Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Մինչ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր հավաստիացնում է, թե Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխման նախագծի շուրջ քաղաքական երկխոսությունն արդեն կայացել է եւ լարվածությունը լիցքաթափվել է, մամուլի հավաքած արձագանքներն ու վերլուծությունները հակառակն են հուշում: «Վերջին շրջանի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության տեղաշարժերի կողքին իրադրային փոփոխություն է տեղի ունենում նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործում՝ ի հայտ եկած նոր մանրամասները բավականին խոսուն են, եւ չի բացառվում, որ մինչեւ աշուն այստեղ եւս «անծանոթ» ռումբ հասունանա, որն էլ ամեն րոպե կարող է պայթել», - մատուցում է «Օրրան» թերթը: Այս առումով «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի երեկվա ասուլիսը ընկալվում է որպես «ընդդիմության խոստացած՝ 27-ին եւ իմփիչմենթին վերաբերող լայն հասարակական քննարկման առաջին փուլ»:

«Հայոց Աշխարհ» թերթի որակմամբ, այն, ինչի մասին երեկ լրագրողներին պատմեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, այն էլ 27-ի ոճրագործությունից երկուսուկես տարի անց, մեկ բառով՝ ցնդաբանություն է: Նույն թերթում բերված է եւ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետեւյալ արձագանքը. «Ես ամեն երես առած գժի ասածներին արձագանքելու մտադրություն չունեմ: Հետո, վաղը մեկ այլ դեգեներատ էլ կհայտարարի, թե ես այլմոլորակային եմ: Ի՞նչ է, պետք է մամուլի ասուլիս տամ եւ հերքեմ նրա ասածնե՞րը: Արժե՞ն որ: Թող բարբաջեն: Առայժմ»:

«Եթե Ազգային ժողովի նախագահը վերջին հերթական նստաշրջանի օրակարգ մտցներ մայիսի 29-ին պատգամավոր Ուլիխանյանի ներկայացրած որոշման նախագիծը՝ Քոչարյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու համար, ապա Քոչարյանի պաշտոնանկության իրավական հիմքերի զեկուցմամբ խորհրդարանում պետք է հանդես գար «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը» («Հայկական ժամանակ»): Վերջինս այդ օրերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցեց երկրում ծնելիության նվազման, մահացության աճի, սննդի կալորիականության պակասի եւ նման կարգի այլ վիճակագրության վերաբերյալ ծավալուն զեկույց՝ այն վերնագրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հիմքերը, որն այնուհետ, նույն վերնագրով տպագրվեց «Իրավունք» շաբաթաթերթում: Երեկ, սակայն, ՀԺԿ լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ Գեղամյանի զեկույցը որեւէ կապ չունի Քոչարյանի պաշտոնանկության հիմքերի այն իրավական հիմնավորումների հետ, որը պատրաստվում են հասարակական լայն քննարկման ներկայացնել 13 ընդդիմադիր կուսակցությունները: «Շփոթությունը, ըստ երեւույթին, առաջացել է այն բանից, որ հանրությանը տեղեկացվել է, թե 13 կուսակցությունների կողմից պատրաստված զեկույցը ընթերցելու է Գեղամյանը: Սակայն», - թղթակցին ասել է ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավարը, - «նրա հրապարակած նյութերի մեջ բերված են տվյալներ, որոնք որեւէ կապ չունեն հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ... Բերված փաստարկները, ըստ Սահմանադրության պահանջի, չեն կարող պաշտոնանկության հիմքեր համարվել: Ինչ վերաբերում է 13 կուսակցությունների կազմած՝ Քոչարյանի պաշտոնանկության իրավական հիմքերին, դրանք կհրապարակվեն մոտ ժամանակներս կազմակերպվելիք հասարակական լսումների ժամանակ»:

Ի պատասխան մեղադրանքների, թե ընդդիմությունը ծրագիր չունի, «Օրրան» թերթը խտացրել է. «Ծրագիր կոչվածը, քաղաքակիրթ երկրներում գոնե, նախեւառաջ ընտրության նախապայման է: Այստեղից էլ ապագա ծրագրի առաջին դրույթը՝ պետք է փոխվի այս իշխանավորների ստեղծած արատավոր համակարգը, որը բացառում է ցանկացած խելամիտ եւ արդար ընտրություն: Եվ սա ոչ միայն իրավական, քաղաքական, այլեւ բարոյահոգեբանական խնդիր է: Տնտեսական առումով բոլորն էլ, անգամ օրվա իշխանությունները խոստովանում կոռուպցիայի, «տանիքների», մենաշնորհների առկայությունն ու բարգավաճումը: Խոստովանում են առանց հասկանալու, որ դա հենց իրենց «ծրագրերն» իրականացնելու արդյունք է: Իսկ ի՞նչ ազատ շուկայի մասին կարելի է խոսել «տանիքների», մենաշնորհների, արտոնյալ «գործարարների» պայմաններում: Հետեւություն՝ սրանք պետք է իսպառ վերացվեն, եւ սա էլ հենց ծրագրի երկրորդ կետն է: Ղարաբաղի հարցը իր լուծումն, անշուշտ, պետք է ստանա սթափ հաշվարկների շնորհիվ միայն, եւ մեր զիջելիքն ու ստանալիքը անպայման պետք է համարժեք լինեն թե' մեր տառապանքին, թե' մեր կորուստներին: Սա էլ քեզ ծրագրի երրորդ կետը: Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի... Սա էլ քեզ հաջորդ ծրագրային ընթացիկ դրույթ: Եվ վերջապես՝ որպես այս ամենի հանրագումար, մեր ժողովուրդը պետք է իր ամբողջության մեջ ապրի այն կյանքով, որին ինքն արժանի է, եւ որը նա վաստակել ՝ իր դարերի տառապանքով: Ահա եւ քեզ ծրագիր», - ամբողջացրել է «Օրրան»-ը: - «Մնացյալը զուտ մարտավարական-տնտեսագիտական հաշվարկներ են, որոնք ընդամենը այս ծրագիրը սպասարկելուն են կոչված լինելու»:

«Առավոտ» թերթն էլ այսօր ընդդիմության տեսագործնական կյանքից փոխանցում է մի ուշագրավ լուր, թե ընդդիմադիր 13 կուսակցությունները լրջորեն քննարկում են ԼՂՀ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը։ Եվ ներկայումս այդ թեկնածուի ընտրությունը կանգ է առել ՍԻՄ-ի («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանի վրա։ Վերջինս «Առավոտին» ասել է, թե նման խոսակցություններ իսկապես կան, սակայն պաշտոնապես 13 կուսակցությունները այդպիսի որոշում չեն ընդունել։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG