Մատչելիության հղումներ

Բելգիական ընկերությունը սկսվում է Երեւան - Լոս Անջելես կանոնավոր չվերթերը





Բելգիական «Վի-Ջի Էյրլայնզ» ընկերությունը, համաձայն «Հայկական ավիաուղիներ»-ի հետ դեռեւս ապրիլին կնքած պայմանագրի, երկուշաբթի օրվանից վերջապես սկսեց իրականացնել Երեւան - Բրյուսել - Լոս Անջելես կանոնավոր չվերթերը:

«Վի-Ջի Էյրլայնզ»-ի Ա330 ինքնաթիռը 127 ուղեւորներով երեկոյան վայրէջք կատարեց Երեւան «Զվարթնոց» օդանավակայանում: Չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ:

Ա330 ինքնաթիռն ունի 239 տեղ, որոնցից Լոս Անջելես չվերթի համար, ըստ պայմանագրի, հայկական կողմին տրամադրվել է 100 նստատեղ՝ ներառյալ բիզնես-կարգի 10 տեղ: Յուրաքանչյուր չվերթի համար «Հայկական ավիաուղիներ»-ը վճարելու են ավելի քան 100 հազար դոլար: Ըստ պաշտոնյաների, 100 տոկոս բեռնվածության դեպքում ավիաընկերությունը կունենա 30-35 հազար դոլարի եկամուտ ամեն չվերթից, իսկ 65 տոկոսից պակաս բեռնվածությամբ թռիչքն արդեն վնասով կլինի:

Նախապես հայտարարվել էր, թե չվերթերը սկսվելու են մայիսի վերջից, սակայն հետագայում դրանք հետաձգվեցին:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ Երեւան - Փարիզ չվերթերը կիրականացվեն ՏՈՒ-154 ինքնաթիռով, իսկ Ամստերդամ եւ Ֆրանկֆուրտ չվերթերը «հավանաբար կփակվեն»: Այդ քաղաքաների օդանավակայանները հրաժարվում են ընդունել աղմուկի եվրոպական նորմատիվները գերազանցող օդանավեր: Դրանց համապատասխանող «Հայկական ավիաուղիներ»-ի միակ Ա310 ինքնաթիռը հունվարից ի վեր կանգնած է՝ շարժիչներից մեկի վթարի պատճառով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG