Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ ՀՅԴ-ն առաջադրի նախագահի իր թեկնածուին


Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնած «Դաշնակցության ընկերվարական գործը Հայաստանում» թեմայով երկօրյա գիտաժողովի այսօրվա նիստում հնչեցին նաեւ հակասական եւ ըմբոստ ելույթներ:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, թեեւ չընդունեց այն տեսակետը, թե հրավիրված գիտաժողովը նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից առաջ հետագա անելիքները ճշտելու եւ հստակեցնելու նպատակ է հետապնդում, այնուամենայնիվ, լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ նախագահական ընտրություններում կուսակցությունն իր թեկնածուով հանդես գա, պատասխանեց. - «Ինչո՞ւ ոչ, ոչինչ բացառել հնարավոր չէ»:

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, սեմինարում քննարկման հանար ընտրված թեմաները՝ ընկերվարական միտքն ու անելիքները ժամանակակից աշխարհում, ընկերվարական գաղափարախոսության կիրառումը Հայաստանում, պարարտ հող են ըմբոստ ելույթների համար, ուստի նա ստիպված էր մի քանի շեշտադրում անել, որպեսզի գիտաժողովի մասնակիցները թեմայից չշեղվեն:

Քննարկումների հիմնական նպատակը, ըստ Վահան Հովհաննիսյանի, պարզելն է, թե որն է դեպի սոցիալական պետություն գնալու ճիշտ ճանապարհը եւ որոնք են այդ ճանապարհին կուսակցության անելիքները:

Հրանտ Մարգարյանի խոսքերով, այսօր արդեն ժամանակն է, որ կուսակցությունը կարողանա ավելի շեշտադրել «ընկերվարական գործը Հայաստանում»: «ժամանակն է կանխել բեւեռացման անզուսպ ընթացքը», - ասաց Մարգարյանը՝ նշելով, որ գիտաժողովը ավելի շատ ներկուսակցական խնդիրներ է քննարկում, «որը կդառնա սկիզբը մեկ այլ ու նոր քննարկման»:

Կուսակցության ավագ անդամ Էդուարդ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, ու այսօր ՀՅԴ պետք է կա'մ վերցնի իշխանությունը, կա'մ անցնի ընդդիմադիր դաշտ: «Կարող ենք՝ վերցնենք, չենք կարող՝ ներողություն, մի թփրտացեք, որովհետեւ ոչինչ մենք չենք կարող անել, եթե իշխանությունը մեր ձեռքում չէ», - ասաց նա: Իսկ եթե հնարավոր չէ իշխանությունը վերցնել, ապա, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ է հասարակական հսկողություն իրականացնել գործող իշխանությունների նկատմամբ. - «Հասարակական վերահսկողություն այս կառավարության վրա: Բայց դա նշանակում է, որ մենք պետք է ընդդիմադիր դիրքերում լինենք»:

Պատմաբան Սարուխանյանը, սակայն, համաձայն չէ, թե այսօր Դաշնակցությունը դադարել է ընդդիմադիր լինելուց: «Հիմա մենք լռել ենք՝ օպոզիցիա չենք: Բա ի՞նչ ենք: Բա ինչո՞ւ ենք մտել խորհրդարան, եթե պիտի պաշտպանենք Քոչարյանի ռեժիմը», - ասաց նա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG