Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյան - Ջեմ հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերությունները չեն քննարկվել





Սյսօր Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Երկու նախարարները հանդիպել են Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստից առաջ: Օսկանյանն այստեղ գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը: Սա դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների արտգործնախարարների երկրորդ հանդիպումն է. առաջինը տեղի էր ունեցել անցած մայիսին՝ ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի օրերին Իսլանդիայի մայրաքաղաքում:

Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը լրագրողներին հայտնեց, որ Վարդան Օսկանյանն ու Իսմայիլ Ջեմը քննարկել են տարածաշրջանային հարցեր: Հայ-թուրքական երկկողմ հարաբերություններին վերաբերող որեւէ կոնկրետ հարց չի քննարկվել: Խոսնակը փոխանցեց, սակայն, որ հայկական կողմը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումները:

Թուրք դիվանագետը ասաց, որ Ղարաբաղի հարցը քննարկվել է, քանի որ այն չէր կարող դուրս մնալ Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող քննարկումից:

Վարդան Օսկանյանը «կառուցողական» որակեց Իսմային Ջեմի հետ իր հանդիպումը, ասելով, որ պատրանքներ չկան, թե հայ-թուրքական հարաբերությունները արագ կզարգանան, կբարելավվեն: Նախարարի խոսքերով, առկա բազմաթիվ խոչընդոտները կարելի է հաղթահարել միայն երկխոսության միջոցով:

Թուրք եւ ադրբեջանցի լրագրողների ուշադրություն կենտրոնում գտնվող Վարդան Օսկանյանը, պատասխանելով հարցին, թե ո՞րը կարող է լինել Թուրքիայի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, նշեց, որ Թուրքիան տարածաշրջանային հզոր ուժ է եւ կարող է «շատ կառուցողական եւ դրական դեր խաղալ»: Օսկանյանը որպես առանցքային հարց շեշտեց Թուրքիայի «դրական ներգրավվածությունը» եւ հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:


Հրաչ Մելքումյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG