավագյանը համաձայն չէ, թե նշված օբյեկտները էժան են վաճառվել: «Երբ ձեռնարկություն ենք վաճառում, երբ բիզնես ենք վաճառում, դրա գնահատումը եւ դրա գինը այլ տրամաբանությամբ է ձեւավորվում», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում կարեւոր են իրականացվելիք ներդրումների ծավալները, շահութաբերության աստիճանը:

Եթե պատգամավորների տեսակետները կարող են սուբյեկտիվ լինել եւ քաղաքական նրբերանգներ ունենալ, դրանցից զերծ պետք է որ լինեն անկախ փորձագետների կարծիքները: «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներ Մովսես Արիստակեսյանը եւ Հովսեփ Աղաջանյանը ընդհանուր առմամբ բացասաբար արտահայտվեցին պարտքը գույքով մարելու գործելակերպին:

Ըստ Արիստակեսյանի, այդ գործարքով խախտվել է օրենսդրությունը, քանի որ մինչ այդ փոխանցման ենթակա օբյեկտների բաժնետոմսերը պետք է մասնավորեցվեին, ստացված գումարները ուղղվեին մասնավորեցման հատուկ հաշվին, որից հետո միայն, մարվեր ռուսական պարտքը: Նրա կարծիքով, ճիշտ չի գնահատվել փոխանցվող գույքը՝ 100 միլիոն դոլար արժե միայն «Մարսը» գործարանը, որը «հիմա էլ կարող է տալ արտահանվելու ունակ արտադրանք»:

Արիստակեսյանը նաեւ անընդունելի է համարում պարտքի դիմաց հանձնվող օբյեկտների բաժնետոմսերի լրիվ փաթեթների հանձնումը:

Հովսեփ Աղաջանյանի կարծիքով, պարտքի դիմաց գույքի փոխանցման գործարքները կարող են ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե դրանց ետեւում հիմնավորված ծրագրեր կան, ինչպես նաեւ՝ կասկած չի հարուցեն ապագա ներդրումների շահութաբերությունն ու արդյունավետությունը: Մինչդեռ, տվյալ գործարքի դեպքում նման ծրագրեր չեն ներկայացվում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG