Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արտաշես Գեղամյանի վերջին շրջանի բոլոր հրապարակային ելույթները պարզապես հեղեղված են հանրապետության նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններով: Չի՞ պատրաստվում նախագահ Քոչարյանը պատասխանել դրանց»: Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը ասել է. - «Բնական է, որ այդ մակարդակի պատասխան մեզ թույլ չենք տա: Ենթադրում եմ, որ պրն Գեղամյանի՝ ավելի ու ավելի տեսանելի դարձող հուսահատությունը պայմանավորված է քաղաքական դիվիդենտներ շահելու, իր շուրջ համախոհներ հավաքելու եւ հետագայում իր ձգտած պաշտոններին հասնելու ակնհայտ անկարողության գիտակցմամբ: Սեփական դարպասը գոլեր խփելու Գեղամյանի մարտավարությունը հաջողվում է, միջամտելու ցանկություն չունենք»:

Փոխարենը «Հայաստանի Հանրապետություն» եւ «Հայոց Աշխարհ» թերթերում այսօր եւս մի քանի գեներալ պատմում են, թե ինչպես չեն տեսել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին եւ ինչ վտանգավոր երեւույթներ են նրա օրոք ծավալվել բանակում: Մյուս կողմից, «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Ընդունենք, որ գեներալների բոլոր գնահատականները ճիշտ են՝ Վ.Հարությունյանը մեր բանակի հետ որեւէ կապ չունի, արժանիքներ ու ծառայություններ Հայրենիքի առաջ նույնպես չունի: Այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ էր նախագահը նման անպետք մարդուն պաշտպանության նախարար նշանակել: Քաղաքական իրավիճա՞կն էր այնպիսին, Վազգե՞նն էր ստիպել: Եթե այդպես է, ուրեմն, շատ հնարավոր է, այսօրվա կառավարությունում էլ կան մի շարք անպիտան նախարարներ, որոնց նախագահը նշանակել է այս կամ այն հանգամանքի ճնշման տակ եւ որոնք, վաղը կպարզվի, դեն գցելու «ապրանք» էին»: Ընդհանուր առմամբ, խմբագրի հայացքով, այս կամպանիան վնասում է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին եւ որպես հրապարակախոս-պրոպագանդիստ հանդես եկող գեներալներին: «Գեներալների գործը չէ լծվել նախագահի քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու անշնորհակալ գործին։ Արդյունքում փչացան բոլորը», - ընդգծվում է «Առավոտ»-ում: - «Մինչդեռ այդ գեներալները դեռ պետք կգան պետությանը՝ չէ՞ որ պատերազմը դեռ չի ավարտվել»:

«Հայկական ժամանակ» թերթը այսօր արդեն որոշ անփառունակ դրվագներ է ներկայացնում հիշյալ գեներալներից մի քանիսի անցյալից. ուժի դիրքերից զբաղվում են տնտեսական գործունեությամբ, ժամանակին քրեական գործեր են հարուցված եղել նրանց դեմ եւ այլն: Թե ինչպես են գեներալական հարաբերությունները հենվում անձնական շահի վրա, «Առավոտ»-ի հարցազրույցում ակնարկում է նաեւ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Երկրապահ կամավորականների միության վերջին համագումարում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նրան նշել էր որպես «27»-ը չկանխելու հիմնական պատասխանատու, փաստարկելով, թե հենց ՆԳՆ-ն էր իրականացնում ԱԺ շենքի պահպանությունը։ Այս առնչությամբ Սուրեն Աբրահամյանն ասում է. - «Մեկ տարվա ընթացքում պաշտպանության փոխնախարարի պաշտոնի պատասխանատվության, գեներալ-լեյտենանտի աստղերի ծանրության եւ Բյուրեղավանի բյուրեղապակու գործարանն աշխատեցնելու հոգսի պարագաներում ես այլ պատասխան չէի էլ ակնկալի»։

Արդեն Անդրանիկ Մարգարյանն էլ արձագանքել է ոստիկանությունում պատգամավոր, «Միասնություն» խմբակցության անդամ Գեւորգ Հակոբյանի ծեծին: «Վարչապետը դատապարտում եւ անընդունելի է համարում պատգամավորի նկատմամբ նման վերաբերմունքը եւ կարծում է, որ այն պետք է համարժեք արձագանք ստանա», - «Հայկական ժամանակ» թերթին հայտնել է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը: Բայց «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես փոխանցում է նույն թերթը, շարունակում է հերքել եւ' միջադեպի փաստը, եւ' այն, որ դրա հետ կապված որոշ պատգամավորներ խմբակցությունից դուրս գալու դիմում են գրել, չնայած վերջիններս պնդում են, որ դիմումները հանձնել են անձամբ նրան:

«Օրրան»-ի թղթակցի հետ զրույցում էլ Գալուստ Սահակյանը ձեւակերպել է. «Արարքի բնութագիրը դեռեւս չկա: Լրատվամիջոցներից մեկի՝ հիշողությունս կորցնելու մասին «դիտարկման» առումով էլ հիշեցնեմ, որ հիշողություն կորցնելը նաեւ առողջապահական դեպք է, եւ չեմ կարծում, որ այդպիսի տհաս մոտեցումներով հարցեր են արծարծվում եւ հարցեր լուծվում»: «Ոչ միայն օրինապահ, այլեւ օրենսդրության նկատմամբ տարրական հարգանք ունեցող երկրում հուլիսի 9-ին կատարվածից հետո քրեական գործ հարուցված կլիներ կամ Գիզիրյանի, կան Հակոբյանի նկատմամբ, եթե վերջինս զրպարտել է», - շեշտում է «Օր» թերթի մեկնաբանը: - «Գոնե ծառայական քննություն նշանակված կլիներ: Մինչդեռ, ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինս հիշյալ բռնության առիթով քրեական գործ չի հարուցել»:

Ուրբաթ օրը Դաշնակցության կազմակերպած սեմինարի ժամանակ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ տեսակետներ արտահայտվեցին, որոնք մամուլում մեկնաբանվեցին այն տեսանկյունից, թե Դաշնակցությունը նեղացած է իշխանություններից եւ փորձում է վերակողմնորոշվել դեպի ընդդիմություն: Սրա հետ կապված ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, մասնավորապես, ասում է. - «Դաշնակցությունը երբեք էլ չի թաքցրել իր դժգոհությունը վերջին շրջանի քաղաքական զարգացումների, մասնավորապես համամասնական-մեծամասնական ընտրակարգի փոփոխության վերաբերյալ: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները կրկին զիջումներ են անում ապաքաղաքական տարրերին, տնտեսական կլաններին... Սակայն մեզ, մյուս կողմից, միավորել է կայունության պահպանման անհրաժեշտությունը: Թեպետ գործընկերության մեջ փոխադարձության սկզբունքը միշտ պետք է պահպանվի, այլապես խնդիրներ կարող են առաջանալ», - ակնարկում է Վահան Հովհաննիսյանը: «Հրանտ Մարգարյանը չի բացառել, որ նախագահական ընտրություններում Դաշնակցությունը հանդես գա սեփական թեկնածուով: Հնարավո՞ր է, որ առաջադրվի ձեր թեկնածությունը». այս հարցին Հովհաննիսյանը պատասխանել է. - «Քանի որ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը ասել է, որ ոչինչ բացառել չի կարելի, նույնը կարող եմ վերահաստատել նաեւ ես. ոչինչ չի բացառվում»:

Անդրադառնալով ԼՂՀ նախագահ դառնալու՝ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի հայտին, «Ազգ» թերթի ղարաբաղյան թղթակիցն այսօր նշում է. «Նրա մասնակցությունն, անկասկած, ավելի կակտիվացներ ընտրական գործընթացը, քանի որ ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի մյուս երեք մրցակիցները, ըստ իրավիճակային տրամաբանության, հազիվ թե մրցունակ թեկնածուներ են համարվում։ Միեւնույն ժամանակ, ընտրություններում անհրաժեշտ ձայներ վաստակելու Հրանտ Խաչատրյանի հնարավորությունը, մեղմ ասած, կասկածելի է, որովհետեւ Արցախի ընտրաակտիվը ամենից առաջ կարեւորում է, այսպես կոչված, յուրայինի պարագան»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG