Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանությունն իրեն հանգիստ ու վստահ է զգում». պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այս արտահայտությամբ է վերնագրված «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հետ նրա հեռակա հարցազրույցը: Ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին նախարարը ձգտում է առանձնապես չարձագանքել, նշելով, որ դա միայն կնպաստի զրպարտությունների ավելի ծավալմանը: Ինչ վերաբերում է Հայաստանի գալիք նախագահական ընտրությունների վրա գերտերությունների ազդեցությանը, նա խորապես համոզված է, որ արտաքին միջամտության գործոնը խիստ չափազանցված է: «Եթե Հայաստանի նախագահը ամեն ամիս պարբերաբար շփվում է Ռուսաստանի նախագահի հետ, իսկ, այսպես ասած՝ Ռուսաստանի հովանավորյալ թեկնածուները շփվում են դեսպանատան ու նախարարությունների ավագ մասնագետների մակարդակով, անլուրջ է արտաքին գործոնի մասին խոսել որպես վճռականի», - ասում է Սերժ Սարգսյանը: - «Ես չեմ կարծում, թե ԱՄՆ ղեկավարությունը Հայաստանում թեկնածու կփնտրի առաջ մղելու համար միջպետական այս կայացած հարաբերությունների ֆոնի վրա, երբ Հայաստանի նախագահը հնարավորություն է ունեցել շփվել ԱՄՆ նախագահի հետ, իսկ պաշտպանության նախարարը երկու տարվա ընթացքում երկու անգամ պաշտոնական այցով եղել է Միացյալ Նահանգներում եւ այլն: Այնպես որ, նման լուրեր տարածողները զբաղված են ինքնախաբեությամբ», - եզրափակում է Սերժ Սարգսյանը:

Այս հարցազրույցում հերթական անգամ շեշտվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բարձր մակարդակին են: Մյուս կողմից, ինչպես փոխանցում է «Ազգ»-ի մոսկովյան թղթակիցը, Կրասնոարմեյսկում կրքերը չեն հանդարտվում, եւ ընդհանրապես լարվածության այսպիսի ծավալումները, մանավանդ՝ հրապարակայնությունը կարող են հանգեցնել Ռուսաստանում ապօրինի բնակվող հայերի նկատմամբ վարչական պատժամիջոցների զանգվածային կիրառման:

«Հեյդար Ալիեւի «գաղտնազերծումները» մեծացնում են անվստահությունը հակամարտող կողմերի միջեւ», - «Ազգ»-ի հարցազրույցում ասում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: - «Խախտելով բանակցությունների գաղտնիության պայմանը, ընդ որում՝ ապատեղեկատվությամբ, Ալիեւը ակնհայտորեն վկայում է իր պարտության մասին: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը Մեղրիով փոխանակելու հեռանկարներին, ապա այդպիսի հարցադրումն ինքնին աբսուրդային է», - նշում է ԼՂՀ նախագահը: - «Նախ՝ պաշտոնական Ստեփանակերտը մեկ անգամ չէ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը թույլ չի տա, որ իր խնդիրները Ադրբեջանի հետ լուծվեն Հայաստանի հաշվին: Երկրորդ՝ եթե հետագայում խոսք գնա անգամ ինչ-որ տարածքային փոխանակումների անհրաժեշտության մասին, ապա դրանք, տարրական տրամաբանությամբ, պետք է տեղի ունենան Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ»:

Իր՝ կրկին առաջադրվելը Ղուկասյանը բացատրում է սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու ցանկությամբ՝ նաեւ ընդգծելով. - «Քանի որ ընտրությունները ԼՂՀ-ում իրենց դեմոկրատականությամբ ոչ միայն չեն զիջում, այլեւ առավելաբար գերազանցում են Ադրբեջանում տիրող իրավիճակին, հասկանալի է, որ պաշտոնական Բաքուն բոլոր միջոցներով փորձելու է թույլ չտալ դրանց անցկացումը՝ այսպիսով ձգտելով փրկել սեփական դեմքը: Ահա թե ինչու առավել կարեւոր է, որ ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններն անցկացվեն հնարավորինս ավելի բարձր մակարդակով, քան նախորդներն էին»:

ԼՂՀ նախագահի հնարավոր թեկնածու ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Իրավական դաշտի անհստակությունը որքան որ թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի «քաղաքացիներին» մասնակցել համահայկական ընտրություններին՝ նույնքան էլ թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին մասնակցել ԼՂ ընտրություններին։ Այս պահին այն բոլոր «տեխնիկական» քայլերը, որոնք անհրաժեշտ են առաջադրման համար, հերթականությամբ կատարվում են»։

«Օրրան» թերթը կարծում է, թե նախագահ Քոչարյանի երեկվա որոշ մեղադրանքներին ի պատասխան պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կասի հետեւյալը. - «Երկրի բոլոր կառույցների բնական աշխատանքի համար պատասխանատուն ի պաշտոնե նախագահն է, եւ նրա մեղքն է թե' թերֆինանսավորումը, թե' որպես գլխավոր հրամանատար՝ բանակի մարտական պատրաստվածության ապահովումը, մինչդեռ, իր իսկ խոսքերով, կամավոր դիտորդի կարգավիճակ ստանձնած մարդուց որեւէ բան ակնկալել հնարավոր չէ: Ինչո՞ւ էր իր իսկ հրամանագրով «ռեստորանային գեներալ» Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակել Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր հանդուրժել բանակի թերֆինանսավորումը: Ե՞րբ պարզվեց, որ բանակը քայքայվում է, եւ ինչո՞ւ այդ բանակը «քայքայողին» իր կողքին հանդուրժում էր շուրջ մեկ տարի: Այս եւ այլ հարցերին պատասխանելու փոխարեն Քոչարյանը իր կամ այլոց շուրթերով, ամենայն հավանականությամբ, հարցերը բարձրացնողներին խորհուրդ կտա դիմել համապատասխան բժիշկների»», - ենթադրում է «Օրրան»-ը՝ ընդհանրացնելով. - «Անհասկանալի է, ինչո՞ւ է Քոչարյանը շարունակում պայքարել ինքն իր դեմ՝ իր հրապարակային տարբեր հայտարարություններով խթանելով ընդդիմության գործողությունները եւ նոր բացահայտումների տեղիք տալով, իսկ իր համակիրների համար էլ նվազեցնելով իրեն իսկ պաշտպանելու հնարավորություններն ու տարբերակները»:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումից ի վեր եթե որեւէ մեկը որեւէ փոփոխություն է նկատել քաղաքացիական ծառայության ոլորտում, նրան հանգիստ կարելի է ուղարկել «Շարմ» հեռուստաընկերություն՝ լավատեսական լուրեր մոգոնելու առաքելությամբ», - անդրադառնում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Հիշյալ ոլորտն առավել հետաքրքիր ու գրավիչ է դառնում նախընտրական շրջանում: Պետական պաշտոնյաները սկսում են մեծ խանդավառությամբ ընդգրկվել իշխող (տվյալ դեպքում՝ Հանրապետական) կուսակցության մեջ... Կասկած չկա, որ ցեղակրոն հարկային տեսուչը եւ նժդեհական էլցանցի պետը ջանք ու եռանդ չեն խնայի սեփական կուսակցության հաղթանակի համար: Սակայն ոչ մի բան հավերժ չէ այս աշխարհում. նոմենկլատուրայով ուռճացված կուսակցությունների ճակատագիրը հայտնի է: Իրավիճակի փոփոխությամբ դրանք պայթում են օճառի պղպջակների պես», - նախանշում է խմբագիրը: - «Օրինակ, եթե մյուս տարի վարչապետը փոխվի, ապա Հանրապետական կուսակցությունում կմնան միայն Անդրանիկ Մարգարյանն ու Բուռնաշը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG