Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքում առաջարկվում են նոր փոփոխություններ


Վաղը սկսվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, ի թիվս շուրջ երկու տասնյակ օրինագծերի, կքննարկվի Ընտրական օրենսգքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին պատգամավորական նախաձեռնությամբ առաջարկված օրինագիծը: ԱԻՄ-ի («Ազգային ինքնորոշում» միավորում) նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով, այդ փոփոխությունները «ենթադրում են նահանջ, հետընթաց»:

«Իշխանության տիրացած ուժերը ձգտում են ավելացնել մեծամասնական՝ որպես կանոն «թաղի տղայական», տեղերը՝ քաղաքական տեղերի հաշվին», - երեքշաբթի հրավիրած ասուլիսում ասաց Հայրիկյանը:

ԱԻՄ-ի առաջնորդը ասաց, թե իրեն հայտնի բոլոր քաղաքական ուժերը դեմ են մեծամասնական քվոտան ի հաշիվ համամասնականի ավելացնելու գաղափարին եւ դա համարում են դավադրություն:

«Համազգային համաձայնություն քաղաքական կազմակերպությունների միջեւ հազվադեպ է կայանում», - ասաց նա: - «Կայանում է միայն այն դեպքերում, երբ ազգային անվտանգությանն է վտանգ սպառնում»:

Սա հենց այդպիսի դեպք համարելով, Հայրիկյանը, իր խոսքերով, արդեն բանակցել է մեծ ու փոքր մոտ 20 կուսակցությունների հետ: Դրանց թվում ԱԻՄ-ի առաջնորդը նշեց Դաշնակցությունը, ՀՌԱԿ-ը (Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն), «Օրինաց երկիր», «Ազատություն», ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն), Հայաստանի լիբերալ-դեմոկրատական, «Ազգային միաբանություն» կուսակցությունները:

«Միայն Հանրապետական կուսակցությունն է, որ չի միանում այս հայտարարություններին, այն էլ ճնշումնեի տակ է», - ասաց Պարույր Հայրիկյանը:

Համամասնական-մեծամասնական հարաբերակցության քվոտաները խորհրդարանական վերջին ընտրություններից հետո փոփոխությունների արդեն ենթարկվել էին: Ըստ այդմ՝ կուսակցական խորհրդարանականները ստանալու էին 94 տեղ, ինչը նպատակ ուներ բարձրացնել կուսակցությունների դերակատարությունը: Իսկ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թիվը կրճատվել էր մինչեւ 34-ի: Սա էլ պատահական մարդկանց, թաղային հեղինակությունների, Ազգային ժողովը որպես «տանիք» ծառայեցնող քրեածին տարրերի՝ ժողովրդի ընտրյալ ներկայանալու հնարավորությունն էր նվազեցնում:

Օրենքը միայն ուրախացրեց կուսակցություններին, բայց չհասցրեց աշխատել. այն պետք է առաջին անգամ կիրառվեր ընդունվելուց երկու տարի անց, սակայն ժամկետը չլրացած, Պարույր Հարիկյանի բնութագրմամբ, «թաղի տղերքը» որոշել են հաջորդ խորհրդարանում ապահովել իրենց ներկայությունը եւ փոփոխություն են առաջարկում 66/65 հավասար հարաբերակցությամբ: Հայրիկյանի կանխատեսմամբ, սա կդառնա քննարկման ու սակարկման առարկա, եւ վերջում համաձայնության են գալու 75 համամասնական ու 56 մեծամասնական հարաբերակցության վրա: Այդպիսով, ըստ Հայրիկյանի, կձեւավորվի թույլ եւ ապաքաղաքական պառլամենտ, ինչը ձեռնտու է նախագահին: «Որեւէ նախագահի՝ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, իհարկե, ձեռնտու է ունենալ թույլ պառլամենտ», - ասաց նա՝ «թույլ» բնութագրելով այն խորհրդարանը, ուր «կլինեն ապաքաղաքական կամ քրեածին տարրեր»:

Պարույր Հայրիկյանը, սակայն, կոչ է անում չշտապել նախագահին մեղադրելու առումով. դա կանենք այն ժամանակ, երբ այս օրինագիծը կընդունվի, եւ նախագահը չի օգտագործի օրենքի վրա վետո դնելու իր իրավունքը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG