Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան Կրասնոարմեյսկում իրավապահները ուժեղացնում են հսկողությունը


Մոսկվայի մարզի Կրասնոարմեյսկ քաղաքում, ուր հուլիսի 9-ի՝ հայերի ջարդից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուժեցացվել է հսկողությունը իրավապահ մարմինների կողմից:

«Իտառ-Տասս» գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Կրասնոարմեյսկի փողոցներում պարեկային ծառայություն են իրականացնում ոստիկանության հատուկ ջոկատները՝ կանխարգելելու հայերի դեմ ուղղված հնարավոր բռնությունները:

Հուլիսի 9-ին Կրասնոարմեյսկում շուրջ հարյուր մահակավոր երիտասարդներ քաղաքով մեկ ծեծել էին հայերին, անգամ՝ մտնելով վերջիններիս տները, ինչի արդյունքում մեկ տասնյակից ավելի հայեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Իրադարձությունների պատճառը կենցաղային վեճի ընթացքում 26-ամյա Իգոր Սամոյլյուկի դանակահարությունն էր հայացգի Սահյանի կողմից:

Ջարդի մասնակիցներից երկուսը ձերբակալված են: Անցած ուրբաթ Կրասնոարմեյսկում տեղի էր ունեցել հանրահավաք՝ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, որոնք պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին: Ցուցարարները պահանջում էին նաեւ քաղաքից վտարել ապօրինի կերպով բնակվող բոլոր հայերին ու այլազգիներին:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները քաղաք են բերվել հանրահավաքից հետո: Սա հետեւել է Ռուսաստանում հայկական համայնքի ղեկավարների կողմից իրավապահ մարմինների հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի իրավապահ համակարգը ճգնաժամ է ապրում», - ասված է Ռուսաստանի հայերի միության՝ ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ: - «Սոցիալական, տնտեսական կամ այլ պրոբլեմները չեն կարող արդարացնել էթնիկ թշնամանքը բազմազգ երկրում»:

Կրասնոարմեյկսի իշխանությունները հերքում են, թե բռնությունները էթնիկ բնույթ են կրել՝ դրանք որակելով որպես «խուլիգանություն»: Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովը, այդուհանդերձ, մտահոգություն է արտահայտել մարզում օտարատյացության դրսեւորումների կապակցությամբ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG