Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, «Հայոց Աշխարհ» թերթի շարունակական հարցազրույցում այսօր անդրադառնալով նախագահի թեկնածուների բազմությանը, ասում է. - «Ուղղակի «Հոկտեմբերի 27»-ից հետո պետական պաշտոնյայի նշաձողն այնքան է իջել, այնքան պատահական մարդիկ են հայտնվել բարձր ու պատասխանատու պաշտոններում, որ կողքից նայողն ասում է՝ «Լսիր, եթե այս մարդը նախարար է, իսկ ես ինչո՞ւ չեմ կարող լինել նախագահ...»: Եվ այս առումով իշխանությունների խնդիրը պետք է լինի նաեւ պետական պաշտոնյայի ընտրության հարցում պահանջների խստացումը»: Նշելով, որ իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ լուրջ տարաձայնությունների մասին լուրեր հիմա տարածում են նաեւ ո'չ ընդդիմադիրները, Սերժ Սարգսյանը դա տեսնում է այսպես. «Նման խոսակցություններով երեւի թե փորձում են իրենց շրջապատին համոզել, թե «տեսեք որքան ենք նվիրված Ռոբերտ Քոչարյանին, որ կարող ենք նույնիսկ Սերժ Սարգսյանին կասկածել նախագահի դեմ ինչ-ինչ քայլեր անելու մեջ...»: Այսինքն՝ այդ թշվառները փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ»: Ամեն դեպքում, պաշտպանության նախարարը շեշտում է. «Բացառվում է, որ երբեւէ ես որեւէ քայլ կատարեմ հանրապետության նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Եթե նույնիսկ ինչ-ինչ հարցերում նախագահի տեսակետին ներքուստ համաձայն չլինելու շռայլությունն ինձ թույլ տամ, միեւնույն է, երբեւէ չեմ կարող ստվեր նետել երկու տասնամյակից ավելի շարունակվող մեր համատեղ գործունեության եւ ընկերության վրա... Մանավանդ, որ եւ' զբաղեցրած պաշտոնի ու դիրքի, եւ', թող ներվի ասել, հեղինակության առումով ինձ միանգամայն բավարարված եմ զգում: Ավելին, մոտակա մի քանի տարիների ընթացքում ինձ որեւէ ավելի բարձր պաշտոնում չեմ տեսնում»: Սերժ Սարգսյանի մեկ այլ շեշտադրում էլ հետեւյալն է. «Հայաստանը երբեք Մեղրին չի կորցրի: Ավելին, Հայաստանը Մեղրին երբեք չի փոխանակի նույնիսկ Ադրբեջանի կեսի հետ: Եթե այս երկրում կան մի քանի հոգի, որոնց համար նույնիսկ 1 քառ. կմ վերադարձնելն ամենից ծանրն է, ապա կարող եք վստահ լինել, որ այդ մարդկանց ցուցակը սկսվում է Քոչարյան, Սարգսյան ազգանուններով»: Իսկ Մեղրիի փոխանակմանն առնչվող Ադրբեջանի նախագահի հայտարարության ճշմարտացիությունը Սերժ Սարգսյանը ուղղորդում է ստուգել հետեւյալ հայացքով. «Եթե Ալիեւը իրոք համոզված է, որ բանակցությունները այդ ենթատեքստով են ընթացել, ապա նա կարող էր պարզապես ասել՝ այո, համաձայն եմ բանակցությունների նման վախճանի, հարցը համարում եմ լուծված, սկսենք իրականացնել պայմանավորվածությունները: Այդ պարագայում մենք ուղղակի փակուղու առջեւ կկանգնեինք»:

«Ազգ» թերթի մեկնաբանի գնահատականով, Ազգային ժողովի կանոնակարգի առաջ մղվող փոփոխությունները միանգամայն բխում են երկրի նախագահի ու կառավարության շահերից եւ ինքնին նոր մարտահրավերներ են: «Թե ինչով կավարտվի ընդդիմության եւ ԱԺ մեծամասնության միջեւ սկսված այս անզիջում, անողոք, շատ դեպքերում անսանձ մենամարտը՝ դժվար է գուշակել, քանի որ երկու կողմն էլ որքան հիմնավորված է ներկայացնում իր նպատակները, նույնքան էլ անհիմն՝ պայքարելու ձեւերն ու մարտավարությունը», - նշված է «Ազգ»-ում։ Այս նույն անցուդարձի հետքերով «Օրրան» թերթում արվում է մի քանի շաղկապված հետեւություն. նախ, առաջարկվող փոփոխությունները նշանակում են, որ նախագահականում չափազանց շատ են վախենում ու բոլորովին չեն վստահում խորհրդարանին ու խորհրդարանում ունեցած մեծամասնությանը, սա իր հերթին հուշում է, որ երկրում ոչ մի կայունություն գոյություն չունի՝ խաղաքարտերով հավաքված տնակի էֆեկտով ամեն ինչ մի հարվածով փուլ է գալու»: Նման փոփոխությունները արտաքին առումով էլ հարվածելու են Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի, իմիջին:

Դեմքի ու կերպարի տեսանկյունից Հայաստանը համեմատելով Թուրքիայի հետ, օրերս այնտեղ եղած «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. «Այդ երկրում լինելով՝ հասկանում ես, որ դեպի Եվրամիություն ձգտելը խորհրդարանի կամ կառավարության որոշում չէ. դա իրական ռեֆորմացիա է, որ սկսվում է նախեւառաջ կենցաղից: Եվ այս ճանապարհին նրանք իսկապես լուրջ առաջընթաց են ունեցել... Մեր պուճուր, մութ ու խոնավ ճարտարապետության ու անճոռնի քաղաքների գովքից վեր կանգնելու անզորությունն է, որ մեզ համար ատելի է դարձնում ճշմարտությունը եւ հանգստացնող՝ կեղծիքը: Վերջինս էլ դառնում է պետության, հանրության մշտական ուղեկիցը՝ թե' կրթության ոլորտում, թե' արտաքին քաղաքականության մեջ, թե' տնտեսական աճի ցուցանիշներ մատնանշելիս»:

«Հայոց Աշխարհ» թերթի ընդգծմամբ, վերջին ամիսների ընթացքում ավելի ու ավելի ինտենսիվ բնույթ ընդունող հայ-թուրքական տարբեր մակարդակի շփումների արդյունքում Հայաստանի հանրային կարծիքի վրա սկսել է ներազդել մի նոր երեւույթ, որն այլ կերպ չի կարելի բնորոշել, քան մեզանում արմատավորվող ու ծավալվող Թուրքիայի պետական քարոզչություն: «Եթե Թուրքիան քարոզչական մշակման է ենթարկում հայ հասարակությանը, ապա մենք էլ պետք է նույն կերպ վարվենք նրա հետ», - նշում է մեկնաբանը: - «Իսկ եթե թուրքական պետությունը շարունակի այսուհետ եւս խոչընդոտներ հարուցել հայ հասարակության ճնշող մեծամասնության կարծիքը թուրք ընթերցողին ու հեռուստադիտողին մատուցելու գործին, ապա որեւէ մեկը չի կարող արգելել մեզ՝ նույն կերպ վարվելու Թուրքիայի քարոզչությունը մատուցողների հանդեպ: Սա բնավ էլ կոչ չէ սահմանափակել խոսքի ազատությունը»:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում այսօր ասում է. «Ոչ մի կիրք չի հանդարտվել: Ամեն ինչ շարունակվում է, մենք հանգիստ չենք թողնի նրանց: Ճիշտ է, միտինգներ հիմա չկան, բայց այս գործընթացում դա չէր որոշիչ գործոնը: Կան մտավորական, հասարակական ուժեր, որոնք իսկապես պայքարում են՝ շտկելու համար այս իրավիճակը: Ես նկատի չունեմ ընդդիմությունը: Իշխանությունները հիմա հասկանում են, թե ինչ հիմարություն արեցին լրատվական դաշտը դատարկելով: Ամեն ինչ կարվի, որ մենք վերադառնանք եթեր. ձեւերը թող իրենք մտածեն: Մեր ստեղծածը կոտրելիս իրենք մտածել էին, թե ինչպես կոտրեն, նաեւ թող մտածեն, թե ինչ կերպ պետք է այս ամենը վերականգնեն: Եթե չմտածեն, իսկապես լուրջ պատերազմ է սկսվելու: Լրագրությունն իսկապես ուժ է եւ պետք չէ այն թերագնահատել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG