Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան հակասություններն ակնհայտ են», - պնդում է «Օրրան» թերթը՝ վկայակոչելով հենց պաշտպանության նախարարի երեկվա հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ում: Վերջինս մասնավորապես ասել էր. - «Հոկտեմբերի 27»-ից հետո պետական պաշտոնյայի նշաձողն այնքան է իջել, այնքան պատահական մարդիկ են հայտնվել բարձր ու պատասխանատու պաշտոններում, որ կողքից նայողն ասում է՝ «Լսիր, եթե այս մարդը նախարար է, իսկ ես ինչո՞ւ չեմ կարող լինել նախագահ...»: Եվ այս առումով իշխանությունների խնդիրը պետք է լինի նաեւ պետական պաշտոնյայի ընտրության հարցում պահանջների խստացումը»: «Ո՞ւմ եւ ո՞ւմից է բողոքում Սերժ Սարգսյանը», - հարց է դնում «Օրրան»-ը: - «Այն, որ այս երկրում եւ բավականին վաղուց քիչ թե շատ էական բան՝ մուտք, ելք, նշանակում եւ այլն, առանց ամենազոր պաշտպանության նախարարի «դաբրոյի» չի կատարվում, փաստ է»: Ստացվում է, որ գոնե այս հարցում ինքը, ամենայն հավանականությամբ, լուրջ եւ էական տարաձայնություններ ունի երկրի նախագահի հետ: «Եվ»,- բխեցնում է «Օրրան»-ը, - «տարաձայնությունները թերեւս խորանալու միտում ունեն, այլապես անպայմանորեն իր իսկ մասնակցությամբ կատարված երեւույթների հանդեպ նման քննադատական եւ գրեթե անհանդուրժող վերաբերմունք հանդես չէր բերի: Այն էլ՝ հրապարակավ»:

«Դժվար թե ներիշխանական հակասություններն այնքան մեծ են, որքան ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցները, սակայն շտապողական եւ հանպատրաստից գործողությունները ջուր են լցնում այդ լուրերը տարածողների ջրաղացին», - նշում է «Օր» թերթը: - Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական ուժերն էլ մոտեցող ընտրությունների պատճառով այնքան նյարդային ու լարված վիճակում են, որ սկսել են շտապել ու չհիմնավորված սխալներ թույլ տալ: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ «Հայաստանում ընտրարշավը սկսելու ամենաօպտիմալ ժամանակը ընտրություններից 1-2 ամիս առաջ ընկած ժամանակահատվածն է: Այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է օգտվել անսպասելիության բոլոր պտուղներից, մի քանի հաջող ակցիաների շնորհիվ բարձրացնել վարկանիշը եւ խուսափել հակառակորդների կողմից «սեւացման» զոհը դառնալուց»:

«Հայոց Աշխարհ» թերթում էլ առանձնացված է, որ մոտեցող նախագահական ընտրությունները պարտադրում են բացահայտել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ հանդես գալու ՀՀՇ-ի ծրագրերը: Մեկնաբանի հայացքով, «ավելի ու ավելի հաճախ հիշեցնելով իր գոյության մասին, Տեր-Պետրոսյանը կրկին տեղափոխվում է Հայաստանի քաղաքական դաշտ, տեղ զբաղեցնելով ոչ թե իշխանության ու ներկայումս գործող ընդդիմության ճամբարներից որեւէ մեկում, այլ նախապատրաստելով քաղաքական այն նոր ճամբարի ձեւավորումը, որը խաղաղության պարտադրանքը իրական դառնալու պարագայում կփորձի վերածվել ոչ թե պարզ ընդդիմության, այլ գերտերությունների կողմից աջակցություն ակնկալող քաղաքական այլընտրանքի»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը խորհրդարանում շոշափել է տրամադրություններ՝ Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման հետ կապված, եւ փոխանցում է, թե գրեթե բոլոր պատգամավորները դրան նորմալ են վերաբերվում: Նույն թերթը, ի դեպ, տեղեկացնում է, որ նախօրեին դատարանի որոշմամբ, պատժի 2/3-ը կրելուց հետո բանտից ազատ է արձակվել Վանո Սիրադեղյանի դեմ միակ վկայության հեղինակ Վահան Հարությունյանը:

«Հայաստանը ուզի-չուզի պիտի տեղավորվի ժամանակակից աշխարհի զարգացման տրամաբանության մեջ, բայց», - ի մի է բերել «Առավոտ»-ի խմբագիրը, - «չի տեղավորվում, թեեւ նրանք, ովքեր թելադրում են այդ տրամաբանությունը, մեզ վերջերս գրեթե ամեն օր զգուշացնում են: Առանձին վերցրած այս զգուշացումները գուցե ճակատագրական նշանակություն չունեն: Բայց իրենց միասնության մեջ՝ դրանք, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, «մուլտիպլիկացիոն էֆեկտ» են տալիս»: Թվարկելով Եվրամիության երկրներից, Եվրախորհրդից, ԵԱՀԿ Մինսկի խմբից, ԱՄՆ պետդեպարտամենտից հնչող ազդանշանները, խմբագիրը մատնանշում է, որ այդ ամենը, ի վերջո, չի կարելի թեթեւամտորեն վերագրել տեղական ընդդիմության խարդավանքներին: Մյուս կողմից, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Խորապես համոզված եմ, որ այսօր Հայաստանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ համագործակցելու առումով... Եվ որքան երկար շարունակվի աշխարհաքաղաքական այս իրավիճակը, որքան սերտանան ԱՄՆ - Ռուսաստան, ՆԱՏՕ - Ռուսաստան, Եվրոպա - Ռուսաստան հարաբերությունները, այնքան պայմանները շատ ավելի բարենպաստ են լինելու Հայաստանի համար»:

«Ազգ» թերթի արձանագրմամբ, արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստամբուլյան ելույթը հաշվենկատ էր, դրական ազդանշաններ էր պարունակում, եւ եթե դա համադրենք Թուրքիայի հաշվարկների հետ, ապա «կհանգենք այդ հաշվենկատությամբ հայկական քաղաքականության հարցում թուրքական իշխանություններին զինաթափելու եզրակացությանը: Քանի որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պահանջով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ուստի Վարդան Օսկանյանը դրական ազդանշաններով ոչ միայն թուրքական կողմին է զինաթափել, այլեւ ճնշում գործադրելու առումով զգալի սահմանափակել է նաեւ ամերիկացիների հնարավորությունները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG