Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքով, անարդյունավետ է օգտագործվում սփյուռքահայերի օգնությունը


Հայաստան - սփյուռք արդեն երկրորդ համահայկական համաժողովը ետեւում է մնացել, սակայն համագործակցության ուղիների փնտրտուքը շարունակվում է: Մինչ այժմ նման համաժողովները, չնայած սփյուռքահայ գործարարների լայն ներկայացվածությանը, մեծածավալ ներդրումների ներգրավման առումով շոշափելի արդյունքներ չեն տվել:

Սփյուռքը առայժմ ձեռնպահ է հայրենիքում ներդրումներ անելու հարցում ոչ միայն այն պատճառով, որ նկատելի անվստահություն կա Հայաստանի գործարար միջավայրի նկատմամբ, այլեւ գործարարության աջակցության ինստիտուտներն ու կառույցները ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում բավարար չափով զարգացած չեն:

Այդուհանդերձ, սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական գործընթացներին երկակի է. մի կողմից, այնտեղից ստացվող միջոցները ծառայել եւ ծառայում են բարեգործությանը, մյուս կողմից, արվում են տնտեսական ներդրումներ, որոնց նպատակն, անշուշտ, հնարավորինս բարձր շահույթներն են։ Ու ամբողջ խնդիրն օժանդակության այս երկու ձեւերի միջեւ խելամիտ հաշվեկշիռ ձեւավորելն է։

Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գլխավոր տնտեսագետ Լեւ Ֆրենկմանի կարծիքով, դեռեւս մեծ խզում կա մի կողմից Սփյուռքի փողի եւ ուղեղների, մյուս կողմից, Հայաստանի պահանջմունքների եւ, երրորդ կողմից՝ երկրի պաշտոնական դոնորների ջանքերի միջեւ: Նրա կարծիքով, Հայաստանի պաշտոնական ու գործարար շրջանակներում դեռեւս չեն առաջացել այն կառույցները, որոնք տրամադրվող օգնությունները կծառայեցնեին նոր բիզնեսների ու մրցունակ ծրագրերի իրագործմանը։ Առավել եւս չի ձեւավորվել «նորարարական բարեգործության» մտածողությունը Սփյուռքում, երբ իրենց օգնությունը սփյուռքահայերը կնպատակաուղղեին Հայաստանում բարձրակարգ աշխատատեղերի ու արտահանմանը կողմնորոշված արտադրությունների ստեղծմանը։

Ֆրենկմանը իբրեւ բացասական օրինակ վկայակոչում է Լինսի հիմնադրամի օժանդակությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերը. - «Ըստ իս, Լինսի ծրագիրը ցայտուն օրինակ է, երբ սխալ է ընկալվում, թե ի՞նչ է տնտեսական զարգացումը եւ ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անի սփյուռքը։ 170 միլիոն դոլար ծախսվում է մեկ րոպեի ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆրենկմանը, հավելելով, թե շատ լավ է վերանորոգել ճանապարհները, վերակառուցել շինությունները, սակայն, այն, ինչը իսկապես պակասում է Հայաստանում, դա այն աշխատատեղերն են, որտեղ զբաղված մարդիկ ունակ կլինեն ինչ-որ բան արտադրել ու արտահանել։ «Այդ փողերի գոնե մի մասը կարող էր օգտագործվել նոր բիզնեսների, նոր ձեռնարկությունների, կամ բիզնեսին աջակցող նոր կառույցների ստեղծման նպատակով», - ասաց Լեւ Ֆրենկմանը, ափսոսանով ավելացնելով. - «Որոշակի իմաստով հերթական հնարավորությունը բաց է թողնվում»։

«Խնդիրն այն է, որ սփյուռքի բարեգործության եւ գործարար աջակցության միջեւ չինական պատ գոյություն ունի, թեեւ այդ պատը որոշ ճաքեր է տալիս», - Հայաստան - սփյուռք հարաբերությունները նկատի ունենալով, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Համաշխարհային բանկի գիտելիքների եւ զարգացման ծրագրերի փորձագետ Եվգենի Կուզնեցովը, ավելացնելով, թե հարկ է, որ մշակվեն մասամբ բարեգործության տարրեր պարունակող ծրագրեր, որոնք, սակայն, կողնորոշված կլինեն զարգացմանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG