Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանը նշում է Թուրքիայի դերը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներում


Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում վաղը կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին գլխավորում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը վաղը առավոտյան հանդիպում է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմի հետ:

Անցած շաբաթավերջին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների ներկայացուցիչները գաղտնի հանդիպում էին ունեցել Երեւանում՝ նախապատրաստելով Օսկանյան - Ջեմ երկրորդ հանդիպումը: Առաջին անգամ նախարարները հանդիպել էին անցած ամիս Ռեյկյավիկում՝ ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի օրերին: Իսմայիլ Ջեմը վերջերս կրկին անդրադարձել էր այդ հանդիպմանը՝ ասելով, թե այն գերազանցել էր իր սպասելիքները:

Ստամբուլ մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը լրագրողներին ասել է, թե Հայաստանի որեւէ ներկայացուցչի հետ Թուրքիայի մայրաքաղաքում չի հանդիպելու:

Իսկ Վարդան Օսկանյանը Ստամբուլ ժամանելուն պես թուրք լրագրողներին ասաց, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա են բազմաթիվ խոչընդոտներ, որոնց հաղթահարելու փորձ ձեռնարկելն է իր եւ իր թուրք գործընկերոջ հանդիպումների նպատակը:

Ի պատասխան թուրք լրագրողներից մեկի՝ Լաչինի եւ Մեղրիի միջանցքների փոխանակման մասին հարցի, որը, թուրք լրագրողի կարծիքով, առաջընթաց կհանդիսանա բանակցային գործընթացում՝ հնարավորություն տալով անդրադառնալ նաեւ այլ հարցերի, Օսկանյանը ասաց, որ բանակցություններում փորձ է արվում փաթեթային լուծում գտնել, եւ «պետք է չէ առանձնացնել ինչ-որ կետեր»:

«Մենք պետք է ամբողջական լուծում գտնենք», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությունը վերաբերող հարցին, Վարդան Օսկանյանը ասաց, որ Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է դերակատարություն ունենա տարածաշրջանային անվտանգության խնդիրներում, եւ Իսմայիլ Ջեմի հետ հանդիպման ժամանակ, ինչպես եւ մայիսին Ռեյկյավիկում, քննարկվելու են առաջին հերթին հենց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ:

Վարդան Օսկանյանը օրվա երկրորդ կեսին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը չկամեցավ մեկնաբանել Հեյդար Ալիեւի հայտարարությունը՝ Լաչինի եւ Մեղրիի միջանցքների փոխանակման շուրջ: Գրիբկովի խոսքերով, դրանք «նուրբ հարցեր են»:

Նիկոլայ Գրիբկովը ասաց նաեւ, որ երկու նախագահները ամեն ինչ անում են՝ հարցի շուտափույթ կարգավորման համար:

Ինչ վերաբերում է նախագահների հետ առանձին հանդիպումներին, ապա, ըստ ռուսաստանցի համանախագահի, դա իրենց պրակտիկայում նորություն չէ, նման հանդիպումներ էլի են եղել: Ստամբուլում համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, իսկ մի քանի օրից Տալլինում՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG