Մատչելիության հղումներ

logo-print

Վալտեր Շվիմեր. «Մահապատժի վերացումը բանակցելի հարց չէ Եվրախորհրդի համար»





Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի՝ հուլիսի 8-10-ը Հայաստան կատարելիք պաշտոնական այցի օրակարգում է եվրոպական այդ կառույցի անդամակցությամբ Հայաստանի ստանձնած առանցքային պարտավորություններից մեկի՝ մահապատժի վերացման, կատարման ընթացքը:

Այստեղ, ինչպես հայտնի է, նոր զարգացումներ են տեղի ունեցել. Ազգային ժողովը նոր Քրեական օրենսգրքում, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որոշակի վերապահումներ է թողել մահապատժի հարցում՝ հատկապես՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վերաբերյալ: Իսկ Հայաստանի վարչապետը օրերս հայտարարել էր, թե «ահաբեկիչները արժանի են ամեծանր պատժի»:

«Ընդամենը վերջերս էր, որ Եվրախորհուրդը հաստատեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նոր [թիվ 13] արձանագրությունը, որով արգելվում է այդ պատիժը նույնիսկ պատերազմական հանցագործությունների դեպքում: Շուտով մենք կընդունենք մարդու իրավունքներին ու ահաբեկչությանը վերաբերող ուղենիշեր, եւ կրկին կշեշտվի, որ չի կարող լինել որեւէ բացառություն այդ սկզբունքից՝ նույնիսկ ահաբեկչության դեպքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: - «Մահապատիժը ուղղակի տեղ չունի քաղաքակիրթ ժողովրդավարությունում: Դրա վերացումը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է եւ, հետեւաբար, բանակցելի հարց չէ Եվրախորհրդի համար: Հայաստանը հստակ պարտավորություն է ստանձնել պահպանել մահապատժի մորատորիումը, եւ ես կարծում եմ, որ այն պետք է ամբողջությամբ հարգվի: Ես չեմ ուզում մանրամասնել այն լուրջ քաղաքական հետեւանքները, որոնք կառաջանան գործողությունների ցանկացած այլ զարգացման դեպքում»:

Խոսելով այցի նպատակների մասին, Շվիմերը փոխանցեց, թե Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու է երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: «Իմ հանդիպումների հիմնական թեմաները կլինեն օրենսդրական բարեփոխումները, մահապատժի վերացումը, մոտակա ընտրությունների նախապատրաստումը, մամուլին, մշակութային ոլորտում համագործակցությանը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր»:

Անդրադառնալով օրերս ավարտված Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար Թերի Դեւիսի նշանակմանը՝ որպես Ղարաբաղի հարցով զեկուցող, Շվիմերը ասաց. - «Երբ Հայաստանն ու Ադրբեջանը միացան մեր կազմակերպությանը, նրանք ստանձնեցին ԼՂՀ հակամարտությունը խաղաղ միջոցներով լուժելու պարտավորություն: Եվրախորհուրդը նույնքան լուրջ է վերաբերում Հայատանի ու Ադրբեջանի այդ հանձնառությանը, որքան նրանց մյուս պարտավորություններին: Եթե մենք կարող ենք օգնել՝ ապա կօգնենք»:

Վալտեր Շվիմերը ավելացրեց, որ Եվրախորհուրդը պատրաստ է նպաստել խաղաղ գործընթացին՝ օգտագործելով այդ կառույցի, հատկապես Վենետիկի հանձնաժողովի կոլեկտիվ փորձն ու իմացությունը:

Պատասխանելով «Ա1+» հեռուստաընկերությանը վերաբերող հարցին, որի վերաբացման անհրաժեշտության մասին իր հայաստանյան այցի ավարտին խոսել էր Եվրախորհրդում Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող «Ագոյի խմբի» ղեկավարը՝ Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոն, Վալտեր Շվիմերը ասաց. - «Այս դեպքում, ինչպես լիցենզավորման ցանկացած գործընթացում, մրցույթը պետք է լինի արդար եւ թափանցիկ՝ հիմնված հստակ եւ օբյեկտիվ չափանիշների վրա: Պետք է նաեւ հնարավոր լինի դատարանում վիճարկել լիցենզավորող մարմնի՝ արտոնագիրը տալու կամ չտալու, այն երկարացնելու կամ չերկարացնելու որոշումը: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի իշխանությունները «Ա1+»-ի խնդրին լուժում են փնտրում եւ վստահ եմ, որ դրական լուծումը շուտով կգտնվի»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG