Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը կողմ է քվեարկում համամասնական տեղերի կրճատմանը


Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունը, ըստ որի Ազգային ժողովում պատգամավորական տեղերի 94 համամասնական եւ 37 մեծամասնական հարաբերակցությունը փոխարինվելու է 75 համամասնական եւ 56 մեծամասնական հարաբերակցությամբ: Փոփոխության քննարկումն ու քվեարկությունը առաջին անգամ բացահայտ կերպով երեւակեցին նախագահ Քոչարյանին սատարող երկու ուժերի՝ Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության հակասությունները:

ՀՅԴ ներկայացուցիչ, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից դիմելով հանրապետականերին ասաց, թե «քաղաքական համաձայնությունները պետք է հարգել», հակառակ դեպքում հետագա պայմանավորվածությունները անհնար ու շինծու են դառնում:

«Վերանայման նախաձեռնությունը ամենապերճախոս վկայությունն է, որ համամասնականի հնարավորինս առավելագույն մեծացումը իսկապես լուրջ գործոն է հանդիսանում ընտրական արատավոր մեխանիզմները բարեփոխելու եւ երկրի քաղաքական համակարգը առողջացնելու համար», - ասաց Դաշնակցության մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Բացատրելով իրենց նախաձեռնության դրդապատճառները, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը ասաց, թե 2000 թվականին 94/37 հարաբերակցությունն էր սահմանվել, որպեսզի «կուսակցությունները ժամանակ ունենան եւ' անձերով, եւ' իրենց ծրագրերով ժողովրդին մատչելի դառնալ», սակայն, անցած ժամանակահատվածում, Սահակյանի խոսքերով, դա տեղի չունեցավ: Նրա կարծիքով, կուսակցությունները ժողովրդին ներկայանում են սոսկ որպես «դիմություն կամ ընդդիմություն», թույլ է գաղափարախոսական աշխատանքը, «թույլ են ծրագրերը, թույլ են նաեւ անձերը»:

Իսկ հանրապետականների վարքագծի պրակտիկ շարժառիթների մասին լրագրողներին տեղեկություններ փոխանցեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որի հետ բանակցություներում հանրապետականների ներկայացուցիչները ասել են, թե պրոբլեմներ ունեն կուսակցության ներսում. հանրապետականներից շատերը իրենց անցնելը հաջորդ խորհրդարան ավելի դյուրին են համարում մեծամասնական կարգով: Հանրապետականները, Արթուր Բաղդասարյանի խոսքերով, պետք է որոշեն «ուզում են ձեւավորել քաղաքակա՞ն խորհրդարան, թե՞ թաղային խորհրդարան»:

«Ես չեմ կարծում, որ թաղային հեղինակություն ասածը վատ տրամաբանության արդյունք է», - հակադարձեց Գալուստ Սահակյանը: - «Եթե գողերի եւ ավազակների խնդիր կա, թող հասարակությունը ասի՝ այ էս մեկը գող է»:

Այսօր խորհրդարանում առանց որեւէ բարդության հավանության արժանացավ «Ոստիկանության մասին» օրենքը՝ երկրորոդ ընթերցմամբ: Քննարկում չեղավ, թեեւ օրինագիծը առաջին ընթերցումից հետո բազմաթիվ ընդդիմախոսներ ուներ:

Մեկնաբանություններից հրաժարվեցին ինչպես համապատասխան հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, այնպես էլ հարակից զեկուցմամբ հանդես եկած պատգամավոր ուրգեն Եղիազարյանը: Որոշ դրույթներ լրագրողներին փոխանցեց պատգամավոր Արմեն Մխիթարյանը. - «Նախագահն է նշանակում գլխավոր ոստիկանապետին եւ ոստիկանական զորքերի հրամանատարին: Ազգային ժողովի առաջարկությամբ ոստիկանապետի տեղակալին նշանակում է նույնպես նախագահը»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG