Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի մեկնաբանի դիտարկմամբ, հանրապետության նախագահի՝ ականջը քաշելու եւ բաժին տանելու սպառնալիքից հետո ընդդիմությունն ավելի կարծր դարձավ, իշխանական թեւը մի պահ չկողմնորոշվեց, իսկ նրանք, ովքեր տատանվում էին՝ «ընդդիմություն - իշխանական թեւ» երկվության արանքում, հայացքները հառեցին դեպի ընդդիմադիր դաշտ։ «Հայկական ժամանակ» թերթում ընդգծվում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների քվեարկության հետաձգման բուն պատճառը հենց իշխանամետ պատգամավորների խուսափումն էր, եւ 15 օր անց էլ կառավարության «ոչ միայն անտրամաբանական, այլեւ անբարոյական» որակվող այդ նախաձեռնությունը տապալվելու է:

«Օրրան» թերթի միջանկյալ ամփոփմամբ, «Պե՞տք է խորհրդարանին կանոնակարգի փոփոխություն, թե՞ պետք չէ» հարցը վերաճեց «Պե՞տք է այս երկրին Ռոբերտ Քոչարյանն իբրեւ նախագահ, թե՞ պետք չէ» քննարկման՝ գերազանցապես բացասական պատասխանով: Այդուհանդերձ՝ Ռոբերտ Քոչարյանը շահեց: Վճռական ճակատամարտերից առաջ չափազանց կարեւոր էր ուժերի ստուգատեսը, որ պարզեց՝ շատ էլ հուսալի չէ մեծամասնության չինական պարիսպը: Դրա բաղադրիչներից ամեն մեկը իր առանձին խաղերի մեջ է: Լուծումները «ում՝ ինչ» հարցի պատասխաններից են միայն կախված. «2003 թվականի Հայաստանում ո՞վ կլինի խորհրդարանի տերը, ո՞ւմը կլինի կառավարությունը»: Նոր ուժի, նոր մեծամասնության, նոր հենարանի խնդիրն է անխուսափելիորեն առաջ մղվում: Քվեարկության հետաձգումը՝ որոշ ուղղումների համար, գնահատելով «ինքնափրկության խղճուկ միջոց», ռամկավարների «Ազգ» թերթը եւս միանգամայն հնարավոր է համարում, որ դա բոլորովին էլ չօգնի օրենսդիր իշխանության մեծամասնությանը շատ ավելի էական հարցերում: Ի դեպ, ընդդիմադիր մամուլում, ինչպես միշտ, առնվազն հեգնանքով ընդունվող ՀՌԱԿ ղեկավարի երեկվա ասուլիսն էլ մղել է ընդհանրացումների, թե Քոչարյանին սատարող ուժերը «կողմնորոշվում են վատ, հաշվարկում՝ սխալ՝ կոնյուկտուրային մոտեցումներին ու պահին հարիր»:

«Մի՞թե տնտեսական ու սոցիալական լուրջ հիմնախնդիրների առջեւ կանգնած այս երկրում քննարկելու ավելի կարեւոր հարց չկա, քան Ազգային ժողովի ամբիոնը զավթելու դեմ պայքարի մեխանիզմների ճշտումը», - տարակուսած հարց է դնում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ անցնող շաբաթվա քաղաքական խճանկարում, ընդհանուր առմամբ, արձանագրելով. «ործադիրն ու օրենսդիրը անընդհատ շեղվում են իրենց բուն պարտականությունների կատարումից, իսկ հաճախ էլ ձեռնարկում այնպիսի քայլեր, որոնք միայն ավելի են բարդացնում ու խճճում առանց այդ էլ իր մեջ բազում հարցականներ պարունակող ներկա կացությունը:

«Գոլոս Արմենիի» թերթը վերջերս դիմել է Հայաստանի ու սփյուռքի քաղաքական, գործարար, մշակութային վերնախավի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչների, թե ինչպիսին են տեսնում նախագահ - 2003-ի դիմանկարը: «Նրանք բոլորը նախեւառաջ կարծում են, որ նախագահը պիտի բավարարի մեր ապրած բարդ ժամանակների պահանջները», - փոխանցում է «Գոլոս Արմենիի»-ին: - «Պիտի լինի հայերի նոր սերնդի առաջնորդ, արագ կողմնորոշվող ու տիրապետող ոչ սովորական անհատականություն՝ պրագմատիկ կառավարչի պրոֆեսիոնալ ունակություններով: Նախագահը պիտի միջին վիճակագրական քաղաքացուց կրթված, բարոյական ու խելացի լինի, ինքնասիրահարված չլինի»: Մի խոսքով, ինչպես ձեւակերպել է հարցվածներից մեկը, նախագահը պիտի այնքան իմաստում մարդ լինի, որ չփորձի դառնալ նախագահ...


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG