Մատչելիության հղումներ




«Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում տուժող, հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, թե ահաբեկիչներն արժանի են ամենածանր պատժին:

«Թող հույսեր չունենան ահաբեկիչները, թե որեւէ մեկը դրսում կարող է իրենց պաշտպանել, թե իրենք «ազգի փրկիչ» են: Նրանք արժանի են ամենածանր պատժին», - ասաց վարչապետը:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը վարչապետ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ կոչ էր արել Հայաստանին կատարել Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում ՝ մահապատժի վերացումը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր որոշակի հանգամանքներում մահապատիժը չբացառող նոր Քրեական օրենսգիրքը: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հստակ դիրքորոշում ունի. մահապատժի վերացման հարցում բացառությունների չի ընդունելու: Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող «Ագոյի խմբի» ղեկավար, Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոն անցած ամիս Երեւան կատարած այցի ժամանակ կրկին հնչեցրել էր նախարարների կոմիտեի՝ այդ հարցում անզիջում դիրքորոշումը:

«Իրենց կատարած յուրաքանչյուր քայլ նախապես մտածված էր, հստակ մշակված սցենարով եւ դերաբաշխմամբ», - այսօր դատարանում իր ցումցունքներում ասաց Անդրանիկ Մարգարյանը՝ վստահաբար պնդելով, որ ահաբեկիչները ֆիզիկապես եւ բարոյապես լավ պատրաստված են եղել:

«Կարեն Հունանյանի ցանկացած շարժում նախապես հաշվարկված էր: Անում էր այն, ինչ ասում էր Նաիրին: Կարենը զոմբի էր, հրաման կատարող, բայց չի կարելի ասել, թե հրամանները տեղում էին տրվում», - բնութագրելով ամբաստանյալ Կարեն Հունանյանի վարքագիծը, ասաց վարչապետը:

Մարգարյանն իր ցուցմունքում նշեց, որ Նաիրի Հունաննանն ու նրա խմբի անդամները առաջին 1 -1,5 ժամվա ընթացքում բավականին սթափ ու հավասարակաշռված էին գործում ու սպանություններ կատարելու հաստատ մտադրությամբ են մտել Ազգային ժողով:

«Մասնավորապես Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ նրա երկու տեղակալների սպանությունները նախապես ծրագրված էին», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Այն, ինչ կատարվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ուղղված էր ոչ թե կոնկրետ անձանց, այլ մեր պետության դեմ: Անդրանիկ Մարգարյանը չբացառեց նաեւ արտաքին թշնամու հարձակումը՝ եթե դեպքերն այլ ընթացք ստանային:

Դատարանում տպավորություն ստեղծվեց, որ վարչապետի ցուցմունքն ու հարցերի պատասխանները որոշակի ազդեցություն թողեցին ամբաստանյալների վրա: Նաիրի Հունանյանը, համենայնդեպս, հայտարարեց, թե բազմաթիվ հարցեր ունի վարչապետին, բայց քանի որ Անդրանիկ Մարգարյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան, ժամանակ խնդրեց դրանց լավ պատրաստվելու համար:

Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ ահաբեկիչներին դեպի ազգային անվտանգության նախարարության մեկուսարան ուղեկցող պատգամավորների ցուցակը ներկայացրել է Նաիրի Հունանյանը. դա հանձնվելու համար նրա ներկայացրած նախապայմաններից մեկն էր:

91 տուժողներից դատարանում ցուցմունքներ տվել են առայժմ միայն 17-ը: Դատական նիստը շարունակվելու է չորեքշաբթի օրը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG