Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր քաղաքական գործիչը կհարցաքննվի «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով





«Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, որին զինդատախազություն են հրավիրել՝ հարցաքննելու «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով, այսօր կրկին խոսեց 1999 թվականի հոկտեմբերի 30-ին պաշտպանության նախարարության շենքում նկարահանված տեսաերիզի մասին:

«Մեկ տարուց ավելի է, ինչ խոսվում է այս տեսաերիզների մասին, այդ դեպքերի մասին, եւ դրանից հետո, համեմանայնդեպս իմ ունեցած ինֆորմացիայով, այդ տեսաերիզը գտնված չէ եւ կցված չէ քրեական գործին», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանն այսօր կրկին հայտարարեց, որ 1999-ի հոկտեմբերի 30-ի գիշերը ինքն ականատես է եղել, որ պաշտպանության նախարարություն հրավիրված այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը «ոչ սթափ» վիճակում է եղել, հայհոյել է Ռոբերտ Քոչարյանին, եւ հայտարարել. - «Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է»:

Բացի այդ, ըստ Զեյնալյանի, Ալեքսան Հարությունյանը, որ հեռախոսով միջնորդավորված բանակցություններ էր անցկացնում նախագահի եւ նախարարության հրամանատարական կազմի միջեւ, սխալ տեղեկություններ էր փոխանցել երկու կողմերին:

Ալեքսան Հարությունյանը 2000 թվականի գարնանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալվել էր, սակայն մի քանի ամիս անց ազատ էր արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով:

Զինդատախազությունը հիմա է սկսել հետաքրքրվել այդ տվյալներով, չնայած, ըստ Զեյնալյանի, դեռեւս 1999 թվականին Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ էր այդ ամենին: Զեյնալյանը նույնիսկ չբացառեց, որ Ջհանգիրյանը դրա ականատեսն է եղել:

Բացատրելով, թե ինչու է այսքան ուշացումով խոսվում դրա մասին, Զեյնալյանը ասաց, թե այն ժամանակ «որեւիցե կասկած չկար նախաքննության մարմնի օբյեկտիվության, արդարության նկատմամբ, եւ միջամտություն նախաքննության մարմնի գործերին չէր իրականացվում եւ, բնականաբար, չի էլ կարող իրականացվել»:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը միջնորդություններ է արել Զեյնալյանին որպես վկա ընդգրկելու, ինչպես նաեւ վերը նշված տեսաժապավենը գործին կցելու մասին, սակայն դրանք չեն քննարկվել:

Մայիսի 7-ին զինվորական դատախազը հերթական անգամ երկու ամսով երկարաձգել է «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով՝ կազմակերպիչների, կազմակերպողների, օժանդակողների, դրդողների քրեական գործի նախաքննությունը: Զինվորական դատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանը լրագրողներին ասել էր, թե «նախաքննությունը եւ միաժամանակ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ակտիվորեն շարունակվում են»: Կոնկրետ արդյունքներ, սակայն, չէր հրապարակել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG