Մատչելիության հղումներ




Ավարտին է մոտենում «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով Ռուսաստանին հայաստանյան ձեռնարկությունների հանձնման շուրջ մեկ տարի տեւած բանակցային գործընթացը: Այդ գործարքը վավերացնող համաձայնագիրը ստորագրելու նպատակով այսօր Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի համանախագահ Իլյա Կլեբանովը։

«Դա իսկապես դյուրին աշխատանք չէր, քանի որ թե' Հայաստանը եւ թե' Ռուսաստանը նման բան առաջին անգամ էին անում, սակայն, անկասկած, համաձայնագիրը վաղը կստորագրվի, ու դրա համաձայն, մինչեւ տարեվերջ պարտքի հարցը կկարգավորվի», - «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց Իլյա Կլեբանովը՝ հույս հայտնելով, թե մինչեւ դեկտեմբերի 31-ը կողմերը կփոխանակեն համապատասխան փաստաթղթերը:

Ավելի քան 98 միլիոն դոլարի պարտքը Ռուսաստանն առաջարկել էր մարել գույքով եւ հայկական կողմի առաջարկած ցուցակից ընտրել էր չորսը՝ Հրազդանի ՋԷԿ-ը եւ էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություն՝ «Մարս» գործարանը, կառավարման ավտոմատացված համակարգերի եւ նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտները։ Այս ցուցակը համաձայնեցվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Իլյա Կլեբանովի հայաստանյան այցի ընթացքում։

Գույքով պարտքի մարման բանակցային գործընթացի ձգձգումը ռուս նախարարը բացատրեց գործարքի անսովոր լինելու հանգամանքով, հաճախ ծագող տեխնիկական եւ իրավաբանական բարդություններով։

«Մեզ թվում է, որ մենք հասանք վերջնականապես մշակված համաձայնագրի այնպիսի տեքստի, որը թույլ կտա այս տարվա ընթացքում հարցը փակել», - ասաց նա։ Ռուսական պարտքի դիմաց փոխանցվող հայկական ձեռնարկությունների արժեքի ընդհանուր գումարը, ըստ Իլյա Կլեբանովի, մոտավորապես համապատասխանում է պարտքի գումարին։ Ճիշտ է, դեռեւս այդ օբյեկտների վերջնական գները որոշված չեն. դրանք կճշտվեն մինչեւ տարեվերջ՝ միջազգային աուդիտորական կազմակերպությունների գնահատումների հիման վրա։

Ռուսաստանյան կողմին փոխանցվող ձեռնարկությունների ցանկում, առանցքայինը, անկասկած, Հրազդանի ՋԷԿ-ն է՝ իր գործող չորս էներգաբլոկերով։ Հրազդանի ՋԷԿ-ի կիսակառույց 5-րդ էներգաբլոկի ճակատագրին վերաբերող հարցին Իլյա Կլեբանովը պատասխանեց, թե դա պարտքի մարման շրջանակներում չի դիտարկվում:

«Դա այսպես ասած, մեր բանակցությունների հաջորդ թեման է», - ասաց նա: - «Դա այսօր մեզ համար սկզբունքային հարց չէ։ Այս համաձայնագրի ստորագրումից հետո մենք կնստենք ու հանգիստ կքննարկենք նաեւ 5-րդ բլոկի հարցը»։

Ըստ որոշ տեղեկությունների, ռուսական կողմը բանակցային փուլում պահանջել է 5-րդ կիսակառույց էներգաբլոկը կոնսերվացնել ու բացառել այն որեւէ այլ սեփականատիրոջ հանձնելը ու նրա միջոցով էլեկտրաէներգիա արտադրելը։

Ռուս նախարարը մանրամասներ չփոխանցեց պարտքի դիմաց փոխանցվող մյուս ձեռնարկությունների՝ «Մարս»-ի եւ երկու գիտահետազոտական ինստիտուտների հետագա օգտագործման վերաբերյալ: Նա միայն տեղեկացրեց, որ դրանց հնարավորությունների ուսումնասիրությամբ զբաղվելու է Ռուսաստանի Դաշնության համակարգային պրոբլեմների գործակալությունը։

Վաղը կկայանա հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի ընդլայնված կազմով նիստը, որից հետո էլ կստորագրվի
պարտքի դիմաց գույքի հանձնման համաձայնագիրը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG