Մատչելիության հղումներ

Միջանցքների հարցը Ղարաբաղյան կարգավորման «հիմնական խոչընդոտն» է


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը, Լաչինի ու Մեղրիի միջանցքներին հավասար կարգավիճակ տրամադրելու հարցը առաջացել է Քի Ուեսթի բանակցություններից հետո, եւ դրանք հիմա մի փուլում են, երբ Ղարաբաղի խնդիրը կարգավորված կլինի՝ եթե լուծվի միջանցքների հարցը:

Հայաստանը պնդում է, որ այդ միջանցքների կարգավիճակները տարբեր պետք է լինեն. Մեղրիով սոսկ հաղորդակցության ուղի պետք է տրվի, իսկ Լաչինը պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ:

Ստամբուլում երեկ կայացած Օսկանյան - Ջեմ երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համդիպումները Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Միջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ:

Ըստ դիվանագիտական շրջանակների, հայ-թուրքական շփումները ակտիվացան այն բանից հետո, երբ Ղարաբաղյան կարգավորման վերջին բանաձեւը ձեռնտու դարձավ նաեւ Թուրքիայի համար: Խոսքը Ադրբեջան - Նախիջեւան կապի մասին է: Ստամբուլյան բանակցությունների կուլիսներում անգամ կարծիքներ են հնչեցին, թե հստակեցված ու համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. այն պետք է լինի Հայաստանի կազմում, եւ բանակցությունների ներկա պահին ամբողջ խնդիրը միջանցքների կարգավիճակն է:

Ըստ դիվանագետների, մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունները՝ 2003-ի գարունը, խնդիրը լուծելու հավանականությունը կազմում է մոտ 20 տոկոս: Իսկ միջազգային միջնորդները, կարծես թե, ամեն բան անում են դրան հասնելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, սակայն, նշեց, որ կարեւոր է, թե հակամարտության կարգավորման առաջարկները որքանով են համապատասխանում հայկական կողմի շահերին: Այդ դեպքում, նախարարի խոսքերով, «Կապ չունի, թե խնդիրը ընտրություններից առաջ թե հետո կկարգավորվի»:

Վարդան Օսկանյանը ասաց նաեւ, որ հայ-թուրքական հարաբերություններում «վաղ է ակնկալիքներ ունենալ», իսկ սկսված երկխոսությունը հարկավոր է շարունակել:

Ղարաբաղյան գործընթացի առումով Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց այն, որ թուրքերը Ստամբուլում այդ մասին լսում էին ոչ թե Ադրբեջանից, այլ Մինսկի խմբի համանախագահներից, ինչը նրանց կօգնի ավելի լավ պատկերացում կազմել գործընթացի մասին:

«Օգտական մասը այն է, որ Թուրքիան նաեւ առաջին աղբյուրից կարող է լսել Հայաստանի տեսակետների մասին՝ փաստերի հայկական մեկնաբանությամբ, որը այսօրվա դրությամբ ավելի է համապատասխանում իրականությանը, քան Ադրբեջանի ներկայացրածը», - ասաց Վարդան Օսկանյանը, ավելացնելով, որ դա դրական ազդեցություն կարող է ունենալ հետագա գործընթացներում:

Իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Օսկանյանը «նորմալ» որակեց, ավելացնելով, որ միջնորդների հիմնական հանդիպումը հայկական կողմի հետ տեղի կունենա Տալլինում՝ նախագահ Քոչարյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG