Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Բա ինչո՞ւ եք լռում» վերնագրով է «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի պատումը, որ երեկ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Շվիմերի հետ խորհրդարանի խումբ-խմբակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ինքն ու «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հստակ ներկայացրել են Հայաստանում ժողովրդավարության ներկա ողբալի վիճակը: Վալտեր Շվիմերը բավականին ուշադիր լսել է նրանց դիտարկումները, մինչդեռ նշյալ հանդիպմանը ներկա իշխանամետ պատգամավորները ոչ միայն չեն հակադարձել, այլեւ հանդիպման ողջ ընթացքում լուռ նստած են եղել: Այդ մասնակիցներից «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ» թերթում այսօր դժգոհում է. - «Շատ անպարկեշտ գործելակերպ դրսեւորվեց: Փաստորեն հայտարարությամբ հանդես եկավ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւ, խեղաթյուրելով երկրի ներսում ընթացող զարգացումները, ներկայացրեց իրականությանը ոչ համապատասխան պատկեր: Ընդհանուր միտումը հետեւյալն էր, թե գալիք ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը 5 տոկոս ձայն էլ չի հավաքի: Չեմ կարծում, թե Շվիմերի վրա դա տպավորություն գործեց»:

«Այս անգամ լրջորեն» խորագրի տակ է «Հայկական ժամանակ»-ում քննվում «Խորհրդարանը կլուծարվի» թեման: Սեղմ ժամկետներում՝ արդեն օգոստոսի երկրորդ կեսին, նոր ընտրական հանձնաժողովներ եւ հատկապես ընտրատարածքներ ձեւավորելու իշխանությունների ցանկությունը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Խոջոյանի, կարող է պայմանավորված լինել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությամբ: Խորհրդարանի պատգամավոր, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) անդամ Գրիգոր Հարությունյանը եւս հակված է կարծել, որ իշխանությունները արտահերթ ԱԺ ընտրությունների են նախապատրաստվում: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանին ներկայումս սպասարկող քաղաքական ուժերը, հատկապես ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն), կարող են մտավախություններ ունենալ, որ սկզբում նախագահական, իսկ այնուհետեւ նոր ԱԺ ընտրություններ անցկացնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը «կքցի» իրենց: Ուստի, նրանք կարող էին Քոչարյանից պահանջել սկզբում տալ իրենց հասանելիքը, այսինքն՝ ԱԺ-ում որոշակի թվով մանդատներ, որոնք կերաշխավորեն, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններից հետո «խաղից դուրս» վիճակում չի հայտնվի:

«Օգոստոսի 11-ին նշանակված ԼՂՀ նախագահական ընտրությունների շուրջ ներկայումս ավելի շատ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանում, քան Արցախում, եւ», - գնահատում է «Հայոց Աշխարհ» թերթը, - «նման անառողջ մթնոլորտի ձեւավորման հիմնական պատճառը Հայաստանում 2003-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ սկսված նախընտրական պայքարի մեթոդների, տեխնոլոգիաների եւ դրանց քարոզչական մատուցման եղանակների «արտահանումն» է Լեռնային Ղարաբաղ»: Այս առումով «Հայոց Աշխարհ»-ը զգոնության է կոչում. «ԼՂՀ ընտրություններում տեղ գտած ցանկացած, թեկուզ աննշան թերություն անմիջապես օգտագործվելու է Ադրբեջանի կողմից... Փոխադարձ մեղադրանքները ընտրված նախագահի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսակցությունները եւ այլն խոստանում են կտրուկ մեծացնել Ղարաբաղի համեմատական մեկուսացվածությունը արտաքին աշխարհից, հանգեցնել նրա նորընտիր նախագահի եւ ընդհանրապես ողջ իշխանության միջազգային վարկի ու հեղինակության խաթարմանը: Ի՞նչ արժե թեկուզ նախընտրական նպատակներով ասպարեզ նետվող այն «խաբարը», թե իբր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Չէ՞ որ դա հենց այն է, ինչը համառորեն ուզում է ապացուցել ԼՂՀ-ում Հայաստանի «օկուպացիոն ռեժիմի» մասին բարբաջող ադրբեջանական քարոզչությունը: Մտածո՞ւմ են արդյոք Ղարաբաղի ապագայի մասին ԼՂՀ նախագահական ընտրությունների շուրջ աղմուկ բարձրացնող ուժերն ու լրատվամիջոցները, երբ արդեն այսօրվանից գործող նախագահ Արկադի Ղուկասյանին ներկայացնում են որպես Երեւանի դրածո եւ աստիճանաբար հող են նախապատրաստում օգոստոսի 11-ին էլ հաղթանակ արձանագրելու ամենամեծ շանսերն ունեցող այդ թեկնածուի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար»:

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ էլ, Հայաստանի համար շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանի առաջադրվելը ԼՂՀ նախագահի թեկնածու. «Եթե մենք ասում ենք, որ ԼՂՀ-ն Հայաստանի անբաժանելի մասն է, նշանակում է հենց ինքներս չենք ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այսինքն՝ Հայաստանին զրկում ենք որպես միջազգային իրավունքի սուբյեկտ իր ունեցած անձեռնմխելիությունից: Այս իրավիճակը դիտարկեք Մեղրիի ֆոնի վրա: Եթե ԼՂՀ-ն ու Հայաստանը նույնացվում են, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի Հանրապետության հարցն է, եւ Մեղրին ու Երեւանը հայտնվում են նույն կարգավիճակում, ինչ Շուշին ու Խոջալուն, կամ Լաչինը: Այսինքն՝ քաղաքական այս կուրսի խնդիրը (գուցե ակամա) ԼՂՀ կարգավորման համատեքստում ՀՀ ողջ տարածքը առեւտրի առարկա դարձնելն է»:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դավթյանի արձագանքը, թե ՍԻՄ նախագահը ԼՂՀ քաղաքացի ու բնակիչ չէ, ուստի, ըստ օրենքի, չի կարող իր թեկնածությունն առաջադրել, «Օրրան» թերթի որակմամբ, «ական է, որն ըստ էության նախապատրաստում են յոթ ամիս հետոյի համար, Քոչարյանի համար»: «Շատ հետաքրքիր իրավիճակ է առաջանալու», - ուղենշում է «Օրրան»-ը, - «երբ ամիսներ անց Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ հիշեցնեն այդ օրենքների եւ Սահմանադրության պահանջները, դրան հավելելով նաեւ այս տարվա ԼՂՀ նախագահի ընտրությունների ընթացքում, ըստ էության, արդեն իսկ տեղի ունեցած նախադեպը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս էլ որոշել ենք օրինապահ դառնալ եւ այլեւս չխախտել երկրի օրենքները»:

Օրերս հրապարակվեց երկու ցուցակ. մեկը՝ հարկային պարտավորությունից չարամտորեն խուսափողների, մյուսը՝ վնասով աշխատող ձեռնարկությունների։ «Առաջին ցուցակում հայտնվածները բողոքում են՝ ապացուցելով, թե հարկերը վճարել են ժամանակին ու ամբողջությամբ։ Երկրորդ ցուցակի «հերոսները» ցնծության մեջ են. մինչ այժմ գործող օրենքի համաձայն՝ նրանք շահեկան դիրքում են: Քանի դեռ չեն վճարել նախորդ տարիներին կուտակած պարտքերը, պարտավոր չեն շահութահարկ վճարել: Վերջիններիս թվում իշխանությունների հովանավորությունը վայելող այնպիսի ձեռնարկություններ են, որոնց վնասով աշխատելու փաստը ոչ մի կերպ չի տեղավորվում սթափ մտքի շրջանակներում», - ուշադրություն է սեւեռում «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Վնասով աշխատելու վերաբերյալ հայտարարագրեր են ներկայացրել ամենաշահավետ թվացող խոշոր ձեռնարկությունները։ Սեփական եկամուտները թաքցնելու հմտությունն ու հնարավորությունը հենց այն ստվերն է, որի դեմ պայքարելու անհաջող փորձեր ենք անում»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG