Մատչելիության հղումներ

Հայաստանը հրաժարվել է պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում


Հուլիսի 6-11-ը Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը՝ օրակարգում չընդգրկել Վրաստանի պատվիրակության առաջարկած հարցը:

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել է Աբխազիայում ներկայումս տիրող կացությունը: Ռուսաստանի Դաշնության պետդուման վերջերս ընդունել է օրենք, որը բավականին դյուրին ընթացակարգ է սահմանել ԽՍՀՄ նախկին քաղաքացիների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վրացական կողմի պնդումները, թե դա միտումնավոր է արված, «որպեսզի Աբխազիայում բնակվողները կարողանան ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն»: Վրաստանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ արդեն իսկ ստացել է ռուսաստանյան քաղաքացիություն: Դրանց մեջ զգալի է Աբխազիայում բնակվողների, թիվը, իսկ դա, ըստ վրացիների, կարող է հիմք ծառայել Աբխազիայի՝ Վրաստանի կազմից դուրս գալու համար:

Ըստ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ «կոնսենսուս մինուս մեկ» մեխանիզմի, հարցը քննարկման չդնելու համար Ռուսաստանից բացի, առնվազն մեկ այլ պատվիրակություն եւս պետք է դեմ քվեարկեր: Գագիկ Ասլանյանը, սակայն, մերժել է ռուսաստանյան կողմի խնդրանքը:

«Դիմեցին մեզ, որպեսզի մենք օգնենք Ռուսատանին, սակայն ես այս հարցում ձեռնպահ մնացի, որովհետեւ մենք երկու երկրների հետ էլ ունենք դարավոր բարեկամական կապեր, եւ այստեղ միանշանակ այս կամ այն երկրի շահերը պաշտպանելը չէր բխում մեր երկրի շահերից», - ասաց Գագիկ Ասլանյանը: - «Բնականաբար, հայկական պատվիրակության քվեարկությունը գոհունակությամբ է ընդունվել վրացական պատվիրակության կողմից, իսկ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցածը գնահատվել է իբրեւ Ռուսաստանի պարտություն»:

Սա, թերեւս, առաջին դեպքն է, երբ Հայաստանը միջազգային բեմում չի պաշտպանում Ռուսաստանի դիրքորոշումը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG