Մատչելիության հղումներ

Հրանտ Խաչատրյանը չի մասնակցի ԼՂՀ նախագական ընտրություններին


«Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը, արդեն որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ ստորագրահավաքի մատյանները ստանալուց հետո, հրաժարվել է Լեռնային Ղարաբաղում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունից:

«Մենք հրաժարվել ենք ստորագրություններ հավաքելուց, որովհետեւ ստորագրությունները պետք է հավաքվեին շատ կարճ ժամանակահատվածում, այսինքն երեկ մինչեւ ժամը 24-ը ստորագրությունները պետք է հավաքված լինեին եւ հանձնվեին», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՍԻՄ ղեկավարներից Հայկ Բաբուխանյանը: - «Մեզ պետք էր ոչ թե ստորագրությունները հավաքել, այլ բոլորին հիշեցնել, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին որոշումը ոչ ոք ոչ մի անգամ չի հերքել, անվավեր չի ճանաչել»:

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը համատեղ որոշում էին ընդունել վերամիավորման վերաբերյալ, եւ, ըստ Բաբուխանյանի, իշխանությունները այդ որոշման մասին հիշում են, երբ «Քոչարյանին պետք է առաջադրվել նախագահ»:

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահը հայտարարել էր, թե Հրանտ Խաչատրյանը չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու, քանի որ ԼՂՀ քաղաքացի չէ:

Լեռնային Ղարաբաղում Հրանտ Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի խոսքերով, սակայն, իրենց հանձնելով ստորագրահավաքի մատյանները, հանձնաժողովը փաստորեն ճանաչել է Խաչատրյանի թեկնածության օրինականությունը: Միրզոյանի խոսքերով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից եւ ոչ մեկը քաղաքացիության հարցը չի բարձրացրել:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG