Մատչելիության հղումներ

Հաշտեցման հանձնախումբը նոր պայմանավորվածությունների չի հանգել


Թուրքիայի Բոդրոմ ծովափնյա բնակավայրում հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի՝ 8-ամսյա ընդմիջումից հետո կայացած հանդիպման նպատակն էր իմի բերել, վերլուծել անցած ճանապարհը: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Հանձնախմբի հայ անդամներից Երեւանի պետական համալսարանի դասախոս Դավիթ Հովհաննիսյանի մեկնաբանությամբ, անհրաժեշտ էր առաջին հերթին գնահատել հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում նկատվող ակտիվությունը պետական եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով, «որոնց նախապատրաստողը բավականին մեծ չափով եղել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը»:

Անցած տարվա հուլիսին ստեղծված հանձնաժողովի աշխատանքները կանգ էին առել, երբ հայկական կողմը դադարեցրել էր իր մասնակցությունը՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների, որը միակողմանիորեն դիմել էր Նյու Յորքի Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին՝ դադարեցնելու հայոց ցեղասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունը: Մինչդեռ նման ուսումնասիրություն անցկացնելու խնդրանքով կենտրոնին դիմելու որոշումն ընդունել էր հանձնաժողովի ողջ կազմը:

Ըստ Հովհաննիսյանի, հայկական կողմն այս անգամ որոշակի զգուշավորությամբ էր մեկնել Թուրքիա: Այդուհանդերձ, քննարկվող թեմաների առյուծի բաժինը նորից ցեղասպանության ճանաչման հարցն էր, որի շուրջ էլ ընթացել են հիմնական բանակցությունները:

«Երկու օրը, պարզվեց, որ բավարար չէր, որպեսզի մենք ամբողջական վերլուծական աշխատանք կատարենք», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Դավիթ Հովհաննիսյանը: - «Ուստի պայմանավորվեցինք էլեկտրոնային փոստի միջոցով շարունակենք այս աշխատանքը: Փորձենք արդյունքները իմի բերել եւ տեսնել, թե ինչ կարելի անել հետագայում՝ եթե կարելի է»:

«Մեկ տարի առաջ, երբ ստեղծվեց հանձնախումբը, արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել մեկ տարի անց իմի բերել կատարված աշխատանքը», - «Ազատություն» ռադիոկայանին Նյու Յորքից հեռախոսով ասաց հանձնախմբի մեկ այլ անդամ՝ Վան Գրիգորյանը:

Հանդիպումները շարունակվելու առումով, ըստ հանձնախմբի հայ անդամների, առայժմ պայմանավորվածություններ չկան:

«Հիմնականում դիրքորոշումների խնդիրն էր: Հանդիպումների մեջ ընկած ժամանակշրջանում որոշակի հայտարարությունների կամ մամուլին տրված հարցազրույցների միջոցով ձեռքբերված արդյունքները զրոյի էին վերածվում, ինչը աննպատակ էր դարձնում աշխատանքը», - ասաց Հովհաննիսյանը:

Քանի որ հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանում առանցքային դեր ու նշանակություն ունեն, ուստի արծարծվել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ճանապարհների ու սահմանների բացմանը վերաբերող հարցեր:

Հովհաննիսյանի կարծիքով, սկսված աշխատանքներն առայժմ պետք է շարունակել: «Այս կամ այն ձեւով անհրաժեշտ եմ համարում այդ գործունությունը: Գուցե իրավիճակը թելադրի, որպեսզի ֆորմատը փոխվի», - ասաց նա, ավելացնելով, որ երկու երկրների հարաբերություններում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ հանձնախմբի գոյության կարիքը այլեւս չզգացվի:

Հարցին, թե Թուրքիայի կառավարության կազմում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները որեւէ ազդեցություն կարող են ունենալ հանձնախմբի գործունեության վրա, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց, թե հույս ունի, որ դա դրական ազդեցություն կունենա, քանի որ, նրա խոսքերով, «այս նոր սերունդը շատ ավելի լայնախոհ է, շատ ավելի քիչ է կառչում ձեւավորված ստերեոտիպերից»:


Կարինե Քալանթարյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG