Մատչելիության հղումներ

Բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են





Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հինգշաբթի օրը հայտարարեց, թե կառավարությունը գերակատարել է այս տարվա առաջին կիսամյակի պետական բյուջեով նախատեսված եկամուտների ծրագիրը, ինչը թույլ է տվել ոչ միայն կատարել ծրագրված բոլոր հատկացումները, այլեւ՝ հավաքված գումարներից 1,5 միլիարդ դրամ հատկացնել նախորդ տարիներից փոխանցված պարտքերի մարմանը:

Կմարվեն, մասնավորապես, գիտնականների, մանկական թերթերի, հրատարակչությունների, թատրոնների, ինչպես նաեւ համաշխարհային բանկի ծրագրերի համաֆինանսավորման գծով անցյալ տարվա պարտքերը։ Եվս 200 միլիոն դրամ կհատկացվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրին:

Վարդան Խաչատրյանի խոսքերով, անցյալ տարիներից մնացել են միայն առողջապահության բնագավառի հատկացումների եւ համայնքների բյուջեներին տրվելիք դոտացիաների գծով պարտքերը, որոնք կառավարությունը հույս ունի մարել ի հաշիվ Համաշխարհային բանկի ՍԱՔ-4 վարկի վերջին մասաբաժնի եւ այս տարվա ՍԱՔ-5 վարկի հաշվին։

«Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երեւի, որ վեց ամիսը կատարվել է 103 տոկոս, հարկային ու մաքսային մուտքերը ամբողջությամբ կատարվել են, ոչ հարկային մուտքերը՝ նույնպես: Եվ ծախսերը ամբողջությամբ նույնպես կատարվել են», - հայտարարեց Վարդան Խաչատրյանը:

Այս տարվա առաջին 6 ամիսներին հավաքված հարկային եկամուտները 14 տոկոսով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նախարարի խոսքերով, տեսականորեն, եթե հաջողվում է առաջին կիսամյակում կատարել երկրի բյուջեի 40 տոկոսը, ապա ամբողջությամբ վերցրած տարեկան բյուջեի կատարումը դառնում է իրական:

«Մենք ավելի բարձր ցուցանիշ էինք վերցրել», - շարունակեց Վարդան Խաչատրյանը: - «45 տոկոս էինք պլանավորել եւ 45 տոկոսը կատարվեց: Դա հույսեր է ներշնչում, որ եթե այս տեմպերը, աշխատանքային այս ոճը պահպանվի, բյուջեն ամբողջությամբ կարող է կատարվել»:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը «լրացուցիչ միջոցների ստեղծումը» պայմանավորեց նաեւ նախագահի ու վարչապետի կողմից «զսպվածության», «ծախսերի նկատմամբ խիստ վերահսկողության» դրսեւորմամբ: Նրանք հավելյալ ծախսեր չեն կատարել, ինչի հաշվին էլ խնայվել են գումարները:

Հարցին, թե չի պատրաստվում արդյո՞ք կառավարությունը բարձրացնել կենսաթոշակառուների չնչին թոշակները կամ բյուջետային աշխատողների խղճուկ աշխատավարձերը, նախարարը պատասխանեց, թե դրան կանդրադառնան վերջնական հաշվարկները կատարելուց հետո:

Վարդան Խաչատրյանը հնարավոր համարեց, որ հաջորդ տարվանից բարձրացվեն կենսաթոշակները եւ պետական պաշտոնյաների աշխատավարձերը: Նա ձեռնպահ մնաց կենսաթոշակի բարձրացման վերաբերյալ կոնկրետ թիվ մատնանշելուց: Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձին, ապա, ըստ նախարարի, նախատեսվում է ամենակրտսեր պաշտոնյայի աշխատավարձի նվազագույն շեմը սահմանել 20 հազար դրամ (ներկայումս պետական ծառայողների միջին աշխատավարձը 17 հազար դրամ է)։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG