Մատչելիության հղումներ

Մաքսային մուտքերը առաջին կիսամյակում գերակատարվել են


Ինչպես հարկահանները, մաքսավորները եւս գերակատարել են առաջին կիսամյակի պլանային առաջադրանքները: Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական շարժառիթը այս հայտարարությունն անելն էր։

Մաքսային կոմիտեի նախագահը իր խոսքում շեշտեց, թե բյուջեի մաքսային մուտքերն աճել են՝ չնայած, որ շարք ապրանքների, ու հատկապես, սննդամթերքի ներկրումը պակասել է, քանի որ դրանց փոխարինել է տեղում արտադրվածը։ Դրա հետ մեկտեղ, Արմեն Ավետիսյանի խոսքերով, անցյալ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով ավելացել է արտահանումը։

Մաքսային կառույցի խնդիրը ոչ միայն բյուջեն եկամուտներով ապահովելն է, այլեւ մաքսանենգությունը կանխելը։ Վերջերս նախագահի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ այս կառույցը խստորեն քննադատվեց մի շարք ենթաակցիզային ապրանքների, մասնավորապես, ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի մաքսանենգության դեպքերի ավելացման առնչությամբ: Արմեն Ավետիսյանի պարզաբանմամբ, մաքսային կոմիտեն այդ ընթացքում տարված է եղել պլանային առաջադրանքների կատարմամբ ու այդ պատճառով մաքսանենգությունը տեսադաշտից դուրս է մնացել եւ «գերազանցվել է մաքսանենգության թույլատրելի չափը»: Ավետիսյանը դժվարացավ սահմանել այդ «թույլատրելի չափը»՝ ասելով սոսկ, թե մաքսային ոլորտում ստվերայնությունը, որպես կանոն, մի քանի անգամ ավելի քիչ է, քան հարկային բնագավառում։

Այդուհանդերձ, մաքսավորները առաջին կիսամյակում մաքսանենգության 84 դեպք են գրանցել, որոնցից 17-ի գծով քրեական գործեր են հարուցվել, 75 դեպքերում՝ իրավախախտները ենթարկվել են վարչական տույժ ու տուգանքների։

Ավետիսյանի մատուցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում 29 միլիարդ դրամ մաքսային արժեքով փոխադրամիջոցներ են ներկրվել, ինչը նախորդ տարվա ներկրածի համեմատ 4 միլիարդ դրամով ավելի է: Սա նրան հիմք է տալիս եզրակացնել, թե Հայաստանում կյանքը բարելավվել է:

Պարոն Ավետիսյանն այսօր անդրադարձավ բյուջեին եկամուտներ բերող հիմնական ապրանքների, օրինակ՝ բենզինի ներկրմանը: Բյուջեով ծրագրված ամսական միջին հաշվով 16,5 հազար տոննայից զգալիորեն քիչ ավտովառելիք է ներկրվել: «Բոլորիս համար արդեն պարզ է, որ բենզինի նման միջին ամսական քանակություն չենք ունենալու: Առաջին կիսամյակում շուրջ 12 հազար տոննա էր միջին ամսական ներկրումը», - ասաց նա:

Մաքսային կոմիտեում վերլուծել ու համոզվել են, որ բենզինի թանկացման պայմաններում մեքենաների զգալի մասը անցել են հեղուկ կամ սեղմված գազի։ Այսօր, փաստորեն, սեղմված գազով է աշխատում երթուղային տաքսիների ամբողջ պարկը, անձնական ավտոմեքենաների մի մասը եւս փոխարդվել է գազային վառելիքի։ Իսկ դա նշանակում է, որ բենզինի սպառումը առնվազն 3-4 հազար տոննայով կրճատվել է, համապատասխանորեն նվազել են նաեւ բյուջեի մուտքերը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG