Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վաղարշակ Հարությունյանի հասցեին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած մի քանի թթու խոսքը բավական էր, որ ընդդիմության ամենատարբեր խմբերը նետվեին իրենց հայտարարություններով պաշտպանելու պաշտպանության նախկին նախարարին եւ ներկայացնելու նրա անցած մարտական ուղին»: Այս ներածականի շրջանակում «Առավոտ» թերթը փոխանցում է մասնավորապես նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետեւյալ արձագանքը. «Մեր նախագահի մեծամտությունը սահման չունի. այսօր նա հայտարարում է, թե մեր բանակի 1/3-ի հիմնադիրն ինքն է, վաղը կդառնա 1/2-ի, հետո էլ՝ ողջ բանակի հիմնադիրը: Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իսկ Սամվել Բաբայանը՝ ազատության մեջ, Քոչարյանն ուղղակի չէր կարողանա նման հայտարարություններ անել»: Ըստ Արամ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունը «27»-ի տրամաբանական շարունակությունն է: «Միայն Վազգենին ասպարեզից հեռացնելը Քոչարյանին չբավարարեց: Նրան խանգարում են նաեւ Վազգենի զինակիցները, նրա հետ մարտական ուղի անցած տղաները», - ասում է նա:

Նույն առիթով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ասում է. - «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Վաղարշակ Հարությունյանը գեներալի կոչում է ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում։ Այսինքն, պրն Քոչարյանը՝ փորձելով վարկաբեկել ռուսական բանակում գեներալի կոչում ստացած մարդուն, վարկաբեկում է ռուսական բանակը։ Պրն Քոչարյանը պետք է հայտարարեր, որ ինքը կամային հատկություններից ընդհանրապես զուրկ մարդ էր, եւ իրեն պարտադրեցին, որպեսզի պաշտպանության նախարարը լինի Հարությունյանը, եւ ինքը ստորագրել է հրամանագիրը։ Ես ուզում եմ դիմել Քոչարյանին՝ «Այսօրվա բարձր պաշտոնյաներից է՞լ ում եք պարտադրանքով նշանակել եւ ո՞ւմ առաջիկայում էլի վարկաբեկիչ խոսքերով կազատեք աշխատանքից, եթե նրանք եւս փորձեն իրերը կոչել իրենց իսկական անունով» («Առավոտ»)։

«Առավոտ»-ում, «Հայկական ժամանակ»-ում եւ «Օրրան»-ում բերվում են եւ վկայություններ, որ Վաղարշակ Հարությունյանը եղել է ռազմաճակատում, մարտական գործողությունների մասնակցել որպես, մասնավորապես, միլիցիայի հատուկ ջոկատների համակարգող, դեռեւս 1991 թվականից մասնակցել հայկական բանակի հիմքերի ձեւավորմանը: «Օրրան»-ում ընդգծված է. «Հերթական անգամ հանրապետության նախագահը խոսեց ոչ թե խնդիրների էությունից, այլ իրեն հատուկ ձեւով անձնավորեց դրանք»:

Նախագահ Քոչարյանի ընթացքին խիստ քննադատորեն նայող «Իրավունք»-ի մեկնաբանն էլ գրում է. «Նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առջեւ ծառանում է ծանրագույն խնդիր՝ հենց առաջին փուլով հավաքել նախագահ դառնալու համար անհրաժեշտ քանակի քվեներ՝ առանց չափազանց ակնհայտ խախտումների: Դա գրեթե անիրագործելի խնդիր է... Թույլ տալ ընտրությունների երկրորդ փուլ չափազանց վտանգավոր է Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ նրա հետ երկրորդ փուլ անցած ցանկացած ուժեղ գործչի պարագայում (լինի դա Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե լիովին նոր դեմք) վարչական եւ ֆինանսական ռեսուրսներ ապահովող չինովնիկներն ու օլիգարխները Ռոբերտ Քոչարյանի վրա կաշխատեն «կես ուժով»՝ միաժամանակ ձգտելով «պահեստային» ստվերային ծառայություններ մատուցել նրա մրցակցին, որպեսզի այդ մրցակցի հաղթանակի դեպքում արեւի տակ իրենց տեղն ունենան»: Այնպես որ, ըստ մեկնաբանի, «ամենեւին էլ չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ չի առաջադրվի եւ կգերադասի իքս թեկնածուի հետ կնքել իշխանության սահուն փոխանցման եւ սեփական անձեռնմխելիության պայմանագիր»:

«Երկիր» թերթում այսօր ուշադրություն է սեւեռվում որոշ կազմակերպությունների ու քաղաքական գործիչների կողմից ՀՀՇ-ին ընդհանրապես եւ հատկապես նախկին նախագահին ուղղված հրապարակային ռեւերանսներին։ «Նախորդ իշխանության օրոք ու շնորհիվ «մարդ դարձած» որոշները այս իրավիճակում հայացքներն ուղղում են նախկին տերերի կողմը», - մատուցվում է «Երկիր»-ում։ - «Փորձով համոզվելով, որ քաղաքական դաշտում գոյատեւելու, առավել եւս ՝ հաջողություններ արձանագրելու համար իրենք ո՛չ գիտելիք ունեն, ո՛չ էլ փորձ, այդ շրջանակները անխուսափելիորեն պետք է տանիք կամ դրոշակակիր փնտրեն, աջակցեն նրա հաղթանակին, որպեսզի պահպանեն իրենց դիրքերը»։

«Ազգ» թերթը ներկայացնում է Զորի Բալայանի «Չարագույժ գայթակղություն» վերնագրով հոդվածը, որտեղ հայտնի հրապարակագիրը պահանջում է ապագա Ազգային ժողովի պատգամավորներին զրկել անձեռնմխելիության իրավունքից, ինչի դեպքում, ըստ նրա, մեր ապագա խորհրդարանը զերծ կլինի ամեն տեսակի ապօրինի գործարարությամբ զբաղվող գորշ զանգվածից: «Գայթակղությունները, որ հրապուրում ու պառլամենտ են տանում պատգամավոր լինելու կարողությամբ Աստծո կողմից չօժտված մարդկանց, ավաղ, շատ-շատ են», - գրում է Զորի Բալայանը: - «Դրանք պետք է վերացնել, եւ դա պետք է անենք մենք՝ ընտրողներս: Առանց բացառության բոլոր պատգամավորների, այդ թվում նաեւ կուսակցական ցուցակներով անցնողների առաջ պետք է պարտադիր պայմաններ դնել»:

Ինչ վերաբերում է առայժմ անձեռնմխելիների կյանքին ու գործին, մինչ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ արդեն տարածել է խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի արձագանքը, թե՝ «Հուլիսի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության անդամ Գեւորգ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով անհրաժեշտ եմ համարում անպայման նշել, որ խորապես դատապարտում եմ տեղի ունեցածը», այդ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այսօր ասում է. «Եթե իրականում նման տհաճ միջադեպ լիներ, ինչպիսին նկարագրել են մի շարք թերթեր, ապա դրանից տեղյակ կլինեի եւ անմիջապես միջոցներ կձեռնարկեի... Չեմ կարծում, որ նման բան եղած լինի»: Սահակյանի ընկալմամբ՝ այսպես «տարբեր քաղաքական ուժեր անընդհատ փորձում են սեպ խրել իշխանության տարբեր թեւերի, ինչպեսեւ խմբակցության պատգամավորների միջեւ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG