Մատչելիության հղումներ

Շվիմերը գոհ է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը երեքշաբթի սկսված պաշտոնական այցի առաջին օրը Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների ժամանակ գոհունակություն է հայտնել եվրոպական այդ կառույցին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Քոչարյանն ու Վալտեր Շվիմերը քննարկել են Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես անդրադարձել են մահապատժի վերացման խնդրին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին:

Տարածաշրջանային համագործակցությունը դիտելով կողմերի միջեւ փոխվստահության ձեւավորման համար կարեւոր քայլ, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ Հայաստանը բազմիցս արտահայտվել է այդ գաղափարի օգտին՝ առաջ քաշելով «համագործակցության ճանապարհով հակամարտության կարգավորում» բանաձեւը, ինչը, սակայն, մշտապես մերժվել է Ադրբեջանի կողմից:

Հարցերի նույն շրջանակն է քննարկվել նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի մյուս հանդիպումների ժամանակ: Վալտեր Շվիմերին այսօր ընդունել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ դասախոսությամբ հանդես է եկել Երեւանի պետական համալսարանում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG