Մատչելիության հղումներ

Դատարանը չի հետաքրքրվում «Հոկտեմբերի 27»-ի գործով պատգամավորական հանձնաժողովի ունեցած տեղեկություններով


«Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Գագիկ Կոստանդյանը դատարանում որպես տուժող ցուցմունքներ տալիս հայտարարել էր, թե հանձնաժողովի գործունեության ընթացքում հույժ կարեւոր տեղեկություններ են ձեռք բերվել եւ խոստացել էր դրանք՝ գրավոր տեղեկանքի տեսքով տրամադրել դատարանին:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու նշված փաստաթուղթը մինչեւ այժմ դատարանին չի ներկայացվել, Կոստանդյանը ասաց, թե այդ փաստերի մասին մի քանի անգամ հրապարակումներով հանդես է եկել մամուլում: «Մենք ուղղակի իրենց պետք է հուշենք՝ ուր գնան, ում հարցնեն, ինչ հարցնեն», - ավելացրեց նա: - «Որովհետեւ բավականին լուրջ փաստեր են ի հայտ եկել մեկուսարաններում հանդիպումների ժամանակ»:

Նրա խոսքերով, գոյություն ունի որոշակի անձանց ցուցակ, ովքեր լուրջ փաստարկներ են առաջ քաշում, եւ իրենք [հանձնաժողովի անդամները] կարող են դատաքննությանը տրամադրել այդ ցուցակը: «[Ահաբեկիչների] հետեւում կա՞ն մարդիկ կանգնած, թե՞ չկան, այդ փաստարկները այնտեղ ավելի լավ են երեւում», - ասաց նա:

Այսինքն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով հանձնաժողովը նախաքննության մարմնին օգնության ձեռք է մեկնում, իսկ վերջինս անհայտ պատճառներով չի հետաքրքրվում հանձնաժողովի ձեռք բերած այդ կարեւոր տեղեկություններով: «Միգուցե իրենց պետք չէ՞ դա», - չբացառեց Գագիկ Կոստանդյանը:

Խոսելով Ազզգային ժողովի անցած արտահերթ նստաշրջանների մասին, պատգամավորը կասկած հայտնեց, թե դրանք խիստ անհրաժեշտ էին՝ «որովհետեւ հրատապ հարց չկար»: Որպես բացառություն Կոստանդյանը նշեց ԱԺ կանոնակարգում փոփոխությունների ու լրացումների ընդունումը: Դա, պատգամավորի խոսքերով, «որոշ քաղաքական ուժերի եւ որոշ ղեկավարների անհանգստության պատճառ էր դարձել»:

Կոստանդյանը հերքեց, թե հապճեպության պատճառը օրինագծերն առանց դժվարության անցկացնելն էր: «Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել Ազգային ժողովում, այնպիսի ուժային հարաբերակցության կա, որ ինչ օրենք էլ գա, անցնելու է առանց դժվարության», - ասաց նա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG