Մատչելիության հղումներ

logo-print

Կոմունիստները ընտրություններից առաջ միավորվելու փորձ են ձեռնարկում


Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) այսօր հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով: Դա պայմանավորված է 2003 թվականի գարնանը կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով:

«Անհապաղ սկսել Հայաստանում գործող կոմունիստական կուսակցությունների միավորման գործընթացը», - այսօր կայացած պլենումում կոչ հնչեցրեց ՀՆԿԿ առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը:

ՀՆԿԿ-ն ամենաուշն է տրոհվել կոմկուսից՝ ղեկավարության միջեւ ծագած տարաձայնությունների հետեւանքով, երբ Աժ պատգամավորներ, Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար անդամներ Հրանտ Ոսկանյանը եւ Յուրի Մանուկյանը վտարվեցին կուսակցությունից: Իսկ գարնանը նրանց նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՆԿԿ-ն, որն այսօր, իրենց իսկ պնդմամբ, 6 հազար անդամ ունի:

Իսկ ընդամենը Հայաստանում յոթ կոմունիստական կուսակցություն կա՝ Հայկոմկուսը, Առաջադիմական կոմկուսը, Հայաստանի մարքսիստական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունների միությունը, Աշխատավորների կուսակցությունը, Բանվորական կուսակցությունը եւ Նորացված կոմունիստական կուսակցությունը:

Միավորման նպատակը պարզ է. մինչեւ խորհրդարանական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել եւ խորհրդարանում պատգամավորական տեղեր ունենալու շանսերն ավելի մեծ կլինեն, եթե բոլոր կոմունիստները միավորվեն: Հակառակ դեպքում, Յուրի Մանուկյանի խոսքերով, ժողովուրդը չի կարող կողմնորոշվել «ում ձայն տա, ում՝ ոչ»:

Իսկ կոմունիստական կուսակցությունների միջեւ առկա լուրջ հակասությունները հաղթահարելու նպատակով ՀՆԿԿ-ն առաջարկում է որոշակի լիազորություններով հանձնախմբեր ստեղծել:

«Հիմա մոտենում է միավորվելու ժամանակը», - ասաց Հրանտ Ոսկանյանը: - «Դա ժամանակի պահանջն է»:

Նախագահական ընտրությունների հարցում նորացված կոմունիստները դեռ չեն կողմնորոշվել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG