Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը վերականգնում է կորցրած պատգամավորական մանդատը


Մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում հուլիսի 14-ին անցկացված վերաքվեարկությամբ ԱԺ պատգամավոր վերընտրվեց բյուլետեններում նշված միակ թեկնածուն՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Հակոբ Մաթիլյանը: Նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է ընտրողների 20 տոկոսից քիչ ավելին:

Սահմանադրական դատարանը անվավեր էր ճանաչել թիվ 67 ընտրատարածքում մայիսի 16-ին կայացած ընտրությունների արդյունքները՝ գտնելով, որ քվեարկությունն անցել է խախտումներով ու կեղծիքներով: Որոշումն աննախադեպ էր այն առումով, որ շահող կողմը ընդդիմությունն էր. բողոքով Սահմանադրական դատարան էր դիմել ընտրություններում պարտված ճանաչված թեկնածուն՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը: Իսկ արդեն պատգամավորական մանդատ ստացած եւ անգամ Ազգային ժողովում մի շարք քվեարկությունների մասնակցած ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը զրկվել էր մանդատից:

Մուսայելյանի համայնքի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Փայլակ Ալեքսանյանը, օրինակ ընտրողների պասիվությունը պայմանավորեց նրանով, որ շատերը մեկնել են արտագնա աշխատանքների, իսկ մնացածների մեծ մասն էլ զբաղված են բերքահավաքով:

Ախուրյանի ընտրատեղամասերից մեկի նախագահ Սիլվա Զուռնաչյանը նույնպես ընտրողների ցածր ակտիվությունը բացատրեց գյուղատնտեսական աշխատանքներով: «Հետո էլ երեւի արդեն հոգնել են», - ավելացրեց նա: - «Կարճ ժամանակահատվածում կրկնակի ընտրություններ, մարդիկ հոգնածությունից թե անվստահությունից, քիչ են գալիս»:

Ավելի քան 31 հազար ընտրողներից վերաքվեարկությանը մասնացել էին շուրջ 7 հազարը: Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մուրադ Գրիգորյանի տեղեկացմամբ, «ոչ մի գրավոր կամ բանավոր ահազանգ ընտրությունների ընթացքում խախտումների կամ վրիպումների վերաբերյալ» հանձնաժողովը չի ստացել: Ուստի հանձնաժողովը երկուշաբթի օրը հաստատել է նախնական քվեարկության արդյունքները:

Ընդդիմության թեկնածուն՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Մակեյանը իր ինքնաբացարկը բացատրել էր հետեւյալ կերպ. - «Հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը ես ուսումնասիրում էի ընտրատարածքը եւ ապշեցուցիչ բաներ տեսա», - ասել էր նա ինքնաբացարկի դիմումը մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո: - «Երեւանյան բոլոր կարգի մեծ եւ փոքր չինովնիկները գրոհել են 67-րդ ընտրատարածքը»:

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարոս Ավոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թեեւ ընտրությունները կրկին անցել են կոպիտ խախտումներով, իշխանության ներկայացուցիչների միջամտության պայմաններում, իրենց չեն բողոքարկելու, քանի որ «այլեւս իմաստ չունի բողոքարկել»:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG