Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Սահմանադրական դատարանի որոշումը՝ անվավեր ճանաչել թիվ 67 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունը, «Օրրան» թերթի ընդգծմամբ, «աննախադեպ է առաջին հերթին նրանով, որ Սահմանադրական դատարանը փաստորեն բավարարել է ընդդիմադիր թեկնածուի հայցը՝ ընդդեմ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի», ինչից էլ հետեւություն է արված, որ Հայաստանում իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել: Սա դիտարկվում է փաստ, որ Դաշնակցությունը տեղ չի ունենալու իշխանության համախմբվող թիմում եւ պարզապես օգտագործվում է իշխանության ցուցադրական քայլերում՝ անաչառության ու ազնվության պատրանք ստեղծելու համար:

«Ընդհանրապես քաղաքական այս սեզոնի ցանկացած իրադարձություն պետք է դիտարկել 2003 թվականի նախագահական ընտրությունների համատեքստում»: - Այս ելակետից «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը նշում է. - «ՀՅԴ-ն, օրինակ, ընտրություններին շատ լուրջ է վերաբերում ոչ միայն այն պատճառով, որ իրեն հարկավոր է թիվ 67 ընտրատարածքի մանդատը, կամ էլ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնը: Շատ ավելի կարեւոր խնդիր կա դրված. ապացուցել Քոչարյանին, որ 2003 թվականի ընտրություններում նա պետք է հենվի ՀՅԴ-ի վրա, քանի որ ընտրություններում այդ կուսակցությունը ցույց է տալիս տպավորիչ արդյունքներ: Ուրիշ բան, որ Սերժ Սարգսյանը եւ իշխանության մյուս թեւերը ամեն ինչ անում են, որ դաշնակները չկարողանան դա ապացուցել»: Նույն տրամաբանության մեջ «Հայկական ժամանակ»-ը գրանցում է. - «Նորք-Մարաշի թաղապետի ընտրությունները մի ավելորդ անգամ ցուցադրեցին ընդդիմադիր կուսակցություններից ՀԺԿ-ի քաղաքական եւ ինտելեկտուալ թուլությունը... Եթե ՀԺԿ-ից թեկնածու է առաջադրված որեւէ ընտրատարածքում, Դեմիրճյանը պետք է աշխատեր մոտավորապես նույն ռեժիմով, ինչ ռեժիմով որ կաշխատեր, եթե ինքն առաջադրված լիներ ՀՀ նախագահի թեկնածու»: ՀԺԿ ներկայացուցիչների հաղթանակը, ըստ մեկնաբանի, կուսակցության ղեկավարի համար պետք է մի ավելորդ խաղաքարտ դառնար՝ քաղաքական գործընկերների հետ բանակցելիս, բայց Դեմիրճյանը անմասնակից էր, եւ «շատ հավանական է, որ սրանով նա կորցրած լինի ընդդիմության միասնական թեկնածու դառնալու վերջին հնարավորությունը»:

«Օր» թերթի վերլուծությամբ, այս անգամ եւս խիստ կասկածելի է, որ կյանքի կոչվի միասնական ընդդիմադիր թեկնածուի գաղափարը: «Փաստորեն միասնական ընդդիմություն կոչվածը կերպարանափոխվեց ՀԺԿ - «Հանրապետություն» կուսակցություն դաշինքի, որտեղ նույնպես առկա են սուր հակասություններ, եւ այս ճակատի փլուզումը եւս զարմանքով չի ընդունվի», - գրում է մեկնաբանը: - «Որքան ուժեղ են իրենց զգում հայկական ընդդիմադիր կուսակցությունները, այնքան ավելի քիչ է նրանց միավորվելու ցանկությունը եւ այնքան մեծ են իշխանությունների հնարավորությունները՝ հաղթանակած դուրս գալու ընտրություններում: Ընդդիմադիրներից եւ ոչ մեկը չի կարող հավասարապես մրցել նախագահի ամբողջ վարչական ռեսուրսի, հեռուստատեսային միասնական դաշտի դեմ: Իսկ նախագահական դաշտը միասնական է», - ընդգծված է այս անդրադարձում: - «Ինչ ներիշխանական հակասությունների մասին էլ գրեն զանգվածային լրատվամիջոցները, այս ճակատը ավելի կուռ ու ամուր է»:

Մյուս կողմից, «Հայոց Աշխարհ» թերթը փաստում է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղի ունեցած քաղաքապետերի եւ համանքապետերի ընտրությունների արդյունքում արձանագրվեցին իշխանությանն աջակցող տարբեր ուժերի կոշտ մրցակցության այնպիսի փաստեր, որոնք բնորոշ են միայն ու միայն քաղաքական հակադիր ճամբարներում գտնվող հակառակորդներին: Ստեղծվում է մի այնպիսի կացություն, երբ 2003-ի նախագահական ընտրություններից առաջ համախմբվող ընդդիմության դեմ-հանդիման կանգնած իշխանությունը ստիպված է լինում անընդհատ արձանագրել որոշակի լարվածություն՝ իրեն աջակցող քաղաքական ուժերի հարաբերություններում: Այսպես շարունակվելու դեպքում աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ էլ կարող են միմյանց բախվել լծակների ու ազդեցության համար պայքարող իշխանամետ առանձին կուսակցությունները, որով զգալիորեն կբարդանա 2003-ի նախագահական ընտրություններից առաջ նրանց մեկ տանիքի տակ հավաքվելու գործը»: «Հայոց Աշխարհ»-ի շեշտադրմամբ, վրա է հասել այն պահը, երբ իշխանությունը պետք է վերջ դնի իշխանամետ ուժերի շրջանում նկատվող «հենարանների պատերազմի» հետագա ծավալմանը, առավելագույնս հստակեցնի իր դեմքն ու ձեւավորի աջակից ուժերի հստակ դաշինք:

ԼՂՀ նախագահի ընտրություններում միմյանց չխանգարելու հարցը կարծես լուծված է: «Իրավունք» թերթի լրատվությամբ, հետեւելով Ռոբերտ Քոչարյանի հորդորներին, Դաշնակցությունը հրաժարվել է այդ ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով եւ Արկադի Ղուկասյանին չի խոչընդոտելու: Նույն աղբյուրների պնդմամբ, ներքաղաքական նման կորուստների դիմաց Դաշնակցությունը արտոնությունների է պահանջել տնտեսական մի շարք ոլորտներում:

Քաղաքականության ու տնտեսության սերտ կապի նախընտրական մի դրսեւորում էլ «Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականի նյութն է: Օրերս պետեկամուտների նախարարությունը հերթական անգամ հայտարարեց, թե հարկերն այսուհետեւ կհավաքվեն բացառապես օրենքի շրջանակներում։ «Մեղադրել այս հարցում պետեկամուտների նախարարությանը՝ միամտություն կլիներ», - նշում է «Առավոտ»-ը: - «Չէ՞ որ նրանից պահանջվում է լցնել բյուջեն, իսկ դա հնարավոր է անել՝ միայն անօրինական կանխավճարներ կորզելով այն մանր ու միջին գործարարներից, ովքեր գործում են օրենքի սահմաններում: Իշխանության տանիքի տակ գտնվող առավել խոշոր գործարարներից հարկային տեսուչը մի կոպեկ էլ չի համարձակվի պահանջել: Ստվերային այդ գործարարները (այդ թվում՝ սփյուռքահայ) ազատվում են հարկերից՝ նախընտրական շրջանում ֆինանսական աջակցության դիմաց։ Նախընտրական ծախսերը շատ են, իսկ բյուջեի հնարավորությունները՝ սուղ: Ինչպիսի ընտրություններ ունենք՝ այնպիսի բյուջե», - բանաձեւում է «Առավոտ»-ը: - «Այսինքն՝ ինչպես ընտրվում են նախագահներն ու պատգամավորները՝ այնպես էլ բյուջեն է լցվում: Օրենքի շրջանակներից դուրս»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG