Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը կրկին կհանդիպի յոթամսյա ընդմիջումից հետո


Հուլիսի 10-13-ը Թուրքիայի Բոդրոմ ծովափնյա բնակավայրում տեղի կունենա հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի նոր հանդիպում՝ յոթամսյա ընդմիջումից հետո:

Անցած տարվա հուլիսին ստեղծված հանձնաժողովի աշխատանքները կանգ էին առել, երբ հայկական կողմը դադարեցրել էր իր մասնակցությունը՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների, որը միակողմանիորեն դիմել էր Նյու Յորքի Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին՝ դադարեցնելու հայոց ցեղասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունը: Մինչդեռ նման ուսումնասիրություն անցկացնելու խնդրանքով կենտրոնին դիմելու որոշումն ընդունել էր հանձնաժողովի ողջ կազմը:

Հայկական կողմը հանձնախմբում ներկայացնում էին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Ամերիկայի հայկական համագումարի նախկին նախագահ Վան Գրիգորյանը եւ Երեւանի պետական համալսարանի դասախոս Դավիթ Հարությունյանը: Վերջին երեքը մասնակցելու են Բոդրոմի հանդիպմանը: Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցելու, քանի որ վատառողջ է:

Թուրքիա մեկնելուց առաջ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ հայկական կողմը չի հրաժարվել իր մտադրությունից, քանի որ իրենց հիմնական նպատակը հայոց ցեղասպանության հարցն է. - «Մեր գործունեության համար դա առաջնային նշանակություն ունի», - ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ թեեւ այդ հարցում առաջխաղացում չկա, հարցը քննարկելու համար օգտագործելու են բոլոր հնարավորությունները:

Հանձնախմբում առաջացած մյուս հարցերից էր թուրք անդամներից ոմանց փոխարինումը: Հայ անդամներից Անդրանիկ Միհրանյանը «Ազատություն» ռադիակայանի հետ հարցազրույցում ասել էր, որ նրանք՝ խախտելով պայմանավորվածությունը, հրապարակավ ելույթներ էին ունեցել հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Դավիթ Հովհաննիսյանը, դա հանձնախմբի աշխատանքը շարունակելու պայման չհամարելով հանդերձ, ասաց, որ թուրք որոշ անդամների նման ելույթները բացասական ազդեցություն են թողել բուն հանձնախմբի գործունեության վրա:

Առաջիկա հանդիպումը չի նշանակում, թե ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Ավելին, Դավիթ Հովհաննիսյանի խոսքերով՝ դեռ չի կարելի ասել, թե հանձնախումբը շարունակելու է գործունեությունը. օրակարգում այդ հարցը դրված չէ, դա պարզ կդառնա միայն հանդիպումից հետո:

«Հանձնախմբի աշխատանքի համար փոխադարձ վստահություն է անհրաժեշտ», - ասաց Հովհաննիսյանը: - «Թե մենք, թե մեր թուրք գործընկերները մեկս մյուսի անկեղծությանը պետք է վստահենք, պետք է վստահ լինենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անկեղծ ձգտման մեջ: Առանց սրա, հավանաբար, դժվար կլինի շարունակել: Բայց ես այս հարցում բավականին լավատես եմ եւ գտնում եմ, որ հենց պատասխանատվության բարձր աստիճանը կգիտակցվի բոլոր անդամների կողմից, եւ հանձնաժողովը կկարողանա դրականորեն շարունակել իր աշխատանքը»:

Պատասխանելով առաջիկա հանդիպման նպատակներին վերաբերող հարցին, Դավիթ Հովհաննիսյանը ասաց. - «Կարիք կա, որ մենք հավաքվենք, միասին քննարկենք, թե ինչ ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհը շատ ծանր է եղել, բայց նաեւ՝ բավականին արգասաբեր: Մենք որոշ անհաջողություններ էլ ենք ունեցել, բայց նաեւ լուրջ ձեռքբերումներ են եղել»:

Իսկ հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար հանձնախմբի գործունեությունը ներկայումս, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական մակարդակով հանդիպումներ են անցկացվում, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամը պատասխանեց, թե «երկու հասարակությունների միջեւ անկեղծ, պատասխանատու երկխոսությունը միշտ անհրաժեշտ է»:

«Այս տարածաշրջանի առանցքային հարաբերությունները հայ-թուրքական հարաբերություններն են: Սրանցից կախված է տարածաշրջանի անվտանգությունը եւ ապագան», - ասաց Դավիթ Հովհաննիսյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG