Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Չեխիայում


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում նախագահ Քոչարյանի անձնական ներկայացուցիչն է, հուլիսի 28-30-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների եւ Մինսկի խմբի համանախագահների երկրորդ հանդիպումը:

Թաթուլ Մարգարյանը, չհրապարակելով առաջիկա հանդիպման օրակարգը, ասաց միայն, որ քննարկվելու են հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակի առանձին դետալներ:

Այս ֆորմատով առաջին հանդիպումը նույնպես տեղի է ունեցել Պրահայի մերձակայքում գտնվող Շտիրին դղյակում անցած մայիսի 13-15-ը: Դռնփակ անցած բանակցություններում, որոնցում Ադրբեջանի նախարարին ներկայացնում էր այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, շոշափելի առաջընթաց չարձանագրվեց:

Առաջիկա հանդիպումը հետեւելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանի եւ Հայստանի նախագահների հետ ունեցած առանձին հանդիպումներին, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար Ստամբուլում եւ Տալլինում հունիսի վերջին:

Թաթուլ Մարգարյանի խոսքերով, Չեխիայի բանակցությունների օրակարգում է նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի նոր հանդիպման հնարավորության քննարկումը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG