Մատչելիության հղումներ

Փոխնախարարը «լավագույն գործարք» է համարում նախարարությունների շենքերի վաճառքը


Երեւանի կենտրոնում գտնվող գիտության եւ կրթության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունների շենքերը վաճառվեցին: Երեքը միասին՝ ընդամենը 2 մլն դոլարով: Պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանը համաձայն չէ, թե մինչ անշարժ գույքի շուկան թափ է առնում՝ գները բարձրացնելով, պետական սեփականությունը հանդիսացող գույքը էժան է վաճառվում:

«Այսօրվա շուկայական գներից այս գնահատումները 30-40 տոկոսով բարձր են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մելքումյանը: - «Դրանք վաճառվել են քառակուսի մետրը 200 դոլարով: Վերջին 5-6 տարիների լավագույն գործարքն է սա»:

Ի պատասխան փաստարկի, թե Կիեւյան փողոցի ոչ բանուկ հատվածում առանձնատունը վաճառվում է 1,5 մլն դոլարով, փոխնախարարը ասաց. - «Համեմատում ենք պետական գույքի հետ: Եվ վերցնում ենք հիմք այդ գնահատողների թվերը»:

Շուկայի համար,սակայն, պետք է որ միեւնույնը լինի վաճառողը մասնավո՞ր անձ է, թե՞ պետությունը: Մելքումյանը համաձայնեց այս փաստարկին՝ ասելով. - «Շատ ճիշտ եք ասում: Մենք հայտարարություն ենք տալիս եւ ստանում ենք առաջարկներ: Հիմա թող այդ 1,5 կամ 3 միլիոնով գնորդը հայտնվեր»:

Փոխնախարարը պարզաբանեց, թե փոքր տարածք վաճառելիս գինը թանկ է լինում, իսկ 10 հազար քառակուսի մետրը (3 նախարարությունների շենքերի ընդհանուր տարածքը) էժանանում է՝ մեծածախ առեւտրի տրամաբանությամբ:

«Մեկ գրիչը եւ մի միլիոն հատ գրիչը նույն գնով են վաճառվում», - զուգահեռ անցկացրեց Մելքումյանը՝ խուսափելով հիմնավորել, թե ինչու չէր կարելի առանձին-առանձին վաճառել նախարարությունների շենքերը:

Կառույցների վաճառքի մասին որոշումը ընդունած կառավարության նիստը մայիսի 30-ին վարել էր նախագահ Քոչարյանը: Ընդ որում, կառավարության նիստի այս որոշման մասին կառավարության լրատվական ծառայությունը չէր հաղորդել:

Մեկ տարուց նախարարությունները պետք է տեղափոխվեն կառավարության թիվ 3 շենքը, որը կիսակառույց վիճակում է: Այն պետք է կառուցի եւ վերանորոգի նախարարությունների շենքերը ձեռք բերած ընկերությունը:

Պատասխանելով հայտարարված մրցույթին վերաբերող հարցին, պետական գույքի կառավարման փոխնախարարը ասաց. - «Կառավարական թիվ երեք շենքի անավարտ շինության մասին: Երբ մենք դա հրապարակեցինք մամուլում, դրա հետ կապված առաջարկ անողների հետ բավականին բանակցեցինք: Եվ հենց դրա հետ կապված էր, որ ի հայտ եկավ այս երեք շենքերի խնդիրը»:

Հայտարարության մեջ նշված չի եղել երեք նախարարությունների շենքերի մասին: Մրցույթի էր հանված 10 տարի կիսակառույց մնացած մի շենք, որի մեջ արդեն ծառ է աճել: Գնորդները այն գնահատել են 200 հազարից ոչ ավելի:

Նպատակը նախարարությունները վարչական գոտու ներսում տեղավորելն է: Այս գործարքից պետական բյուջեն ստանում է ընդամենը 334 հազար դոլար՝ որպես ավելացված արժեքի հարկ: Մնացած գումարը պահվելու է Կենտրոնական բանկում, եւ այդ գումարից 1 մլն 600 հազարով կիսակառույցը ավարտուն տեսք է ստանալու:

Երեք շենքերը այլեւս «Միջազգային բիզնես կենտրոն» կոչվող փակ բաժնետիրական ընկերությունն են պատկանում, որը, փոխնախարարի խոսքերով, ներկայացնում է ռուսական կապիտալը, բայց գործարարները հայեր են:

«Հայաստանի տնտեսության քաջածանոթ մարդիկ են: Մեր նախարարության համար դրանք բացառիկ վստահելի գործընկերներին էին, որովհետեւ արդեն 3-4 դրվագով առնչվել էինք նրանց հետ», - ասաց Մելքումյանը: - «Դա «Ալմաստ» գործարանի հիմնական բաժնետերն է, Ապարանի «Արագած» ձեռնարկության բաժնետերը եւ Դավիթաշենի հսկա «Արաքս» գործարանի բաժնետերը»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG